- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ
Հոկտեմբեր 31, 2019 | 12:26
Հասարակություն
ԵՊՀ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ
ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը համալսարանի հոգաբարձուների խորհրդին և ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին առաջարկել է 20 տոկոսով բարձրացնել աշխատակիցների հիմնական աշխատավարձը՝ նպատակ ունենալով բարելավելու նրանց սոցիալական վիճակը:
Ըստ ներկայացված առաջարկության՝ Արհեստակցական կազմակերպությունը նախաձեռնությամբ հանդես գալիս հաշվի է առել, որ մինչև տարեվերջ սպասվում են ԵՊՀ եկամուտների և ծախսերի (բյուջեի) 2020 թ. նախահաշվի քննարկում ու հաստատում, և ըստ այդմ՝ դիմել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամներին ու ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին՝ իրենց վերապահված լիազորություններով 2020 թ. հունվարի մեկից բարձրացնել աշխատակիցների աշխատավարձը:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանն ասաց, որ առաջարկության հիմք է դարձել «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածը, որի համաձայն՝ արհեստակցական միության նպատակներից է գործատուին ներկայացնել առաջարկություններ՝ կապված աշխատողների աշխատանքի պայմանների և աշխատանքի վարձատրության չափի հետ:
«Բացի դրանից՝ պետք է փաստեմ, որ նախաձեռնությունը բխում է Արհեստակցական կազմակերպության բարձրագույն մարմնի՝ համաժողովի ընդունած որոշումից, որով առաջարկվում է գործատուին յուրաքանչյուր տարի հետևողականորեն բարձրացնել բոլոր աշխատողների աշխատավարձերը»,- ասաց Արմեն Ավետիսյանը:
Նա հիշեցրեց նաև, որ ըստ ԵՊՀ-ի և Արհեստակցական կազմակերպության միջև կնքված ԵՊՀ կոլեկտիվ պայմանագրի 4.2 կետի՝ ԵՊՀ բյուջեի ընձեռած հնարավորությունների սահմանում գործատուն բոլոր աշխատողների հիմնական աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ պետք է միջոցառումներ իրականացնի:
Ըստ ներկայացրած առաջարկության՝ ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունն առաջարկում է ԵՊՀ 2020 թ. բյուջեում շուրջ մեկ միլիարդ ՀՀ դրամով ավելացնել համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ժամավճարային հիմունքներով դասավանդողների, վարչական, ուսումնաօժանդակ, սպասարկող և այլ անձնակազմերի հիմնական աշխատավարձին ուղղված միջոցները, որը ենթադրում է հիմնական աշխատավարձի բարձրացում մոտ 20 տոկոսով:
Արմեն Ավետիսյանի փոխանցմամբ, աշխատավարձին ուղղված միջոցները հնարավոր է ավելացնել ուսման վարձավճարների, ՀՀ պետական բյուջեից ստացվող լրացուցիչ ֆինանսավորման և այլ եկամուտների ավելացման հաշվին, ինչպես նաև ԵՊՀ բյուջեի որոշ հոդվածների կրճատման շնորհիվ. «Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ այս և հետագա տարիներին դիտարկվում է շրջանավարտների և դիմորդների թվաքանակի էական աճ»:
Ըստ նրա՝ վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ-ում տարբեր ոլորտների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը զուգընթաց՝ կարևոր է ԵՊՀ պրոֆեսորադասախոսական և այլ տարակարգերի աշխատողների աշխատավարձերի անհապաղ բարձրացումը:
«ԵՊՀ կոլեկտիվի քրտնաջան աշխատանքի արդյունքում տարիների ընթացքում կուտակվել են պահուստային ֆինանսական միջոցներ, որոնք հնարավորություն են ընձեռում ԵՊՀ կառավարման մարմիններին այս հարցում գործելու առավել համարձակ և չխաթարելով ԵՊՀ ռազմավարական զարգացման ծրագրերի իրականացումն ու ԵՊՀ բնականոն գործունեությունը՝ մոտ 20 տոկոսով ավելացնել ԵՊՀ բոլոր աշխատողների հիմնական աշխատավարձը»,- ասաց Արմեն Ավետիսյանը:
Քնար Միսակյան