- Գլխավոր
- Նորություններ
- «ՓՈՔՐԻԿ ՀՈՂԱԿՏՈՐ ՈՒՆԵԻՆՔ, ՈՐՏԵՂ ԿԱՆԱՉԵՂԵՆ ԷԻՆՔ ՑԱՆՈՒՄ, ՄԻՆՉԵՎ ՀԻՄԱ ԲՈՒՅՐԸ ՀԻՇՈՒՄ ԵՄ». ԻԿՄ ԴԵԿԱՆԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԻՐ ԱՐՄԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հուլիս 04, 2018 | 16:13
Հասարակություն
«ՓՈՔՐԻԿ ՀՈՂԱԿՏՈՐ ՈՒՆԵԻՆՔ, ՈՐՏԵՂ ԿԱՆԱՉԵՂԵՆ ԷԻՆՔ ՑԱՆՈՒՄ, ՄԻՆՉԵՎ ՀԻՄԱ ԲՈՒՅՐԸ ՀԻՇՈՒՄ ԵՄ». ԻԿՄ ԴԵԿԱՆԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԻՐ ԱՐՄԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը պատմում է իր արմատների մասին: Նրա ծնողները Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղից են:
Արծվաբերդը նախկինում կոչվել է Ղրղի:
Դեկանի համոզմամբ՝ գյուղի անունը պատահական ընտրված չէ. «Բնությունն առեղծվածային է. աջից ու ձախից վեր են խոյանում բարձր սարեր, դիմացդ կիրճն է՝ անսահման ու անվերջանալի թվացող ձորով. հրաշալի է այդ ձորից հետևել արևածագին ու մայրամուտին: Ահա այդ խորհրդանշական ձորի մի անկյունում էլ ծվարել էր հայրական տունս»:
Դումանյանը պատմում է, որ հորական պապը երկար ժամանակ ապրել ու գործել է Թիֆլիսում, հորական տատը եղել է սահմանամերձ Չինարի գյուղից, մորական պապը՝ Մովսես Հայրապետյանը, գյուղի առաջին զինվորն է եղել. «Մորական պապս կատակասեր, բարի մարդ էր, քանի որ գյուղի առաջին զինվորն էր, այդ պատճառով էլ նրա գերդաստանը կոչում էին Սլդաթանց»,- մեկնաբանում է նա:
Դեկանը հիշում է, որ Սլդաթենք զբաղվում էին մեղվաբուծությամբ. «Գյուղում ամենահայտնի մեղվաբույծներն էին, մեղվագործության գիտակներ: Հիշում եմ՝ մորական պապիս տունն առանձնանում էր իր մաքրությամբ ու կոկիկությամբ»:
Դեկանը նշում է, որ հորական կողմը բնակություն է հաստատել քաղաքում, ի տարբերություն մորական տատի ու պապի, ովքեր միշտ ապրել ու արարել են հենց Արծվաբերդում. «Նրանք այդպես էլ մնացին գյուղում, շենացրին տունը: Ես հաճախ եմ գնում գյուղ.արմատներս ինձ կանչում են: Գյուղում ես մանկությանս, ծնողներիս, տատիս, պապիս կարոտն եմ առնում»,- անկեղծանում է նա:
Դումանյանը պատմում է, որ հայրը՝ Ժորա Դումանյանը, հայտնի դեղագործ է եղել, մայրը՝ քիմիայի ուսուցչուհի. «Հայրս իր գործի նվիրյալն էր, դեղագործական արտադրության հիմնադիր է եղել: Իսկ ահա մայրս իր կյանքը նվիրաբերել է սերունդների կրթմանն ու դաստիարակմանը»:
Դումանյանը հիշում է Արծվաբերդի իրենց փոքրիկ տնակը, որի հատակը հողից էր. «Իմ հիշողության մեջ մինչև հիմա կանգուն է այն միհարկանի տնակը, որի հատակն ամեն անգամ անձրևից թրջվում էր»:
Դեկանի հուշերում անջինջ է մնացել տնակի կողքին աճող կանաչեղենի և հացի բույրը. «Փոքրիկ հողակտոր ունեինք, որտեղ կանաչեղեն էինք ցանում, մինչև հիմա բույրը հիշում եմ, չգիտեմ՝ սամիթի՞, թե՞ մանկությանս քաղցր հիշողության բույրն է»:
Դեկանը կարոտում է Արծվաբերդի հացը, մանկության հացից շատ անգամ փորձել է գտնել, բայց ապարդյուն. «Երբ մեկը հաց էր թխում, անպայման պետք է բաժաներ հարևաններին ու բարեկամներին, հացը պահում էին մառանում: Որքա՜ն անուշ էր բույրը, որքա՜ն համեղ: Ինձ թվում է՝ այդ հացից միայն մեր գյուղում կարող են թխել»:
Դեկանը հիշում է գյուղում գտնվող կինոտան մասին, որտեղ հավաքվում էին օրվա հոգսերից, աշխատանքից հոգնած գյուղացիները. «Երեկոյան ամբողջ գյուղը հավաքվում էր. մեկը դաշտից էր գալիս, մյուսը՝ այգուց, բոլորը միասին էին, մաքուր, կոկիկ հանգված. դա գյուղի ամենամեծ իրադարձությունն էր»:
Դումանյանի բնորոշմամբ՝ տավուշցիներին հատուկ է պարզությունը, ուղղամտությունը, ճշմարտախոս լինելը. «Երբեմն ճշմարտությունը հասնում է դաժանության, նրանք բարդույթներից զերծ են, երբ խոսքը վերաբերում է ճշմարտությանը: Ի դեպ, սեփականի նկատմամբ ավելի խստապահանջ ու հետևողական են»:
Դումանյանը վկայում է, որ շամշադինցիները նախկինում բարեկամական կապեր ունեին ադրբեջանցիների հետ. «Կար ընկերություն, հյուրընկալություն, սերտ շփումներ, բայց հետաքրքիրն այն է, որ յուրաքանչյուրը պահում էր իր դիրքը, նույնիսկ ինտենսիվ շփման դեպքում ամուսնություններ չէին լինում, ես երբևէ չեմ տեսել, որ որևէ ադրբեջանցի Արծվաբերդում ապրեր և հայի կենցաղ ներխուժեր»:
Դումանյանը հպարտությամբ է խոսում գյուղում պահպանված արժեքների մասին և ափսոսանքով հավելում, որ քաղաքում դրանք գնալով անհետանում են: «Գյուղում հավաքույթներն անցնում են բանաստեղծական կենացներով, երգ ու պարով, խնդությամբ: Գյուղում ապրողը գիտի կրթության արժեքը, գնահատում է կրթված մարդուն, մտավորականին : Այնինչ քաղաքային բարքերում կրթված անհատը մնում է ստվերում և արհամարհված: Գյուղը մնում է մաքուր, պարզ, չարատավորված»,- եզրափակում է դեկանը:
Անգին Խաչատրյան