- Գլխավոր
- Նորություններ
- «ԴՈՒՔ ԵՔ ԼԻՆԵԼՈՒ ԱՅՆ ՀՊԱՐՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ, ՈՎՔԵՐ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՆ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԱՌԱՋԸՆԹԱՑԸ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ». ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ
Հուլիս 20, 2018 | 17:18
Ուսանողական
«ԴՈՒՔ ԵՔ ԼԻՆԵԼՈՒ ԱՅՆ ՀՊԱՐՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ, ՈՎՔԵՐ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՆ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԱՌԱՋԸՆԹԱՑԸ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ». ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ
Այսօր ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի շրջանավարտները հանդիսավոր արարողակարգով ստացան իրենց ավարտական վկայականները:
Դիպլոմների հանձնման արարողությանը ներկա էին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, ԱԺ պատգամավոր, ԵՊՀ պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը, ֆակուլտետի ամբիոնների վարիչներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, շրջանավարտների ծնողներ, հարազատներ ու ընկերներ:
Միջոցառմանը ներկա էին նաև ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի տարբեր մասնագիտացումների պետական քննական հանձնաժողովների նախագահներ՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը, «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Եղիազարյանը:
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը շնորհավորեց շրջանավարտներին` մաղթելով նրանց անձնական երջանկություն և մասնագիտական հաջողություններ:
Շնորհավորական խոսքով հանդես եկավ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար, ԵՊՀ շրջանավարտ Արծվիկ Մինասյանը:
«Այսօր իսկապես հիշարժան օր է շրջանավարտների համար, քանի որ նրանք ստանում են այն վկայականը, որը թույլ կտա նրանց հասարակությունում հադես գալու որպես տնտեսագետներ և իրենց տեղը գտնելու աշխատաշուկայում: Ես՝ որպես այս ֆակուլտետի շրջանավարտ, կարևորում եմ համալսարանում ստացած կրթությունը, քանի որ այն նախևառաջ միջավայրում ինտեգրվելու և սոցիալականացվելու հնարավորություն է տալիս: Գիտելիք դուք կարող եք ձեռք բերել նաև ձեր աշխատանքային գործունեության ընթացքում, բայց ինչպես պետք է գիտելիք ձեռք բերել, այդ արվեստը դուք սովորում եք համալսարանական կրթության ընթացքում: Ես շնորհակալություն եմ հայտնում ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմին, քանի որ նրանց աշխատանքը չափազանց ծանր է, բայց նաև շատ պատվաբեր է: Անկախ նրանից՝դուք աշխատելու եք պետական համակարգում կամ մասնավոր հատվածում, կարևորն այն է, որ դուք ԵՊՀ-ում ձեռք բերած արժեքային համակարգը պահպանեք: Շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին, նրանց մաղթում եմ կանաչ ճանապարհ: Մենք պատրաստ ենք համագործակցելու, և գուցե ձեզանից շատերն իրեՆց տեղը գտնեն հենց մեր նախարարությունում»,-ասաց Արծվիկ Մինասյանը:
ԱԺ պատգամավոր, ԵՊՀ պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը նույնպես շնորհավորեց և բարեմաղթանքներ հղեցին շրջանավարտներին: «Դուք պետք է հպարտ լինեք, քանի որ ավարտում եք Երևանի պետական համալսարանը: Դուք եք լինելու այն հպարտ քաղաքացիները, ովքեր ապահովելու են մեր երկրի առաջընթացը և անվտանգությունը»,- հավելեց պրոֆեսորը:
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանն իր շնորհավորական խոսքում նշեց, որ տարիներ հետո շրջանավարտներն ավելի շատ են արժևորելու իրենց ուսանողական տարիները և հավելեց. «Երբեք չբավարարվեք գիտելիքներ կուտակելով, անընդհատ ինքնակրթվեք, սովորեք նոր հմտություններ, զարգացրեք ձեր կարողություններն ու կյանքում անպայման կհասնեք ձեր նպատակներին»:
«Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Եղիազարյանն իր խոսքում նշեց, որ այս օրը շրջանավարտների կյանքում կարևոր իրադարձություն է: «Ձեր ստացած գիտելիքները ձեզ օգնելու են կյանքում կայանալու որպես մասնագետ: Ես ցանկանում եմ, որ դուք գտնեք ձեր արժանի տեղը՝ ծառայելով ձեզ և ձեր երկրին: ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը շատ կարևոր դեր է ունեցել մեր երկրի կառավարման գործում, իսկ այս ֆակուլտետի շրջանավարտ լինելը մեծ պատիվ է»,- ասաց Արմեն Եղիազարյանը:
Շրջանավարտներին իրենց բարեմաղթանքները հղեցին նաև ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները:
Նադեժդա Տեր-Աբրահամյան