- Գլխավոր
- Նորություններ
- 19-ՐԴ ԴԱՐԻ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԻ ԱՐԽԻՎՆԵՐԻ ՎԵՐԾԱՆՈՒՄԸ՝ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ ՀԱՍԿԱՆԱԼՈՒ ՀԻՄՔ
Ապրիլ 18, 2019 | 16:37
Քաղաքականություն
Գիտություն
19-ՐԴ ԴԱՐԻ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԻ ԱՐԽԻՎՆԵՐԻ ՎԵՐԾԱՆՈՒՄԸ՝ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ ՀԱՍԿԱՆԱԼՈՒ ՀԻՄՔ
ԵՊՀ Հովհաննես Ադամյան սրահում Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի նախաձեռնությամբ այսօր ներկայացվեց «19-րդ դարի պատրիարքարանի արխիվները և օսմանահայ կանայք» հետազոտությունը:
Հանդիպմանը ներկա էին ուսանողներ և դասախոսներ ԵՊՀ տարբեր ֆակուլտետներից, ինչպես նաև ներկայացուցիչներ մի շարք կազմակերպություններից:
Բանախոսը Մյունխենի Լյուդվիգ Մաքսիմիլիան համալսարանի Մերձավոր և Միջին Արևելքի ուսումնասիրությունների ինստիտուտի հետազոտող դասախոս և դոկտոր, պրոֆեսոր Թալին Սուճյանն էր:
Նա նաև «Հայերը ժամանակակից Թուրքիայում. հետցեղասպանական հասարակություն» հանրաճանաչ գրքի հեղինակն է և պատրաստվում է հրատարակել իր երկրորդ գիրքը:
Թալին Սուճյանը Հայաստանում է կարճատև այցով, որի շրջանակում մի քանի հանրային դասախոսություններ է կարդացել հայ հանրության համար, իսկ այսօր հյուրընկալվել էր ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնում:
Հանդիպման ընթացքում բանախոսը խոսեց պատրիարքարանի արխիվների հիման վրա իր հետազոտության մասին և անդրադարձավ օսմանահայ կանանց խնդիրներին:
Ըստ Թալին Սուճյանի՝ հետազոտությունը նվիրված է 19-րդ դարի հայ պատրիարքարանի արխիվների ուսումնասիրությանը: Այս արխիվները պատկանում են մոտավորապես 1860-ականների վերջերին, իսկ դրանցում տեղ գտած տեղեկատվությունն անգնահատելի է հայոց պատմության համար: Փորձ է արվել արխիվներից վերծանել և դուրս բերել հատկապես կանանց հարցաքննությունների մանրամասները:
«Արխիվներում տեղ գտած տեղեկատվության համաձայն՝ 1869 թվականի փետրվարին մի շարք հայ կանայք և տղամարդիկ ենթարկվել են հարցաքննությունների Ջարշամբայի շրջանում կամ գյուղում (Թուրքիա) հայկական պատրիարքարանի կողմից: Այս հարցաքննություններն ուղղված են եղել պարզելու այն կանանց և տղամարդկանց վիճակը կամ կեցությունը, որոնք ամուսնալուծվել կամ ամուսնացել են երկրորդ անգամ (ինչն այդ ժամանակաշրջանի և տեղանքի համար կապված է եղել բավական բարդ իրավական, վարչական, մշակութային և կրոնական ասպեկտների հետ)»,- ասաց բանախոսը:
Նրա հավաստմամբ, Ջարշամբայի հարցաքննությունների արխիվները դուրս են բերում պատմական բեկումնային և շատ կարևոր դրվագներ, որոնք չափազանց կարևոր են հայոց պատմությունն ու արդարադատության տարբեր ասպեկտներ հասկանալու և ուսումնասիրելու համար (հատկապես գյուղական բնակավայրերում):
Հանդիպման վերջում Թալին Սուճյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին, ինչպես նաև Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի ներկայացուցիչներին հրավերքի և բազմաբովանդակ հանդիպում-դասախոսություն կազմակերպելու համար:
Մարինա Առաքելյան