- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԻՏԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՄԱԿ-Ի ԵՏՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԹԻՄԻՆ
Մարտ 21, 2022 | 13:39
Կրթություն
Գիտություն
ԵՊՀ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԻՏԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՄԱԿ-Ի ԵՏՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԹԻՄԻՆ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Օլիմպիա Գեղամյանը հյուրընկալել է ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջազգային փորձագետների թիմի ներկայացուցիչ Մարիաննա Բոլշակովային և նրա հետ քննարկել ՀՀ-ում էկոլոգիական կրթության ու դաստիարակության հիմնախնդիրները, բնագավառի բացերն ու թերությունները:
ՄԱԿ-ի այդ ստորաբաժանումը տարբեր երկրներում պարբերաբար իրականացնում է բնապահպանական կատարողականի գնահատում: Հայաստանում առաջին անգամ դա իրականացվել է 2000 թվականին:
Երկարատև ընդմիջումից հետո ՀՀ կառավարությունը դիմել է ՄԱԿ-ի ԵՏ հանձնաժողովին՝ Հայաստանում իրականացնելու բնապահպանական կատարողականի գնահատում: Այդ նպատակով մարտի 15-22-ը Հայաստան է ժամանել կառույցի միջազգային փորձագետների թիմը, որը հանդիպումներ է անցկացնում պետական պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության, ազգային փորձագետների, բիզնեսի ներկայացուցիչների հետ:
Փորձագետների նպատակն է բարելավել Հայաստանի բնապահպանական ցուցանիշները՝ գնահատելով օդի որակի, ջրի կառավարման, կենսաբազմազանության, հատուկ պահպանվող տարածքների, հողի պահպանման, թափոնների, քիմիական նյութերի կառավարման և «կանաչ» տնտեսության վերաբերյալ վերջին տասնամյակի զարգացումները:
Ուսումնասիրվելու են երկրի բնապահպանական ոլորտի տվյալները, տեղեկատվական և դիտորդական համակարգերը, բնապահպանական միջազգային համաձայնագրերի ու պարտավորությունների կատարման մակարդակը, կլիմայի փոփոխության հետ կապված գործողությունները և այլն:
Քննարկվել են նաև ուսանողների կրթության մեջ, քաղաքացիական ծառայողների, դատավորների, դատախազների, դատավորների թեկնածուների, դատախազների թեկնածուների վերապատրաստումների դասընթացներում էկոլոգիական կրթության ու մշակույթի խորքային մատուցման հնարավորություններն ու առկա վիճակը:
Ներկայացվել է ՀՀ-ում էկոլոգիական տեղեկատվության մատչելիության, որոշումների կայացման գործընթացին հասարակության մասնակցության, արդարադատության մատչելիության՝ որպես մարդու էկոլոգիական իրավունքների տեսական բազայի և պրակտիկայում դրանց իրացվելիության առկա վիճակի ու այլ հարցեր:
Տիկին Բոլշակովան բարձր է գնահատել Օ. Գեղամյանի հետ հանդիպման արդյունքը և նշել, որ բնապահպանական կատարողականի գնահատման համար ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի փորձագիտական թիմն առաջարկությունների փաթեթը կազմելիս հաշվի կառնի ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի տնօրենի ներկայացրած առաջարկությունները: