- Գլխավոր
- Նորություններ
- «ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՋ ԳՈՅԻ ԻՄԱՍՏԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԵՐԸ…». ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ
Հոկտեմբեր 18, 2019 | 18:41
Հասարակություն
«ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՋ ԳՈՅԻ ԻՄԱՍՏԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԵՐԸ…». ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել Սահմանադրական ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի մենագրության շնորհանդեսը:
«Ժամանակի մեջ գոյի իմաստավորման դասերը…» վերտառությամբ ժողովածուն Գագիկ Հարությունյանի մտորումների, վերլուծությունների և գնահատանքի խոսքերի ընտրանին է, որի նպատակն է հետագա սերունդներին փոխանցել ժամանակի մեջ գոյի իմաստավորման պատառիկներ:
Շնորհանդեսի արարողությանը, որին ներկա էին ԵՊՀ տարբեր ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմի և հայաստանյան իրավական տարբեր կառույցների ներկայացուցիչներ, մտավորականներ ու հյուրեր, Գագիկ Հարությունյանը փաստեց, որ միջոցառման անցկացման տեղը պատահական չէ ընտրվել:
«47 տարի առաջ այս սրահում պաշտպանել եմ թեկնածուական իմ ատենախոսությունը: Շատ ուրախ եմ, որ այսքան տարիներ անց ժամանակի իմաստավորման և ամփոփման վերաբերյալ ժողովածուի ներկայացումն այստեղ է տեղի ունենում»,- նշեց Գագիկ Հարությունյանը:
Հեղինակի հավաստմամբ, ժողովածուն յուրատեսակ է, քանի որ այն չի համախմբել ինչ-որ աշխատանքներ, այլև լուծել է որոշակի խնդիր՝ նպատակ ունենալով արժեբանական ընդհանրացումների տեսանկյունից որոշակի անդրադարձ կատարել անցած տարիներին:
Գագիկ Հարությունյանի փոխանցմամբ, ներկայացվող արժեբանական ընդհանրացումները կարևոր են ոչ միայն ինքնության որակների բացահայտման և շարունակության երաշխավորման առումով, այլև կարող են դառնալ ինքնաճանաչման բանալի՝ իմաստնացած երջանկություն փնտրողների համար:
Ժողովածուն բաղկացած է երեք բաժնից: «Խոսք երախտիքի» վերտառությամբ առաջին բաժինը, հեղինակի փոխանցմամբ, ներառում է առանձին անհատների կյանքի ու գործի արժևորման օրինակներ: Երկրորդ՝ «Մամուլ, հարցազրույցներ, հրապարակախոսական նյութեր» բաժնում զետեղված են հեղինակի հարցազրույցներից և ելույթներից մի քանիսը, որոնցում առկա են ժամանակի արժեբանական ընդհանրացումներ: Երրորդ բաժինը, որը կրում է «Մտորումներ, նկատառումներ, վերլուծական» խորագիրը, ներկայացնում է հեղինակի՝ հանրային կյանքի սահմանադրագիտական-արժեբանական մի շարք վերլուծությունները և մտորումները:
Ժողովածուի շնորհանդեսին ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանը, որը նաև Քաղաքացիական դատավարության ամբիոնի դոցենտ Սերգեյ Մեղրյանի հետ խմբագրել է ժողովածուն, փաստեց, որ սա այն աշխատություններից է, որտեղ ներկայացվում են արժեքներ և բացատրվում են երևույթների էություններ:
«Աշխատությունը ներկայացնում է ոչ թե կոնկրետ իրավիճակային երևույթ, այլև պատկերացում է տալիս ամբողջական և երկարատև պատմական ժամանակաշրջանի վերաբերյալ, ինչի շնորհիվ աշխատանքը ձեռք է բերում հարատևության արժեք: Բացի դրանից՝ այն կարևոր է, քանի որ այստեղ ներկայացված են արժեքներ և ընկալված է երևույթների խորքը»,- ասաց Անահիտ Մանասյանը:
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը հիշեց, որ կես տարի առաջ Սանկտ Պետերբուրգում ներկա է եղել սահմանադրականության հիմնահարցերի վերաբերյալ խորհրդաժողովի, որտեղ բոլորը մոտեցել են իրեն և խնդրել ջերմ ողջույններ փոխանցել Գագիկ Հարությունյանին, ինչը փաստում է վերջինիս՝ որպես գիտնականի ճանաչված և սիրված լինելու մասին:
ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը, շնորհավորելով հեղինակին, նշեց, որ աշխատությունն իրավիճակային ստեղծագործություն չէ, այն լոկ պատմական փոքր, թեկուզ անչափ ճակատագրական փուլի անդրադարձ չէ:
«Այս ստեղծագործության ընթերցանությունը սկսելիս առաջին տպավորությունս եղել է այն, որ սա սթափ մտածումների արգասիք է: Գիրքն ավարտելիս ևս մնում եմ այդ համոզմանը: Ինքներդ էլ կհամոզվեք, որ այս դեպքում պարզապես գոյություն չունի այս կամ այն շրջանում մարդկանց կողմից չհասկացվածության արդյունքում առաջացած նեղացվածության նշույլ անգամ: Գրքի առաքելությունը վեր է մարդկային այդ բոլոր թուլություններից»,- իր խոսքում ասաց Գևորգ Դանիելյանը:
Քաղաքական գործիչ Արտակ Զեյնալյանն էլ իր խոսքում փաստեց, որ ժողովածուի մեջ զետեղված է մեր երկրի երջանիկ և անվտանգ ապագայի գաղափարին անմնացորդ նվիրված հեղինակի մտորումների, վերլուծությունների, գնահատանքի խոսքի ընտրանին:
«Ժողովածուն արժանահիշատակ շատ երևելիների վաստակի ծիրանին ուսած անհատականությունների, նրանց կյանքի ու գործի արժևորման մասին է՝ պատեհ առիթներով հղված գնահատանքի խոսքերի միջոցով, նրանց հետ մտերիմ եղած լինելու իրավունքով: Ժողովածուն իրավունքի, պետական ու հանրային շահի ընկալման ալգորիթմի, բանաձևի, այբուբենի մասին է»,- փաստեց Արտակ Զեյնալյանը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոսյանն իր ելույթի ընթացքում հիշեց, որ նախկինում աշխատանքի բերումով շատ է հանդիպել Գագիկ Հարությունյանի հետ, տարբեր հարցեր քննարկել նրա հետ. «Ես մեծ սիրով կընթերցեմ գիրքը, և այն արժեհամակարգը, որ ի սկզբանե դրված է գրքի շարադրման հիմքում, կօգնի արժևորելու շատ երևույթներ, ինչպես նաև հեղինակի գաղափարների միջոցով ընկալելու և գնահատելու երևույթներ, որոնց մենք բախվել ենք և դեռ կբախվենք ապագայում»:
Մայր Աթոռի դիվանապետ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը նախևառաջ իր ուրախությունը հայտնեց, որ չնայած տեղեկատվական տեխնոլոգիաների տարածվածությանը՝ գիրքը չի կորցնում իր արժեքը, որի նկատմամբ սերը և պաշտամունքն առկա են այսօրվա միջոցառմանը:
«Այս գրքում զետեղված մտորումները, դիտարկումները պատմություն են: Պատմություն մի կյանքի, որը կոնկրետ նպատակադրումներ ունի իր առջև: Եթե չկա նպատակ, չկա նաև կյանք: Մեր կյանքն իմաստավորվում է այն նպատակով, որը գերազանցապես այս աշխարհից դուրս է գտնվում: Այն չափվում է վաստակով, աշխատանքով, ներդրմամբ, և այս գրքի մեջ ամփոփված են այդ աշխատանքը, այդ վաստակը, որոնց հետ միասին աշխատությունը նաև հետաքրքիր փորձառություն է դառնում սերունդների համար»,- ասաց Մայր Աթոռի դիվանապետ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:
Պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ Արթուր Վաղարշյանը, շնորհավորելով հեղինակին և կարևորելով աշխատությունը, հույս հայտնեց, որ գիրքը կարևոր սկզբունքային նշանակություն կունենա հանրապետության քաղաքական և հատկապես իրավական գիտության պատմությունը ներկայացնելիս. «Եթե ներկա սերունդը զգուշավոր կամ անտարբեր լինի գրվածքների հանդեպ, համոզված եղեք, որ գալու է մի սերունդ, որն այս աշխատությունը շատ ավելի է գնահատելու, քան մենք այսօր կարող ենք»:
ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանն էլ իր ելույթում հիշեց, թե իրեն ինչքան են օգնել Գագիկ Հարությունյանի աշխատությունները՝ իրավական քննարկումներին մասնակցելու և այդ միջավայրում ինտեգրվելու համար: Նա հույս հայտնեց, որ Գագիկ Հարությունյանը կշարունակի իր միտքը, եռանդը, գիտելիքները փոխանցեց, քանի որ այսօր շատ կարևոր են մեծերի դերն ու նշանակությունը:
Գագիկ Հարությունյանը շնորհանդեսի ավարտին, շնորհակալություն հայտնելով բոլորին, ասաց, որ այժմ աշխատում է երկրորդ գրքի վրա:
Քնար Միսակյան