- Գլխավոր
- Նորություններ
- «FAKE NEWS»-Ը ՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ Է ԿՐԹՈՒԹՅԱՄԲ. ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
Հոկտեմբեր 22, 2019 | 13:48
«FAKE NEWS»-Ը ՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ Է ԿՐԹՈՒԹՅԱՄԲ. ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
Ծարավ Աղբյուրի 55/5 հասցեում գտնվող ԵՊՀ Գուրգեն Ասատուրյանի անվան հանրակացարանի մասնաշենքում այսօր տեղի է ունեցել գիտագործնական միջազգային սեմինար` «Teaching critical digital literacy: Concepts and tools for education professionals» (Թվային քննադատական գրագիտության ուսուցանում. հասկացություններ և գործիքներ կրթության մասնագետների համար) թեմայով, որը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 25-ը:
Գիտագործնական սեմինարը կազմակերպել են ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետը և Գերմանիայի Կայզերսլաուտերնի տեխնիկական համալսարանը:
Միջազգային սեմինարին մասնակցում էին Գերմանիայի, Ուկրաինայի, Վրաստանի և Հայաստանի ներկայացուցիչները:
Սեմինարը վարում էր Սոցիոլոգիայի ֆակուլտետի ասպիրանտ Անահիտ Հակոբյանը:
Նրա խոսքով, սոցիալական մեդիայի ժամանակաշրջանում յուրաքանչյուրը կարող է դառնալ մեդիա հարթակ և տեղեկատվություն տարածել:
«Մեր ժամանակներում սոցիալական մեդիայի բովանդակությունը երկրորդական է դարձել,- նշեց Անահիտ Հակոբյանը,- ավելի կարևոր է այն արագությունը, որով նյութը տարածվում է մեդիայում»:
Անահիտ Հակոբյանը սեմինարի մասնակիցներին ներկայացրեց նաև լսարանի մասնակցության դերը մեդիաբովանդակության ստեղծման գործընթացում:
«Իհարկե, լսարանը նույնպես մասնակցում է նորությունների ստեղծման գործընթացին՝ նյութն ակտիվորեն հավանելով և տարածելով,- ասաց Սոցիոլոգիայի ֆակուլտետի ասպիրանտը,- այդ ուշադրությունն ու արձագանքը կարևոր են, քանի որ շատ դիտումները գովազդ է բերում»:
Անահիտ Հակոբյանն անդրադարձավ նաև այն տնտեսական գործոններին, որոնք ազդում են կեղծ լուրերի տարածման վրա, որի վառ օրինակն ԱՄՆ-ում տեղի ունեցած նախագահական ընտրություններն էին, որի ընթացքում մեծ քանակությամբ կեղծ նորություններ էին տարածվում թեկնածուների մասին:
«Այդ ժամանակ պարզվեց, որ կեղծ նորություններ տարածող կայքերը ստեղծվել էին Մակեդոնիայի մի փոքրիկ քաղաքում՝ դեռահասների կողմից, որոնք առանձնապես հետաքրքրված չէին քաղաքականությամբ, պարզապես ցանկացել էին լավ գումար վաստակել»,-պարզաբանեց Անահիտ Հակոբյանը:
Նրա հավաստմամբ, սոցիալական մեդիայի ալգորիթմներն են որոշում, թե օգտատերն ինչպիսի մեդիաբովանդակություն պետք է սպառի, նույնիսկ եթե մեզ թվում է, թե մեդիաբովանդակության ընտրողը մենք՝ օգտատերերս ենք:
«Սոցիալական մեդիան հիանալի հարթակ է սեփական ինքնությունը ներկայացնելու համար,-նշեց նա,- երբ մենք նորություն ենք տարածում, դրանով ցույց ենք տալիս մեր ինքնությունը և այն սոցիալական խումբը, որին պատկանում ենք»:
Կեղծ նորությունների դեմ պայքարի տարբեր միջոցներ են նախաձեռնվել աշխարհի շատ երկրներում՝ Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Չեխիա:
«Բայց շատ դեպքերում խնդիրը լուծում չի ստանում, որովհետև նժարի մի կողմում խոսքի ազատությունն է, մյուս կողմում՝ փաստերի ստուգումն ու տարածումը»,- ավելացրեց ասպիրանտը:
Ըստ բանախոսի՝ կեղծ նորությունների դեմ պետք է պայքարել գիտելիքով:
«Առանց համապատասխան գիտելիքի ոչ մի փաստ, ստուգող գործիք չի աշխատի»,- եզրափակելով խոսքը՝ ասաց Անահիտ Հակոբյանը: