- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ 10 ՏԱՐԵԿԱՆ Է
Սեպտեմբեր 06, 2018 | 15:06
Քաղաքականություն
ԵՊՀ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ 10 ՏԱՐԵԿԱՆ Է
Այսօր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն իր աշխատասենյակում ընդունեց բուհի ուսումնական գործընթացի կառավարման «Supervision» էլեկտրոնային ծրագրի աշխատակիցներին:
Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ պրոռեկտորներ Ալեքսանդր Գրիգորյանը և Գեղամ Գևորգյանը, Ուսումնական վարչության պետ Հրանտ Ժամհարյանը, Ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի վարիչ Արմեն Սարգսյանը, ինչպես նաև գիտական քարտուղար Մենուա Սողոմոնյանը:
Ա. Գրիգորյանը նախ ներկայացրեց համակարգի մտահղացման, ստեղծման ու անհրաժեշտության, տվյալների մշակման, ինչպես նաև դրա անխափան գործունեությունն ապահովող աշխատակիցների ամենօրյա աշխատանքը:
«Արդեն 10 տարի է, ինչ ԵՊՀ-ում գործում է ուսումնական գործընթացի կառավարման «Supervision» ծրագիրը, որի միջոցով ամբողջությամբ ավտոմատացվել է ոլորտի ներքին թղթաշրջանառությունն ու կառավարումը՝ բացառելով մարդկային գործոնով պայմանավորված սխալները»,- ասաց պրոռեկտորը և հավելեց, որ ծրագիրն անընդհատ կատարելագործվում է և մինչ օրս պատշաճ իրականացվում:
Այնուհետև Ա. Սիմոնյանն իր գոհունակությունը հայտնեց արված աշխատանքի վերաբերյալ և ԵՊՀ ոսկե մեդալով պարգևատրեց բաժնի ղեկավար Նատալյա Դանիելյանին, իսկ ԵՊՀ արծաթե մեդալին արժանացավ Ալինա Մելքոնյանը: Թիմի մյուս անդամները՝ Աննա Բադալյանն ու Սեդա Առաքելյանն արժանացան պատվոգրերի:
ԵՊՀ ոսկե մեդալի արժանացավ նաև Գնումների պլանավորման և պահեստավորման վարչության ապրանքագետ, արտերկրից ԵՊՀ գնումները համակարգող Գուրգեն Ալեքսանյանը:
«Ներկայումս լաբորատոր սարքավորումները բավականին թանկարժեք են, ուստի Գ. Ալեքսանյանի շնորհիվ տնտեսվող գումարները մեզ թույլ են տալիս հավելյալ սարքավորումներ ձեռք բերել, ինչը, անկասկած, միայն գովեստի է արժանի»,- ասաց ռեկտորը:
Պարգևատրված աշխատակիցների գործունեությունն արժևորեց և բարձր գնահատականի արժանացրեց նաև պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը. «Նրանց կատարած աշխատանքը, իհարկե, չի երևում կամ հանրայնացվում, սակայն իրականացված «Supervision» ծրագիրը շատ արդյունավետ ու կարևոր է, իսկ Գ. Ալեքսանյանի աշխատանքի շնորհիվ բուհը մեծ գումարներ է տնտեսում»: