- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-Ն ԵՎ ՏՎԵՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐ
Ապրիլ 18, 2019 | 16:18
Քաղաքականություն
ԵՊՀ-Ն ԵՎ ՏՎԵՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐ
ԵՊՀ ռուսական կենտրոնում այսօր հյուրընկալվեցին Տվերի համալսարանի դասախոսներն ու ուսանողները:
Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, Տվերի համալսարանի ուսանողներ, դասախոսական կազմի ներկայացուցիչներ, ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի թարգմանչական ամբիոնի, ինչպես նաև Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի դասախոսներ:
Հանդիպման նպատակն էր քննարկել երկու համալսարանների միջև հնարավոր համագործակցության նոր ծրագրեր:
Ալեքսանդր Մարգարովը ողջունելով ներկաներին՝ համառոտ ներկայացրեց ԵՊՀ պատմությունը, ֆակուլտետների կառուցվածքը, գործունեությունը, ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիաները, իրականացված կրթական բարեփոխումներն ու համալսարանական կյանքը:
Տվերի համալսարանի պատվիրակությունը ծանոթացավ նաև ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի ծրագրերին և համագործակցության նոր առաջարկներին:
ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի դասախոս Աննա Ալեքսանյանը, ներկայացնելով կենտրոնի երկարամյա աշխատանքը, անդրադարձավ համալսարանների միջև համագործակցության նոր ծրագրերին:
«Ըստ համագործակցության ծրագրի՝ գիտական դասախոսություններ և հետազոտություններ անցկացնելու նպատակով նախատեսվում են դասախոսների և գիտնականների փոխանակում , համատեղ գիտաժողովների կազմակերպում, մենագրությունների, ձեռնարկների, ուսումնական նյութերի և այլ հրապարակումների մշակում, ռուսերեն թարգմանություններ, երկկողմ դիպլոմային կրթական ծրագրի ստեղծում, համատեղ հետազոտական ծրագրերի իրականացում (ռուսերենով)»,- ասաց Ա. Ալեքսանյանը:
Հյուրերը շրջեցին նաև ԵՊՀ պատմության թանգարանում, որտեղ օտարերկրյա ուսանողները ծանոթացան 100-ամյա ԵՊՀ-ի երկարատև գործունեությանը, բացառիկ նմուշներին, արխիվային նյութերին, լուսանկարներին և ԵՊՀ երախտավորների թողած ժառանգությանը:
Նրանց այցն ավարտվեց՝ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում շրջայց կատարելով:
Անգին Խաչատրյան