- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ 100. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ 1925 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Սեպտեմբեր 11, 2018 | 17:01
Հասարակություն
ԵՊՀ 100. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ 1925 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
«Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՛ք» կոմունիստական ամենահայտնի նշանաբաններից մեկը, որն առաջին անգամ ասվել է Կարլ Մարքսի և Ֆրիդրիխ Էնգելսի կողմից «Կոմունիստական կուսակցության մանիֆեստում», իր պատվավոր տեղն է զբաղեցրել նաև Հայաստանի պետական համալսարանի կանոնադրության հենց առաջին էջին:
Կանոնադրությունը ընդունվել է 1925 թվականին, այն գրված է ձեռագիր և բաղկացած է 34 կետից:
Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության պետական համալսարանի կանոնադրության առաջին մասում գրված է համալսարանի նպատակների մասին՝ կարևորելով որակյալ մասնագետներ ունենալու խնդիրը, ովքեր պետք է պատրաստ լինեին աշխատելու հանրապետության արդյունաբերական, գիտական, տեխնիկական հաստատություններում: Խնդիրներից մեկն էր նաև բանվորագյուղացիական խավերում գիտական ուսմունքների տարածումը:
Այնուհետև անդրադարձ է կատարվում համալսարանի ներքին կանոնակարգման հարցերին:
Պետական համալսարանում կարող էին ուսանել այն քաղաքացիները, որոնց 16 տարին արդեն լրացել էր և բավարարում էին համալսարանի և Լուսավորության ժողովրդական կոմիսարիատի (Լուսժողկոմ) պահանջներին:
Ըստ կանոնադրության՝ համալսարանում գիտական աշխատանքով զբաղվողները կոչվում էին գիտական աշխատավորներ, նրանց թվում էին պրոֆեսորները, դասատուները և գիտական աշխատակիցները: Դասատուներն այն աշխատավորներն էին, որոնք վարում էին օժանդակ դասընթացներ կամ ինքնուրույն էին աշխատում ՝ ընտրելով որպես ղեկավար պրոֆեսորից որևէ մեկին:
Գիտական աշխատակիցներին ընդունում էր համալսարանի վարչությունը, իսկ հաստատում էր Արհեստագիտական-լուսավորական գլխավոր վարչությունը (Արհլուսգլխվար): Սկզբում աշխատանքը մեկ տարի ժամկետով էր, իսկ հետո՝ արդյունավետ աշխատանքի դեպքում, նախատեսվում էր այն երկարաձգել:
Պարապմունքների հաճախականությունը, ըստ կանոնադրության, պետք է լիներ ինը ամսից ոչ պակաս, իսկ արձակուրդները՝ 3 ամսից ոչ ավելի:
1925 թվականին Հայաստանի պետական համալսարանն ուներ 5 ֆակուլտետ՝ Հասարակագիտական, Պատմագրականական, Գյուղատնտեսական, Բժշկական և տեխնիկական: Համալսարանին առընթեր գործում էր նաև Բանվորական ֆակուլտետը, որի գործունեությունը համաձայնեցվում էր համալսարանի հետ:
Ըստ կանոնադրության՝ Հայաստանի պետական համալսարանը ենթարկվում էր ՀՍԽՀ ժողովրդական կոմիսարիատին: Թե՛ համալսարանում, թե՛ համալսարանական անձնակազմում փոփոխություններ կատարելու իրավունքը պատկանում էր բացառապես Լուսժողկոմին:
Պետական համալսարանում տեղի ունեցող ուսումնական և վարչական գործընթացները վերահսկվում էին Արհեստագիտական-լուսավորական գլխավոր վարչության կողմից: Առանձին ֆակուլտետներին վերաբերող հարցերը քննարկում էին ֆակուլտետների խորհրդը և դեկանը՝ համալսարանի ընդհանուր վերահսկողությամբ:
Ֆակուլտետների ղեկավարությամբ գործում էին նաև առարկայական հանձնաժողովներ, որոնք ձևավորվում էին հարակից գիտակարգում ուսումնասիրություններ ծավալող աշխատակիցներից և ուսանողներից:
Այդ հանձնաժողովների հիմնական աշխատանքն ուսումնական պլանի, դասավանդման մեթոդների կազմումն ու մշակումն էր, ինչպես նաև պրոֆեսորների և դասախոսների աշխատանքին գնահատական տալը:
Ֆակուլտետների վարչական կազմը բաղկացած էր ֆակուլտետի խորհրդից ու դեկանից:
Ֆակուլտետի խորհրդի կազմի մեջ մտնում էին ֆակուլտետի դեկանը, առարկայական հանձնաժողովների նախագահները, այդ հանձնաժողովներից մեկական ներկայացուցիչներ, ինչպես նաև ուսանողներ: Ֆակուլտետների խորհուրդը նախագահում էր դեկանը:
Դեկանը ֆակուլտետների խորհրդի որոշումներն անմիջապես ներկայացնում էր Արհեստագիտական-լուսավորական գլխավոր վարչություն, և դրանք ուժի մեջ էին մտնում, եթե մեկ շաբաթում չէին բողոքարկվում:
Ֆակուլտետի դեկանի գործառույթները ֆակուլտետի խորհրդի աջակցությամբ հաստատում էր Լուսավորության ժողովրդական կոմիսարիատի արհլուսգլխվարի կողմից:
Համալսարանի բարձրագույն մարմիններն էին համալսարանի խորհուրդը և համալսարանի վարչությունը:
Համալսարանի խորհրդի նպատակը համալսարանի կառավարումն ու վերահսկողությունն էր: Համալսարանի աշխատանքներին համապատասխան ուղղություն տալու համար խորհրդի նիստը գումարվում էր կիսամյակը մեկ անգամ: Խորհրդի կազմի մեջ մտնում էին վարչության անդամներ, ֆակուլտետի դեկաններ, 5 պրոֆեսոր, 5 դասախոս և գիտական աշխատակիցներ, գործադիր կոմիտեի ներկայացուցիչներ, պրոֆմիության խորհրդի արհմիության մեկ ներկայացուցիչ, համալսարանի տեղական կոմիտեի մեկ ներկայացուցիչ, ամեն ֆակուլտետից մեկ ուսանող, կոմիսարիատների ներկայացուցիչներ: Խորհուրդը նախագահում էր ռեկտորը:
Համալսարանի վարչության մեջ մտնում էին ռեկտորը և երկու պրոռեկտորները:
Վարչության նախագահին և պրոռեկտորին նշանակում էր Լուսժողկոմը՝ ելնելով համալսարանի խորհրդի կողմից ներկայացրած թեկնածուների ցանկից: Վերջինս կարող էր նաև այլ թեկնածու առաջադրել, եթե ներկայացված թեկնածուները չէին համապատասխանում Լուսժողկոմի պահանջներին:
Համալսարանի վարչության հիմնական աշխատանքների մեջ մտնում էին ֆակուլտետի խորհրդի և հանձնաժողովների կողմից կայացրած որոշումների հաստատումը կամ բեկանումը, դեկանների և գիտական ինստիտուտների վարիչների նշանակումը, համալսարանի տարեկան նախահաշվի կազմումը, ինչպես նաև համալսարանի անունից բանականությունների վարումը բոլոր հիմնարկների հետ: Այս ամենից բացի՝ այն կարող է բոլոր վարչություններում ունենալ նաև մշտական կամ ժամանակավոր խորհուրդներ` այս կամ այն հարցը քննության տակ առնելու համար:
Անի Պողոսյան