- Գլխավոր
- Նորություններ
- «ՅՈՀԱՆՆԵՍ ԼԵՓՍԻՈՒՍԻ ԿԱՏԱՐՍԻՍԸ 1915 ԹՎԱԿԱՆԻ ԱՄՌԱՆԸ». «LEPSIUSHAUS»-Ի ՏՆՕՐԵՆ ՌՈԼՖ ՀՈՍՖԵԼԴԸ ԶԵԿՈՒՑՈՒՄ ԿԱՐԴԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
Մայիս 06, 2019 | 13:40
Գիտություն
«ՅՈՀԱՆՆԵՍ ԼԵՓՍԻՈՒՍԻ ԿԱՏԱՐՍԻՍԸ 1915 ԹՎԱԿԱՆԻ ԱՄՌԱՆԸ». «LEPSIUSHAUS»-Ի ՏՆՕՐԵՆ ՌՈԼՖ ՀՈՍՖԵԼԴԸ ԶԵԿՈՒՑՈՒՄ ԿԱՐԴԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր զեկուցում ներկայացրեց «Lepsiushaus»-ի՝ Պոտսդամում Լեփսիուսի տուն-թանգարանի տնօրեն Ռոլֆ Հոսֆելդը «The Katharsis of Johannes Lepsius in Summer 1915» թեմայով:
Միջոցառմանը ներկա էին Յոհաննես Լեփսիուսի թոռ Մանֆրեդ Աշեկը, ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Մենուա Սողոմոնյանը, Գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Արսեն Բաբաջանյանը, գիտական քարտուղար Լևոն Հովսեփյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայրունին, Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ցեղասպանագիտության բաժնի վարիչ, պատմ. գիտ. թեկնածու Սուրեն Մանուկյանը, դասախոսներ և ուսանողներ ԵՊՀ մի շարք ֆակուլտետներից:
Ներկաներին ողջունեց Մենուա Սողոմոնյանը՝ ներկայացնելով հյուրերի գործունեության կարևորությունը:
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայրունին ողջունեց ներկաներին. «Պարոն Հոսֆելդի դասախոսությունը վերաբերելու է 1915 թվականի ամռանն ի նպաստ հայերի Լեփսիուսի գործադրած ջանքերի լուսաբանմանը: Նա անդրադառնալու է մի շարք հետաքրքիր հարցերի: Թեման շատ կարևոր ու արդիական է»:
«Lepsiushaus»-ի տնօրեն Ռոլֆ Հոսֆելդն իր զեկուցման մեջ անդրադարձավ Լեփսիուսի գործունեությանը՝ սկսած համիդյան կոտորածների ժամանակներից: Նա խոսեց նաև Հայոց ցեղասպանության ժամանակ նրա ակտիվ աշխատանքի, արխիվներից գերմանական փաստաթղթերը հանելու և հրատարակելու մասին, ինչպես նաև անդրադարձավ գերմանական հասարակությանը Հայոց ցեղասպանության մասին իրազեկելու Լեփսիուսի ջանքերին:
Ելույթից հետո Մենուա Սողոմոնյանը շնորհակալություն հայտնեց զեկուցման համար՝ շեշտելով դրա կարևորությունը:
Մանֆրեդ Աշեկը, ուրախություն հայտնելով ուսանողներին հանդիպելու հնարավորության համար, նշեց, որ օրը խորհրդանշական է՝ այսօր Երևանում Լեփսիուսի անվան պուրակ է բացվում: Նա վերհիշեց իր առաջին այցը Հայաստան, որը 1989 թվականին էր:
Մանֆրեդ Աշեկը խոսեց նաև Յոհաննես Լեփսիուսի գործունեության մասին, որի շնորհիվ արձանագրվեցին թուրքական ոճրագործությունները: Նա նշեց, որ Լեփսիուսի հրատարակումների արժեքայնությունը ոչ միայն փաստերի արձանագրման, այլ նաև խորքային վերլուծության մեջ է:
Աշոտ Հայրունին ներկայացրեց Լեփսիուսի աղջկա հուշերը հոր գործունեության մասին: 1916 թ. տպագրված «Տեղեկագիր հայ ժողովրդի կացության մասին Թուրքիայում» երկը պետք էր շատ արագ տարածել, քանի դեռ գրաքննությունը չէր արգելել այն, և հայրը պատվիրում է աղջկան դրանք արագ տարածել քաղաքի փոստարկղերում:
Ուսանողները հնարավորություն ունեցան իրենց հարցերը հղելու Մանֆրեդ Աշեկին և Ռոլֆ Հոսֆելդին:
Մարի Ռաֆյան