- Գլխավոր
- Նորություններ
- ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ, ԿԻՆՈԴԻՏՈՒՄՆԵՐ. Ա. ԳԱԼՍՏՅԱՆՆ ԱՄՓՈՓՈՒՄ Է ԵՊՀ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ
Օգոստոս 31, 2018 | 16:23
Կրթություն
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ, ԿԻՆՈԴԻՏՈՒՄՆԵՐ. Ա. ԳԱԼՍՏՅԱՆՆ ԱՄՓՈՓՈՒՄ Է ԵՊՀ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ
Այս տարի ամռանը ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչությունը Հայ բանասիրության և Պատմության ֆակուլտետների հետ Ծաղկաձորում կազմակերպել էր ամառային դպրոց:
Ութօրյա ամառային դպրոցին մասնակցում էր հանրապետության շուրջ 20 դպրոցների ավարտական դասարանների 45 աշակերտ։ Ծրագիրն իրականացվել է Մինչհամալսարանական կրթության վարչության պետ Վաչագան Գալստյանի անմիջական և գործուն ղեկավարությամբ:
Ամառային դպրոցի մասին զրուցեցինք Մինչհամալսարանական կրթության վարչության նախապատրաստական դասընթացների բաժնի վարիչ Ա. Գալստյանի հետ:
- Պարո՛ն Գալստյան, ի՞նչ ծրագրով էր ընթանում ԵՊՀ ամառային դպրոցը:
- Ծրագիրը բաղկացած էր երկու կրթամասից՝ դասախոսություններ, որոնք հանրակրթական բլոկից են, բայց ընդլայնում ու խորացնում են աշակերտների գիտելիքները, իսկ երկրորդ մասը ենթադրում էր կինոդիտումներ, բաց դասեր, բանավեճ-քննարկումներ, էքսկուրսիաներ ու ճանաչողական այցեր: Այցելություններ եղան Օրբելիների տուն-թանգարան, Ծաղկաձորի ճոպանուղի, քաղաքային այգի, Կեչառիսի վանական համալիր: Կար նաև ճամբարին բնորոշ խարույկ, որն առանձնահատուկ սիրեցին աշակերտները:
Այդ օրերի ընթացքում աշակերտների հետ աշխատեցին ԵՊՀ հայ բանասիրության և պատմության ֆակուլտետների դասախոսներ Ա. Գալստյանը, Ա. Սարգսյանը, Ալ. Սեմիրջյանը, Ն. Վարդանյանը, Է. Զոհրաբյանը, Լ. Մկրտչյանը, ասիստենտներ Տ. Ղանալանյանը, Մ. Մալխասյանը, դասախոսներ Գ. Մուրադյանը և Մ. Ղազարյանը: Կազմակերպչական աշխատանքներին գործուն մասնակցություն ունեցան Մինչհամալսարանական կրթության վարչության աշխատակիցներ Ս. Աբրահամյանը և Ք. Հարությունյանը:
- Ի՞նչ դասախոսություններ լսեցին աշակերտները:
-Դասախոսությունները հայոց լեզվի, հայ և համաշխարհային գրականության, արվեստի, հայոց և հարևան երկրների պատմության, կոնֆլիկտների տեսակների ու դրանց հաղթահարման ուղիների շուրջ էին: Ակնարկային դասախոսություններով հանդես եկան նաև Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ա. Ավագյանը, դոցենտներ Ա. Բեքմեզյանը և Ս. Սրապիոնյանը:
Ընդգծեմ նաև, որ հատուկ ուշադրություն էր դարձված ԵՊՀ-ի, ֆակուլտետների ու մասնագիտությունների վերաբերյալ տեղեկության տարածմանը:
- Ըստ Ձեզ՝ ի՞նչն ամենաշատը գրավեց աշակերտներին:
- Այս տարի մենք փորձեցինք փոխել դասերի ձևաչափը: Աշակերտներին նախապես երեկոյան տրամադրվում էր հաջորդ օրվա նյութը, և նրանք արդեն տեղեկացված էին ներկայանում դասախոսությանը: Սա հնարավորություն տվեց քննարկումներ ու երկխոսություններ ծավալել, ինչը, կարծում եմ, ավելացրեց աշակերտների հետաքրքրվածությունը և ընդհանուր արդյունավետությունը:
- Ի՞նչ եք կարծում, այս տարվա ծրագիրը հաջողվե՞ց:
-Ծրագրի հաջողության մասին են խոսում աշակերտների արձագանքները:
Ներկայացնում ենք մասնակից աշակերտների տպավորությունները ԵՊՀ ամառային դպրոցի վերաբերյալ.
«Խոսելով գրականության ամենատարբեր ու ամենագրավիչ թեմաներից՝ մեր դասախոսներն օգնեցին մեզ բացահայտելու հայ և համաշխարհային գրականության կարևոր գաղտնիքները և յուրովի ընկալելու աշխարհը: Այդ ամենի հետ միասին փորձեցինք մեր լեզուն ճիշտ օգտագործել և գեղեցիկ խոսք ունենալ»։
Մկրտչյան Անդրիանա
Երևանի «Հերացի» ավագ դպրոցի աշակերտուհի
«Այս 8 օրվա ընթացքում ձեռք բերեցինք նորանոր գիտելիքներ, ինչպես նաև այնպիսի ընկերներ, որոնց արդեն հասցրել ենք կարոտել։ Դասախոսները կազմակերպել էին հետաքրքիր դասեր, բանավեճեր, խաղեր, իսկ մեր ճամբարն ավարտեցինք խարույկով և հրաշալի տպավորություններով։ Բոլոր աշակերտների անունից ուզում եմ շնորհակալություն հայտել ԵՊՀ-ին մեզ նման հնարավորություն ընձեռելու համար»:
Հմայակ Ոսկանյան
Մ․Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցի աշակերտ
«Ամառային դպրոցը մեծ տպավորություն թողեց ինձ վրա։ Ես այստեղ ձեռք բերեցի նոր գիտելիքներ, որոնք կարող եմ գործածել իմ հետագա գործունեության ընթացքում։ Ամառային դպրոցն ինձ տվեց այն, ինչի մասին երազել կարելի է՝ մարդկային իրական շփում, նոր ընկերներ, որոնք իրենց գիտելիքներով հավասարը չունեն մեր հասակակիցների մեջ։ Ես չէի մտածում ժամանակի մասին, որն այդքան կարճ էր, այլ փորձում էի որսալ ամեն ակնթարթ, որ անցկացնում էի իմ ընկերների հետ։ Ես այստեղ չէի զգում ընտանիքիս կարոտը, քանի որ միջավայրը շատ ջերմ էր և անմիջական։ Ես հեռանում եմ՝ նորից հանդիպելու ակնկալիքով»:
Շողեր Ստեփանյան
«Օլիմպոս» կրթահամալիր
«Ութ անմոռանալի օրեր, ու շնորհակալությունների մեծ շարք է պետք այդ ութ օրերն ամփոփելու համար: Առաջին անգամ էի ուսումնական ճամբարում: Սպասելիքները տարբեր էին, բայց իրականությունն ուղղակի գերազանցեց: Իսկ դասախոսները …., մեծ, շատ մեծ ու պինդ շնորհակալություններ բոլոր դասախոսներին, ովքեր անընդհատ մեզ հետ էին այդ մի քանի օրերի ընթացքում: Դասախոսությունները երբեք չեմ մոռանա: Մենք այնտեղից շատ բան բերեցինք մեզ հետ տուն ու շատ բան ենք մեզ հետ տանելու դեպի մեծ կյանք»:
Էլեն Եղիազարյան
190 ավագ դպրոցի աշակերտուհի