- Գլխավոր
- Նորություններ
- ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԷԻՆ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐ
Մարտ 11, 2020 | 16:19
Հասարակություն
ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԷԻՆ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում այսօր հյուրընկալվել էին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցի պատմաիրավագիտական հոսքի 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտները:
Մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպմանը ներկա էին Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը և ֆակուլտետի ուսխորհրդի նախագահ Գոհար Ավագյանը:
Գագիկ Ղազինյանը, ողջունելով աշակերտներին, խոսեց համալսարանի հիմնադրման մասին՝ նշելով, որ մեր բուհը ստեղծվել է Նախարարների խորհրդի կողմից ընդունված օրենքի հիման վրա, այսինքն՝ իրավական հիմքն ամուր էր, քան զուտ կառավարության ընդունած որոշումը, քանի որ օրենքն ավելի բարձր իրավական ուժ ունի:
Ներկայացնելով ֆակուլտետի պատմությունը՝ դեկանը շեշտեց, որ այն՝ որպես ինքնուրույն կառույց, ձևավորվել և սկսել է գործել 1933-34 ուստարվանից սկսած. «Չնայած դրան՝ ԵՊՀ-ի ստեղծման առաջին օրվանից մեր մասնագիտությունը ներկայացված է եղել համալսարանի ուսումնական ծրագրերում. առաջին դասախոսությունը համալսարանում կարդացել է իրավաբանը, առաջին ռեկտորը նույնպես եղել է իրավաբան»:
Իրավագիտության ֆակուլտետն ունի հեռակա և առկա ուսուցման համակարգերում սովորող մոտ 1000 ուսանող, ուսումնական գործընթացն ընթանում եռաստիճան համակարգով՝ բակալավրիատ, մագիստրատուրա և ասպիրանտուրա, մագիստրատուրայում կա 6 մասնագիտացում, որոնք բոլորը նորացվել են՝ ավելի գործնական տեսք ստանալով, օրինակ՝ «Միջազգային արբիտրաժ և բիզնես իրավունք», «Քրեական արդարադատություն և փաստաբանություն»:
Կրթությունը կազմակերպվում է 7 ամբիոններում՝ իրավունքի բոլոր ճյուղերով պայմանավորված, ֆակուլտետում դասավանդում են 16-ից ավելի դոկտորներ, մոտ 60 գիտության թեկնածուներ, դոցենտներ:
Գագիկ Ղազինյանն աշակերտներին ներկայացրեց ֆակուլտետում իրականացվող միջառարկայական կամ միջդիսցիպլինար մագիստրոսական ծրագրերը, որտեղ կարող են մասնագիտանալ ոչ միայն իրավաբանները. «Օրինակ՝ կրիմինալոգիան պրոբացիայի ծառայության կադրեր է պատրաստում, այսինքն՝ դատապարտյալների ու ազատազրկվածների հետ աշխատանքի մասնագետներ, որոնք ուսումնասիրում են հանցագործության պատճառները, պայմանները, դրանց վերացման ուղիներն են որոշում: Կրիմինալոգիայի մագիստրոսի որակավորում կարող են ստանալ ոչ միայն իրավաբանները, այլև հոգեբաններն ու սոցիոլոգները»:
Ֆակուլտետում նախատեսվում են մի քանի միջառարկայական ծրագրեր՝ «Միջազգային իրավունք և գլոբալիզացիա», որին կարող են մասնակցել Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողները, «Առողջապահական իրավունք» միջառարկայական մագիստրոսական ծրագիրը, որն իրականացվելու է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետ՝ նպատակ ունենալով ծրագրի մասնակիցներին ծանոթացնելու ոլորտի իրավական կարգավորմանը, քանի որ հաճախ բժիշկները տուժում են ոլորտից անտեղյակ լինելու պատճառով:
Խոսելով փոխանակման ծրագրերի մասին՝ դեկանը նշեց, որ ֆակուլտետի լավագույն ուսանողներն իրենց ուսումնառության մի որևէ հատված կարճաժամկետ ծրագրերով ուսանում են օտարերկրյա տարբեր բուհերում, երիտասարդ դասախոսների ու ասպիրանտների գրեթե 80-90%-ը նույնպես որևէ ժամկետով նմանատիպ ծրագրեր է անցնում եվրոպական լավագույն բուհերում:
«Մենք ունենք համագործակցության ծրագրեր անգլիական, գերմանական, ֆրանսիական, վերջերս նաև շվեդական բուհերի հետ, որոնք հետագայում վերաճելու են երկու դիպլոմով մագիստրոսական ծրագրերի, այսինքն՝ ծրագիրն ավարտողները ստանալու են երկու դիպլոմ: «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի առաջարկով նախաձեռնել ենք նաև «Մեդիա իրավունք» մագիստրոսական ծրագիրը մեր ժուռնալիստների համար. մեդիա իրավունքը տեղեկատվական իրավունքն է, որն ընդգրկում է շատ լայն շրջանակ, մենք սկսելու ենք դասընթացներն արդեն գործող լրագրողների հետ, մեր ապագա լրագրողները կարող են այդ ոլորտում մասնագիտացվել, որպեսզի ստացած իրավական լուրջ գիտելիքներով ավելի պաշտպանված լինեն իրենց աշխատանքը կատարելիս»,- ասաց Գ. Ղազինյանը:
Դեկանի փաստմամբ, իրավագիտությունը բժշկագիտության և տնտեսագիտության հետ համարվում է էլիտար ամբողջ աշխարհում, քանի որ ամենապահանջվածներից է. «Այսօր ցանկացած կառույցի որևէ քայլ առնչվում է ինչ-որ իրավական խնդրի հետ, ուստի առանց իրավաբանի հնարավոր չէ»:
Գագիկ Ղազինյանը ներկայացրեց նաև Իրավաբանական կլինիկան, որն ուսանողական իրավախորհրդատվական կառույց է. «Ֆակուլտետի ուսանողները, երրորդ կուրսից սկսած, մեր փաստաբան գործընկերների հետ անվճարունակ խավերին անվճար իրավախորհրդատվություն են մատուցում: Դա երկուստեք շահավետ է, քանի որ մարդն անվճար ստանում է իրեն հասանելիք խորհրդատվությունը, իսկ ուսանողները հնարավորություն են ունենում իրենց ձեռք բերած տեսական գիտելիքները գործնականում կիրառելու՝ ինչպես կայացած փաստաբան»:
Կարևորելով պրակտիկայի դերը՝ դեկանը նշեց, որ Ուսխորհրդի միջնորդությամբ երրորդ կուրսից բարձր ուսանողներին, որոնք ունեն բավարար գիտելիքներ և ցանկություն, ոչ պաշտոնական պրակտիկայի են ուղարկում իրավապահ ցանկացած համակարգ:
Ուսխորհրդի նախագահ Գոհար Ավագյանը խոսեց կառույցի գործունեության, կազմակերպած միջոցառումների, ֆակուլտետի հետ համագործակցության մասին:
Հանդիպման վերջում աշակերտներն իրենց հուզող հարցերն ուղղեցին ֆակուլտետի դեկանին, ինչից հետո նրանց բաժանվեցին Իրավագիտության ֆակուլտետը ներկայացնող բուկլետներ:
Հասմիկ Ասլանյան