- Գլխավոր
- Նորություններ
- «ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ. ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԵՎ ԱՐՁԱԳԱՆՔ». ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Հոկտեմբեր 23, 2019 | 16:50
Հասարակություն
«ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ. ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԵՎ ԱՐՁԱԳԱՆՔ». ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում այսօր ԱՄՆ ֆեդերալ կառավարությունում 30 տարվա և իրավապահ համակարգում շուրջ 25 տարվա աշխատանքային փորձ ունեցող Վարդան Վիկտոր Վարդանյանը հանդես է եկել «Մտավոր սեփականության իրավունքների խախտումներ. մարտահրավերներ և արձագանք» խորագրով դասախոսությամբ:
Իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ տեղի ունեցած դասախոսության սկզբում ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը փաստեց, որ մասնակիցների համար առանձնահատուկ հնարավորություն է ստեղծվել մասնագետի օգնությամբ հիմնավորապես ծանոթանալու մտավոր սեփականության հիմնախնդիրներին, որոնց հնարավորինս կատարյալ կարգավորումներն արվել են ԱՄՆ-ում:
«Դուք գիտեք, որ ցանկացած բնագավառ առավելապես զարգացած է լինում կոնկրետ երկրում, մտավոր սեփականության առումով այդ երկիրն ԱՄՆ-ն է: Մեր այսօրվա հյուրը, որը հետաքրքիր կենսագրություն ունի, աշխատանքային փորձառության տարիներին մասնագիտացել է մտավոր սեփականության ոլորտում»,- նշեց Գագիկ Ղազինյանը:
Քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ Տաթևիկ Դավթյանն ասաց, որ արդի ժամանակաշրջանում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը և տարածմանը զուգընթաց, մեծապես կարևորվում է մտավոր սեփականության իրավունքի հարցը. «Նորարարությունն առանց մտավոր սեփականության պատշաճ պաշտպանության հնարավոր չէ պատկերացնել»:
Նա նշեց, որ պարոն Վարդանյանը համահեղինակ է նաև զեկույցի, որն առաջարկում է ոլորտի փոփոխություններ, որոնք կխթանեն բիզնեսի զարգացումը՝ պաշտպանելով մտավոր սեփականությունը:
Դասախոսության ընթացքում Վարդան Վիկտոր Վարդանյանը մասնակիցներին պատմեց, որ մտավոր սեփականության հարցն առաջին անգամ ամրագրվել է ԱՄՆ Սահմանադրության մեջ 18-րդ դարում:
Հանդիպման ընթացքում բանախոսը խոսեց մտավոր սեփականության տեսակների մասին, մանրամասնորեն ներկայացրեց խախտումների բնույթն ու տեսակները: Բացի դրանից՝ նա ներկայացրեց ԱՄՆ օրենսդրությունը և նախադեպային որոշումները:
Քնար Միսակյան