- Գլխավոր
- Նորություններ
- «STARTUP BOOST WEEKEND II». ՍՏԱՐՏԱՓՆԵՐԻ ԱՌՕՐՅԱ ԿՅԱՆՔԸ` 54 ԺԱՄՈՒՄ
Սեպտեմբեր 18, 2018 | 10:56
Հասարակություն
«STARTUP BOOST WEEKEND II». ՍՏԱՐՏԱՓՆԵՐԻ ԱՌՕՐՅԱ ԿՅԱՆՔԸ` 54 ԺԱՄՈՒՄ
Սեպտեմբերի 14-16-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում հավաքվել էին փոփոխություններ կատարելու պատրաստ ուսանողները, ովքեր հնարավորություն ունեցան հանդիպելու փորձառու մենթորների, ձեռներեցների և ներդրողների հետ:
«Startup Boost Weekend II» ծրագրի հաղթող ճանաչվեց «Render Chain System (RCS)» թիմը՝ ստանալով Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի ծրագրին մասնակցություն, հետաքրքիր գրքերի փաթեթ և 600 ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհ: Երկրորդ տեղը զբաղեցրեց «Creatr» թիմը՝ շահելով գրքերի փաթեթ և 400 ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհ: Երրորդ տեղ զբաղեցրած «Internet of Cows (IOC)» թիմը ստացավ հետաքրքիր գրքերի փաթեթ:
Մրցույթին մասնակցելու համար պարտադիր էր լինել ուսանող և չունենալ հստակ պրոդուկտ: «Startup Boost Weekend II»-ի ընթացքում մասնակիցները դասախոսությունների, փորձառու մենթորների հետ քննարկումների և ստեղծարար միջավայրի շնորհիվ սովորեցին զարգացնել և «վաճառել» իրենց գաղափարները:
Ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանոն, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հակոբ Ավագյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Հակոբ Արշակյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի և ԵՄ-ն՝ բիզնեսի համար նախաձեռնության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի ներկայացուցիչները։
Միջոցառմանը մասնակցում էին ուսանողներ ոչ միայն մայրաքաղաքից, այլև Գյումրիից, Վանաձորից, Գավառից:
Այս տարի համագործակցում էին չորս համալսարաններ, որոնցից մեկը Երևանի պետական համալսարանն էր: ԵՊՀ ձեռներեցության զարգացման կենտրոնը նախ համալսարանում կազմակերպել էր միջոցառման տեղեկատվական հանդիպումը, հետո աջակցել էր ԵՊՀ ուսանողների մասնակցությունն այս ծրագրին:
ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, կարևորելով ուսանողների ստարտափ նախաձեռնությունները, միջոցառման արդյունքների ամփոփման ժամանակ նշեց. «Միջոցառման միջբուհական և ինտենսիվ, 54-ժամյա աշխատանքի ֆորմատը բավականին արդյունավետ է և խիստ նպաստում է սեղմ ժամկետներում առավելագույն արդյունքի ձեռքբերմանը, կարծում եմ՝ մենք մեր գործունեության ընթացքում այս ձևաչափին դեռ կանդրադառնանք»:
«Startup Boost Weekend II»-ի մասնակից ուսանողները երեք օրերի ընթացքում ձևավորվեցին թիմեր, զարգացրեցին իրենց բիզնես մոդելները, պատրաստեցին ներդրումային շնորհանդեսներ: Ծրագրի ավարտին թիմերը ձեռներեցներին ներկայացրեցին 4 րոպե տևողությամբ շնորհանդեսները:
Հիշեցնենք, որ «Startup Boost Weekend II»-ը կազմակերպվում է «Քաթըլիսթ» բարձր տեխնոլոգիաների և ձեռներեցության զարգացման հիմնադրամի և «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի աջակցությամբ: