- Գլխավոր
- Նորություններ
- ԻՆՉ Է ՊԵՏՔ ԼԱՎ ԳՐՈՂԻՆ. ՄԱՍ Գ. ՏԻԳՐԱՆ ՍԻՄՅԱՆ
Սեպտեմբեր 14, 2018 | 17:11
Հասարակություն
ԻՆՉ Է ՊԵՏՔ ԼԱՎ ԳՐՈՂԻՆ. ՄԱՍ Գ. ՏԻԳՐԱՆ ՍԻՄՅԱՆ
Թուրք հայտնի գրող Օրհան Փամուքն իր «Այլ գույներ» էսեների գրքում լավ գրող դառնալու մասին ասել է. «Ժամանակի ընթացքում ես հասկացա, որ գրական ստեղծագործությունը ոչ թե աշխարհի մասին պատմելու, այլ աշխարհը բառերի մեջ տեսնելու արվեստն է»:
Արտասահմանյան գրականության ամբիոնի դասախոս, գրականագետ, Տիգրան Սիմյանը լավ գրող դառնալու մասին ունի իր սեփական չափորոշիչները, որոնք էլ ներկայացնում ենք մեր հոդվածաշարի վերջին մասում (մաս Ա, մաս Բ):
Երբ մարդը զգում է, որ ի վիճակի է իր ասելիքը գրական տեքստի միջոցով ձևակերպել, ապա պետք է նախևառաջ անկեղծ ու սթափ գնահատի սեփական կարողությունները և հասկանա՝ արդյո՞ք տաղանդավոր է գրելու համար: Կարևոր է, որ ստեղծագործողը ճիշտ գնահատի սեփական անձի հնարավորությունները: Ապագա գրողը, երբ գրիչը ձեռքն է վերցնում, պետք է իմանա, թե ովքեր են եղել իր մրցակիցները: Արդյո՞ք մրցունակ է անցյալի ու ներկայի տաղանդավոր գրողների կողքին հայտնվելու համար։
Գրողի ասելիքը պետք է լրացնի այն բացը, որին մինչ այդ մյուսները չեն անդրադարձել: Նրա կողմից ստեղծած նորարարությունը պետք է դրսևորվի թե´ թեմատիկ, թե´ կառուցվածքային, թե´ լեզվական և թե´ ժանրային մակարդակներում: Նշված հատկանիշները չբավարարելու դեպքում, կարծում ենք, գրողը կանգնում է լուրջ խնդրի առջև: Բայց արդյո՞ք նա գիտակցում է դրա մասին, հենց այս է խնդիրը․․․
Մարդիկ իրար ինչքան նման են, այդքան էլ տարբեր են: Բոլորս էլ ունենք քիթ, բերան, երկու ականջ ու նաև ուղեղ, բայց մարդկանց ուղեղի հնարավորությունները տարբեր են: Եթե մենք ասվածը մեկնաբանենք համակարգչային լեզվով, ապա ինչպես համակարգիչները, որոնք ունեն «ուղեղ»՝ PENTIUM 1, 2, 3, IOS, Android և այլն, և օպերատիվ հիշողություն` «RAM» կամ «ОЗУ», նույնկերպ էլ մարդիկ օժտված են տարբեր ուղեղ-պրոցեսորներով և օպերատիվ հիշողությամբ։Ինտելեկտուալ ներուժը մարդը գենետիկորեն ժառանգում է մորից, հուզական և հորմոնալ համակարգը (այդ թվում՝ լիբիդոն)՝ hորական կողմից: Ցանկալի կլիներ, որ ապագա գրողը սթափ գնահատեր իր մտավոր կարողությունները, պրոցեսորի տիպը, օպերատիվ հիշողության չափը։ Հիշենք մի պահ Շեքսպիրի, Ռաբլեի, Սթեռնի, Բայրոնի, Էլիոթի, Ջոյսի, հայ գրողներից՝ Նարեկացու, Չարենցի և այլոց ստեղծագործությունները․․․
Եթե գրողի հնարավորությունները համեստ են, ապա հավանականությունը փոքր է, որ նա կհայտնվի «գրական կանոնի» մեջ:
«Գրական կանոն» ասելով՝ հասկանում ենք այն գրողներին, որոնք արդեն «սրբացվել» են կոլեկտիվ հիշողության կողմից ՝դառնալով մշակութային հիշողության մաս։ Դժվար է պատկերացնել, որ Դուրյանի, Սիամանթոյի, Պարոնյանի, Թումանյանի, Իսահակյանի և այլ մեծերի երկերը դուրս մնան դպրոցական և բուհական ծրագրերից։
Որակյալ, մրցունակ գրական երկի կարևոր բաղադրիչներից ենք համարում միջտեքստայնությունը: Նոր գրվող տեքստը պետք է նախորդ մշակութային ժառանգության մասը լինի, ուր գրողը բացահայտ ու թաքնված ակնարկներով (ռեմինիսցենցիա, ալյուզիա) խոսի ու խոսեցնի իր հերոսներին։ Իսկ ինչպե՞ս պետք է զգա այս կապերը գրողը, եթե նա քաջատեղյակ չէ, օրինակ, հայկական և համաշխարհային գրական ու մշակության ժառանգությանը։
Հիշենք հայտնի լատինական առածը՝ «Ոչնչից ոչինչ է ծնվում» («Ex nihilo nihil fit»)։ Գրված նոր տեքստերը չպետք է լինեն խիստ սուբյեկտիվ, սոսկ նեղանձնական իրադարձություն, լոկալ։ Նման տեքստերը հաճախ նման են «վիժած երեխաների», որոնք, դեռ չծնված, արդեն մեռած են։
Հաճախ սկսնակ գրողների գրական տեքստերում կերպարները խոսում են մեկ լեզվով: Մինչդեռ համաշխարհային գրականության փորձը ցույց է տալիս, որ իրենց ազգային գրական կանոնների և համաշխարհային գրականության մեջ ամուր տեղ գրաված գրողները կարողացել են ապահովել կերպարների բազմալեզվությունը, այլ խոսքով՝ տարբեր ոճերով խոսող կերպարների։ Հիշենք Ռաբլեի, Սերվանտեսի, Գյոթեի, Պուշկինի, Ֆլոբերի, Ջոյսի, Դյոբլինի և այլոց երկերը: Ինչպես նկատում ենք, լավ պրոցեսոր ու «RAM» ունեցող գրողներն են կարողանում իրենց կերպարներին խոսեցնել տարբեր լեզուներով, ոճերով։
Գրական ստեղծագործության բազմաձայնությունը, ինչպես նաև ալյուզիաներով գրելը լավագույն ցուցիչներից է, որով կարելի է որոշել գրողի տաղանդի կամ անտաղանդության աստիճանը։
Լեզուն բաց և «դեմոկրատական» համակարգ է: Գրական երկերում կարող են հանդիպել լեզվական տարբեր շերտերից վերցված բառերի, արտահայտությունների, անգամ «ներքևի» ռեգիստրից վերցված լեզվական նյութի, սակայն այդ բառերը, արտահայտությունները չպետք է լինեն ինքնանպատակ, այլ պետք է նպաստեն կենդանի կերպարի կերտմանը։
Բազմաձայնության համար գրողին պետք է դիտողականություն: Լավ դիտողականության նախապայմանը, ինչպես արդեն ասացի, լավ ուղեղ-պրոցեսորն է և կենսափորձը: Գրողին առանց մեկը մյուսի դժվար է պատկերացնել։
Լավ գրողը պետք է լինի նաև «հիբրիդային»։ Սա ենթադրում է, որ նա ոչ միայն հայ մշակույթի կրողը պետք է լինի, այլև միաժամանակ այլ մշակույթների։ Գրողի «օպերատիվ հիշողության» մաս պետք է կազմեն ուրիշ ազգերի մտածողության տարրերը, տեքստերը և այլն։ Հիբրիդային գրողը առնվազն երկու մշակույթների տիրույթում, միջնատարածքում ստեղծագործող անհատն է: Այս ամենի կրողներն էին Հ․ Հայնեն, Ա․ Շամիսսոն, Ռ․Մ․ Ռիլկեն, Ս․ Բեքքետը, Ջ․ Ջոյսը, Պ․ Հանդկեն, Հ․Էրցենսբերգերը, Ս․ Ռուշդին, Յո․ Թավադան և այլք:
«Հիբրիդային» կարելի է դառնալ երկու եղանակով՝ վիրտուալ ճանապարհորդությամբ (ընթերցանությամբ)՝ ճամփորդելով կամ էմիգրացիայի շնորհիվ, երբ ինքնակամ կամ հարկադրված տեղափոխվում ենք այլ երկիր՝ ապրելու, գուցեև ստեղծագործելու։
Ճամփորդությունները գրողին հնարավորություն կտան գլոբալ մտածելու, որպեսզի լոկալ գործեն՝ ստեղծագործեն: Շրջագայելը լավ հնարավորություն է տալիս մտահորիզոնը ընդլայնելու, նոր մշակույթների ու դրա կրողների հետ ծանոթանալու համար, ինչը թույլ կտա գրողին մշակույթները ոչ թե հակադրելու, այլ համադրելու: Սեփական փորձը եղածին խառնելու շնորհիվ հնարավոր կլինի բոլորովին նոր որակի ասելիք ու տեքստ ստանալ, ինչը միշտ հարստացնում է ազգային գրականությունները՝ միաժամանակ ճանապարհ բացելով դեպի վերազգային, համաշխարհային գրականություն։
Անի Պողոսյան