- Գլխավոր
- Նորություններ
- ՎՈՐՈՆԵԺԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՐԴԱՑԻՆ ՌՈՒՍ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Սեպտեմբեր 26, 2018 | 11:50
Կրթություն
Գիտություն
Մշակույթ
ՎՈՐՈՆԵԺԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՐԴԱՑԻՆ ՌՈՒՍ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում տեղի ունեցավ «Жанровые искания в творчестве А.И. Солженицына» խորագրով դասախոսություն և «Обзор доступных электронных ресурсов по русскому языку, литературе, культуре, истории России» թեմայով սեմինար:
Միջոցառման կազմակերպիչներն էին Հայաստանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի հետ համատեղ:
Հայաստանի տարբեր քաղաքներում առաջիկա 5 օրերի ընթացքում կանցկացվեն միջոցառումներ, որոնք նվիրված կլինեն մշակույթի, գիտության և կրթության տարբեր ոլորտները ներկայացնող ռուս գործիչներին: Ընտրվել են նշանավոր այն գործիչները, որոնց համար 2018 թվականը հոբելյանական է:
Մինչ դասախոսությունների սկիզբը՝ «ysu.am»-ը զրուցել է Ռուսաստանի կրթության նախարարության գլխավոր փորձագետ, կրթության որակի գնահատման կազմակերպության ներկայացուցիչ, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Վլադիմիր Ինշակովի հետ:
«Այս տարի նշվում է ռուս գրող Ալեքսանդր Սոլժենիցինի հոբելյանը, որն էլ հենց թեմայի ընտրության առիթը դարձավ: Բացի այդ՝ մենք հասկացանք, որ պարզապես գրողի կենսագրության մասին խոսելն այնքան էլ հետաքրքիր չի լինի, հատկապես բանասեր ուսանողներ համար: Պարզ էր, որ այստեսակ լսարանի համար ավելի հետաքրքիր կլինեն յուրահատուկ թեմաները, դրա համար էլ դասախոսն առաջարկել է հետևյալ խորագիրը կրող թեման՝«Ժանրային փնտրտուքները Սոլժենիցինի ստեղծագործության մեջ» («Жанровые искания в творчестве А.И. Солженицына»)»,- մանրամասնեց Վլադիմիր Ինշակովը:
Վերջինս հավելեց, որ այն արտերկրում ներկայացվող դասախոսություններից մեկն է: Դասախոսությունները նվիրված են գրականության ոլորտում ռուս հայտնի մշակութային գործիչներին՝ մասնավորապես Դերժավինին, Միխալկովին, Տյուտչևին, Տուրգենևին նվիրված հոբելյանական իրադարձություններին:
Այն հարցին, թե որ երկրներում են արդեն անցկացվել նմանօրինակ դասախոսություններ և որ երկրներում են պատրաստվում դրանք անցկացնել, Վլադիմիր Ինշակովը պատասխանեց. «Այս ծրագիրն արդեն երկրորդ տարին է անցկացվում: Այս տարի դասախոսություններով հանդես ենք եկել Ֆինլանդիայում, Կիպրոսում, Բելառուսում, իսկ հիմա Հայաստանում ենք: Հետագայում դասախոսություններ կկարդանք Տաջիկստանում, Լեհաստանում և այլ երկրներում»:
Առաջինը դասախոսությամբ հանդես եկավ Վորոնեժի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի դեկանի տեղակալ, բանասիրական գիտությունների դոկտոր, 20-21-րդ դ. ռուս գրականության ամբիոնի դոցենտ Տատյանա Տերնովան, որը ողջունելով իր գործընկերներին ու ներկաներին ասաց. «Ուրախ եմ գտնվել այս հրաշալի քաղաքում: Ձեր քաղաքը բարեհամբույր է, մարդիկ՝ զարմանալի, հիանալի ջերմություն, բուսականություն կան այս քաղաքում. Երևանին անհնար է չսիրահարվել»:
Նա այսօրինակ հանդիպում կազմակերպելու համար շնորհակալություն հայտնեց Հայաստանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնին:
Տերոնովայի դասախոսությունը սկսվեց 20-րդ դարի երկրորդ կեսի գրականության ժանրային խնդիրների քննությամբ: Նա լսարանին ներկայացրեց Սոլժենիցինի գրականության մեջ պատմվածքի առանձնահատկությունները և դրա մոդելավորումները՝ դիտարկելով «Один День Ивана Денисовича» և «Матренин двор» ստեղծագործությունները: Այնուհետև առանձնացնելով «Крохотки» արձակ բանաստեղծությունների ժողովածուն՝ խոսեց Սոլժենիցինի փոքր արձակի մասին: Տերնովան, մատնացույց անելով գրողի վեպական մտածողության յուրահատկությունները, օրինակ բերեց նրա «Август четырнадцатого» վեպը: բանախոսը ներկայացրեց Սոլժենիցինի հրապարակախոսական տեքստերը «Архипелаг ГУЛАГ» ստեղծագործության մեջ: Իսկ դասախոսության վերջում Վորոնեժի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի դեկանի տեղակալն անդրադարձավ գրողի արձակում ժանրային փնտրտուքների էական կարևորությանը:
«Обзор доступных электронных ресурсов по русскому языку, литературе, культуре, истории России» թեմայով սեմինարը վարեց սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Վլադիմիր Ինշակովը: Վերջինս ներկայացրեց, թե ինչպես կարելի է ռուսական մշակույթի, լեզվի, գրականության, պատմության մասին անվճար և հավաստի տեղեկություններ գտնել համացանցում: Նա ուսանողներին տվեց այն կայքէջերի ցանկը, որոնք կարող են օգնել նրանց թե՛ գիտության և թե՛ կրթության ոլորտում:
Ռուսերենին ավելի լավ տիրապետելու համար Ինշակովն առաջարկեց gramota.ru, russianedu.ru կայքէջերը, իսկ ռուս լեզվաբանության, ռուս գրականության ուսումնասիրության համար textologia.ru կայքը:
Ռուս պատմության համար նա նշեց histrf.ru կայքը, իսկ վիրտուալ թանգարան այցելելու համար խորհուրդ տվեց՝ culture.ru-ն:
Վլադիմիր Ինշակովն ասաց նաև, որ institute.ru, opened.ru կայքերից օգտվելով՝ բոլոր ցանկացողները կարող են բաց համալսարաններից ստանալ անվճար կրթություն կամ որոշակի կուրսեր:
Մարինե Առաքելյան