- Գլխավոր
- Նորություններ
- ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԷԻՆ «ՀԱՆՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎ
Հոկտեմբեր 31, 2019 | 16:28
Հասարակություն
ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԷԻՆ «ՀԱՆՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎ
2019 թվականի հոկտեմբերի 29-ին ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտները ֆակուլտետի և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հետ կազմակերպել են «Հանրային քաղաքականության սոցիոլոգիական հենքը Հայաստանում» խորագրով գիտաժողով, որը նվիրված էր ԵՊՀ հիմնադրման 100 և Սոցիոլոգիայի ֆակուլտետի 15-ամյակներին:
Գիտաժողովն ինքնատիպ հարթակ էր, որը համախմբել էր ֆակուլտետի տարբեր տարիների շրջանավարտներին, ֆակուլտետի անձնակազմին, հանրային քաղաքականություն մշակողներին, ուսանողներին, ինչպես նաև հանրային քաղաքականությամբ հետաքրքրված հետազոտողներին, պետական, միջազգային, տեղական, հասարակական կառույցների ներկայացուցիչներին, որոնք քննարկեցին հանրային քաղաքականության տարբեր ոլորտներին առնչվող արդիական ու հրատապ հիմնախնդիրները:
Գիտաժողովի նպատակների, մասնակիցների և գրանցած արդյունքների մասին ysu.am-ը զրուցել է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանի հետ։
- Ովքե՞ր էին «Հանրային քաղաքականության սոցիոլոգիական հենքը Հայաստանում»գիտաժողովի կազմակերպիչները։
- Գիտաժողով կազմակերպելու գաղափարի մասին մտածել ենք մոտ կես տարի առաջ, երբ ես և մեր ֆակուլտետի շրջանավարտներից մի քանիսը մասնակցում էինք նմանօրինակ միջոցառման: Մեր շրջանավարտները հանձն առան կազմակերպել գիտաժողով, իսկ ֆակուլտետը պատրաստակամություն հայտնեց օգնելու նրանց: Մենք բանակցեցինք գերմանական «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հետ, որը ֆինանսական աջակցություն ցուցաբերեց միջոցառման կազմակերպմանը։ Այս գիտաժողովը, իսկապես, Սոցիոլոգիայի ֆակուլտետի բոլոր տարիների շրջանավարտների միջոցառումն էր։
- Ի՞նչ նպատակ ուներ գիտաժողովը։
- Այն նվիրված էր շատ հրատապ հարցի։ Փաստահեն քաղաքականությունն այսօր ամբողջ աշխարհում պահանջված ուղղություն է։ Շատ հաճախ տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից պահանջ է դրվում, որ հանրային քաղաքականության ոլորտում քաղաքական որոշումների ընդունումը և իրականացումը լինեն փաստահեն։ Այս գիտաժողովը հայաստանյան կոնտեքստում հենց այդ հիմնախնդրի լուսաբանմանն ու բացահայտմանն է նվիրված եղել: Գիտաժողովի ընթացքում քննարկվեց, թե ինչպես պետք է կիրառել սոցիոլոգիական գիտելիքը՝ վերջինիս միջոցով նպաստելով փաստահեն քաղաքական որոշումների ընդունմանն ու մեր հասարակական կյանքի տարբեր որորտներում դրանց իրականացմանը։ Մեր ֆակուլտետի շրջանավարտները հիմա աշխատում են տարբեր՝ առողջապահության, պաշտպանության, կրթության ոլորտներում և ՀԿ-ներում, նրանք ի մի բերեցին իրենց կուտակած փորձը և գիտաժողովի ժամանակ ներկայացրին այն ազատ ձևաչափով։
- Ինչպիսի՞ արդյունքներ գրանցեց գիտաժողովը։
- Գիտաժողովի արդյունքում ընդունվեց հռչակագիր Սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտների ցանցի հիմնադրման մասին։ Այսինքն՝ ներկա շրջանավարտները՝ մոտ 50 հոգի, տեղեկացրին ցանցի ստեղծման մասին, որը պետք է դառնա մասնագիտական գիտելիքի փոխանակման և գեներացիայի հարթակ։ Նշեմ, որ ցանցը բաց է մեր բոլոր շրջանավարտների համար։ Այն կսկսի ինքնուրույն աշխատել ու կազմակերպել տարբեր միջոցառումներ, իսկ ֆակուլտետը միշտ կաջակցի։ Պետք է ընդունենք, որ համալսարանը պարտավոր է աշխատել իր շրջանավարտների հետ։
Բացի դրանից՝ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տարածքային ղեկավարը, որը ևս ներկա էր գիտաժողովին, ինձ հետ զրույցում ասաց, որ սա իրենց հիմնադրամի՝ վերջերս կազմակերպած միջոցառումների ցանկում լավագույններից մեկն է, և առաջարկեց, որ մենք շարունակենք համագործակցությունը։
Այս յուրօրինակ գիտաժողովը կարևոր ձեռքբերում է ինչպես մեր շրջանավարտների, այնպես էլ Սոցիոլոգիայի ֆակուլտետի համար։
- Ովքե՞ր էին զեկուցումներ կարդում գիտաժողովի ընթացքում։
- Հիմնական զեկուցողները Սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտներն էին, բայց քանի որ գիտաժողովը միջազգային էր, գիտաժողովի հովանավոր հիմնադրամը փաստահեն քաղաքականության ոլորտի երկու մասնագետ էր հրավիրել Ուկրաինայից և Վրաստանից, որոնք նույնպես ելույթներով հանդես եկան։