- Գլխավոր
- Նորություններ
- ԿԲ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԲԱՑ ԴԱՍԸ ԵՊՀ-ՈՒՄ ՎԵՐԱԾՎԵՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃԻ
Նոյեմբեր 14, 2018 | 18:03
Հասարակություն
ԿԲ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԲԱՑ ԴԱՍԸ ԵՊՀ-ՈՒՄ ՎԵՐԱԾՎԵՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃԻ
Այսօր ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչները հանդիպեցին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դասախոսների ու ուսանողների հետ։
Հանդիպման ընթացքում ԿԲ ներկայացուցիչները բաց քննարկմամբ խոսեցին դրամավարկային քաղաքականության ծրագրերի և ֆինանսական կայունության մասին։ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը շատ ակտիվ մասնակցեց քննարկմանը, մատնանշեց առկա խնդիրների վերաբերյալ իր տեսակետը, որոշակի վրիպակներ գտավ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների զեկույցներում և առաջարկեց լուծումներ։
Հանդիպման սկզբում ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը ողջունեց ուսանողներին և գործընկերներին, ներկայացրեց հյուրերին ու նշեց, որ նմանաբնույթ հանդիպումների նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է։
Այն հարցին, թե ինչ նպատակ է հետապնդում այսօրինակ հանդիպումը, քանի որ նախատեսված թեմաների մասին հաշվետվությունները կարելի է գտնել բանկի պաշտոնական կայքէջում, Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը պատասխանեց. «Այստեղ կարևորը հետադարձ կապի հնարավորությունն է։ Այս դահլիճում դասախոսական կազմից բացի՝ ներկա են թե՛ ուսանողներ, թե՛ ասպիրանտներ։ Նրանց բոլորի համար այս հանդիպումը հնարավորություն է հարցերն անձամբ հղելու Կենտրոնական բանկի ներկայացուցիչներին»։
ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը և ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Վահագն Հովհաննիսյանը ողջունեցին բոլորին և կարճ տեղեկացրին դասախոսությունների թեմաների մասին։
«Այսօր մեր մասնագետները տեսապատկերի միջոցով ներկայացնելու են ֆինանսական կայունություն և գնաճ թեմաները։ Ինչու ենք ընտրել հենց այս թեմաները, քանի որ ըստ 2015 թվականին ընդունված Սահմանադրական բարեփոխումների՝ սրանք սահմանադրական նորմեր են»,-պարզաբանեց նա։
Պարոն Դարբինյանը ներկաներին ասաց, որ Կենտրոնական բանկի քաղաքականության մեջ կարևորագույն տարր է հաղորդակցումը հանրության հետ։ Նրա խոսքով, նման հանդիպումները և քննարկումները շատ կարևոր են Կենտրոնական բանկի կողմից մշակված քաղաքականության նկատմամբ վստահությունը, թափանցիկությունը բարձրացնելու առումով։
ԿԲ ֆինանսական կայունության մոնիթորինգի և ճգնաժամերի կառավարման բաժնի պետ Կարինե Համբարձումյանը ԿԲ ֆինանսական վերլուծաբան Քնարիկ Բառնասալյանի հետ ներկայացրեց 2018 թվականի առաջին կիսամյակի ֆինանսական կայունության հաշվետվությունը։ Բացի դրանից՝ Կարինե Համբարձումյանը տեսապատկերների միջոցով ցույց տվեց Կենտրոնական բանկի հիմնական խնդիրները։
ԵՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի պրոֆեսոր Վարդան Բոստանջյանն ասաց, որ նման հաշվետվություն ներկայացնելու համար ավելի լավ կլիներ հաշվի առնել նաև փորձագետների խմբի գնահատականը ֆինանսական կայունության մասին։
Կարինե Համբարձումյանը, շարունակելով զեկուցումը, ներկայացրեց, թե ինչ է ֆինանսական կայունությունը. «Երբ չունենք գների ու ֆինանսական ցուցանիշների կտրուկ տատանումները, իրավիճակը կարելի է բնութագրել ֆինանսապես կայուն»։
Նրա այն դիտարկումը, թե ներկայումս մենք չունենք ֆինանսական ճգնաժամ, քննարկումների տեղիք տվեց։ ԵՊՀ պրոֆեսորները նկատեցին, որ ֆինանսական համակարգը թերի է, քանի որ այնտեղ բացակայում են մյուս ֆինանսական ինստիտուտները։ Այդ իսկ պատճառով նրանք համոզմունք հայտնեցին, որ ԿԲ ներկայացուցչի նշած կայունությունը հարաբերական է։
Հանրապետության բնակչության մոտ ֆինանսապես կայուն և ոչ կայուն խավերի, այն հաշվարկելու, ամեն խավի համար առանձին-առանձին դիտարկելու մասով բանավեճերի ավարտից հետո Կ․ Համբարձումյանը խոսքը եզրափակեց իրենց կողմից մշակված սթրես-թեստերի մասին տեղեկատվությամբ։
Հաջորդ զեկուցման համար հրավիրվեց ԿԲ մակրոտնտեսագետ, դրամավարկային քաղաքականության վարչության ներկայացուցիչ Էդգար Հովհաննիսյանը, որը ներկայացրեց դրամավարկային քաղաքականության ծրագիրը։ Նա անդրադարձավ ժամանակակից դրամավարկային քաղաքականության սկզբունքներին, գնաճին և դրա պատճառներին։
«Կենտրոնական բանկը կարգավորում է ընդհանուր գնաճը, որի վրա ժամանակի ընթացքում ազդում են տարբեր գործոններ՝ ապրանքի միջազգային գնի փոփոխություն, անվանական փոխարժեքի որոշակի տատանումներ, ներմուծողի կամ արտադրողի վարքագծային փոփոխություններ, մրցակցային պայմանների փոփոխություններ և այլն»,- ասաց պարոն Հովհաննիսյանը։
Իսկ այն դիտարկմանը, թե գնաճը համարվում է մոնետար երևույթ, և Կենտրոնական բանկը կարող է ապահովել գնաճի ցանկացած մակարդակ, միջոցառմանը ներկա Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները չհամաձայնեցին։ Նրանք դիտարկեցին գնաճի կարճաժամկետ փուլերը, տարբեր իրավիճակներ, երբ վերոնշյալ պնդումը սխալ է։
Ի վերջո, ԿԲ նախկին նախագահ, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի դոցենտ Բագրատ Ասատրյանն ասաց. «Մենք այն երկրում ենք ապրում, որի խնդիրները պետք է հասկանալ ու դրանց վրա կառուցել մեր տնտեսական աճը»։
Բազմաբովանդակ հանդիպումը թե՛ ուսանողների և թե՛ դասախոսների կողմից գնահատվեց շատ արդյունավետ։ ԿԲ ներկայացուցիչների զեկուցումների թեմաներն իրենց արդիականության շնորհիվ բուռն արձագանք գտան լսարանի կողմից։
Քննարկման մյուս լուսանկարներն այստեղ։
Մարինա Առաքելյան