- Գլխավոր
- Նորություններ
- ՍԵՄԻՆԱՐ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ, ՈՎՔԵՐ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՍՏԵՂԾԵԼ ԳՐԱԳԵՏ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՆԱԼԻ ԿԵՐՊԱՐ
Սեպտեմբեր 14, 2018 | 14:30
Կրթություն
ՍԵՄԻՆԱՐ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ, ՈՎՔԵՐ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՍՏԵՂԾԵԼ ԳՐԱԳԵՏ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՆԱԼԻ ԿԵՐՊԱՐ
Այսօր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում տեղի ունեցավ «Գրագետ իմիջի բանաձև» թեմայով սեմինար, որը վարում էր ֆակուլտետի շրջանավարտ, լրագրող և PR մասնագետ Լուսինե Զարայելյանը:
Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ի կողմից կազմակերպված սեմինարի ընթացքում քննարկվեցին գրագետ և ցանկալի կերպար ստեղծելու համար անհրաժեշտ հմտությունների, հաջողված հաղորդակցության հիմքերի և կանոնների, գործարար վարվելակերպի, իմիջի դերի և կարևորության, հարցազրույցի ժամանակ տարածված սխալների և մի շարք այլ դրույթներ:
Մեզ հետ զրույցում Լուսինե Զարայելյանն ասաց, որ որքան էլ լավ մասնագետ լինես, եթե ճիշտ լույսի ներքո չկարողանաս ներկայացնել մասնագիտական հմտություններդ, ոչ ոք պարզապես չի իմանա դրանց մասին. «Ճիշտ հաղորդակցվելն օգնում է հասնել ցանկալի արդյունքի՝ ընդունվել աշխատանքի, դուրս գալ կոնֆլիկտային իրավիճակներից և այլն: Իմիջը սեփական անձի մասին տպավորությունների կառավարումն է, մենք քայլող տեղեկատվական թերթիկ ենք մեր մասին, և այսօրվա դասընթացի նպատակն է այն դարձնել հետաքրքիր հանրության և շահութաբեր՝ սեփական անձի համար»:
«Իմիջի սահմանման շուրջ 500 տարբերակներ կան: Իմիջը հասարակական գիտակցության մեջ կարծրացած պատկերացումների ամբողջությունն է այս կամ այն երևույթի, անձի, կազմակերպության, ընդհուպ պետության մասին: Իմիջը նաև սեփական անձի մասին տպավորությունների կառավարումն է վարքային բազմաթիվ ռազմավարությունների միջոցով, որոնց նպատակն է անձի արտաքին կերպարի ներկայացումը ուրիշներին»,- սեմինարի ընթացքում նշեց Լուսինե Զարայելյանը:
Խոսելով «Ես-հայեցակարգի» մասին՝ սեմինարավարը պարզաբանեց, որ այն ներառում է երեք բաղադրիչ՝ ներքին ես, որը ցույց է տալիս, թե ինչպիսինն է անձը սեփական աչքերում, հայելային ես, որը ցույց է տալիս, թե ինչպիսինն է անձը այլ մարդկանց աչքերում, և կատարյալ ես, որը ցույց է տալիս, թե ինչպիսինն է ցանկանում անձը լինել:
«Վարքագծային ակտերի մոտ 80%-ն իրականացվում է ենթագիտակցաբար: Այդ իսկ պատճառով իմիջի ձևավորման ընթացքում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել վարքագծի ավտոմատ ազդանշաններին, և որքան հնարավոր է, ազդել նրանց վրա՝ ցանկալի իմիջ ստեղծելու նպատակով»:
Լուսինե Զարայելյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց նաև իմիջի տեսակները, խոսեց դրա գործառույթների մասին և գրագետ իմիջ ստեղծելու համար օգտակար խորհուրդներ տվեց:
Քնար Միսակյան