- Գլխավոր
- Նորություններ
- ՋԵՐՈՄ ԴԵՅՎԻԴ ՍԵԼԻՆՋԵՐԻ ԱՆՏԻՊ ԵՐԿԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ
Փետրվար 04, 2019 | 14:00
Կրթություն
ՋԵՐՈՄ ԴԵՅՎԻԴ ՍԵԼԻՆՋԵՐԻ ԱՆՏԻՊ ԵՐԿԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ
Կհրապարակվեն ամերիկացի հայտնի գրող Ջերոմ Դեյվիդ Սելինջերի գրական այն գործերը, որոնք հեղինակը ստեղծել է, երբ նախընտրել է առանձնանալ հասարակությունից և փակ կյանքով ապրել:
Այս մասին հայտնում է բրիտանական «The Guardian»-ը՝ մեջբերելով Սելինջերի որդու՝ Մեթ Սելինջերի խոսքերը. «Իմ հայրը մոտ 50 տարի ստեղծագործել է առանց հրապարակվելու: Հավատացեք, որ այս ընթացքում հրապարակվելու արժանի շատ նյութեր են կուտակվել»:
Աշխարհահռչակ գրողի վերջին պատմվածքը տպագրվել է «New Yorker» ամսագրում 1965 թվականին:
«The Guardian»-ում տեղ գտած հարցազրույցում Մեթ Սելինջերը նշել է, որ այս ամբողջ ընթացքում իր հայրը շարունակել է ստեղծագործել:
Ավելի քան կես դար՝ մինչ 2010 թվականը, հասարակությունից առանձնանալով, Ջերոմ Դեյվիդ Սելինջերն իրեն ամբողջությամբ նվիրել է գրականությանը և ստեղծագործական կյանքին:
«Պատահում էր, որ երբ մենք միասին մեքենայով ինչ-որ տեղ էինք գնում,- պատմում է Մեթ Սելինջերը,- հայրս կարող էր մեքենան մի անկյունում շատ կտրուկ կանգնեցնել և գրի առնել այն ամենը, ինչի մասին այդ պահին մտածում էր: Երբեմն ինձ ցույց էր տալիս այդ գրվածքները, երբեմն էլ՝ ոչ»:
Մեթն ակնարկել է, որ ձեռագրերում նշվում է նաև Գլասով ընտանիքների պատմության մասին, որոնք ընթերցողին ծանոթ են «Մակույկում», «Ծպեղները բարձր, ատաղձագործներ», «Ֆրենին և Զուին» հայտնի պատմվածքներից:
Հարցազրույցի ժամանակ Մեթ Սելինջերն ավելացրել է, որ հոր ուշ շրջանի գրական գործերը չունեն սյուժեի զարգացման հստակ գծեր:
Ջերոմ Դեյվիդ Սելինջերի մահվանից հետո ձեռագրերի տնօրինման բացառիկ իրավունքը պատկանում է որդուն և գրողի կնոջը՝ Կոլին Օնիլին:
2011 թվականից նրանք երկուսով աշխատում են Սելինջերի թողած գրական ժառանգության վրա:
«Հայրս ինձ հանձնարարել է ի մի բերել իր ձեռագրերը՝ լավ իմանալով, որ այդ աշխատանքը երկար ժամանակ է պահանջում: Հավատացեք, որ 50 տարվա ընթացքում նա հասցրել է շատ պատմություններ գրել: Հենց որ նյութն ամբողջապես պատրաստ լինի, մենք այն կհրապարակենք»,- նշել է Մեթը:
Ըստ նրա՝ այդ գործընթացը կարող է ևս մի քանի տարի տևել:
Անի Պողոսյան