- Գլխավոր
- Նորություններ
- ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՆՇԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ, ԵՊՀ ԶՈՀՎԱԾ ՈՒՍԱՆՈՂ-ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 54-ԱՄՅԱԿԸ
Ապրիլ 22, 2019 | 16:21
Հասարակություն
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՆՇԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ, ԵՊՀ ԶՈՀՎԱԾ ՈՒՍԱՆՈՂ-ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 54-ԱՄՅԱԿԸ
ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբն ապրիլի 21-ին այցելեց Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղ՝ նշելու Հայաստանի Ազգային հերոս, ԵՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկ Թաթուլ Կրպեյանի ծննդյան 54-ամյակը:
Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը, Թաթուլ Կրպեյանի քույրը՝ «Վարդանանք» ՌՀԴԱ-ի փոխնախագահ Ռուզաննա Կրպեյանը, ԵՊՀ մի շարք ֆակուլտետների ուսանողներ, հերոսի հարազատները և ընկերները:
Միջոցառման մասնակիցները նախ եղան Թաթուլ Կրպեյանի տուն-թանգարանում, որտեղ ծանոթացան թանգարանի պատմությանը, հերոսի թողած ժառանգությանը, նամակներին, հուշերին, թերթեցին ձեռագրերը:
ysu.am-ի հետ զրույցում «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը նշեց, որ համալսարանականների այցը Թաթուլ գյուղ ավանդական է դարձել. ««Վարդանանք»-ը կենդանի է պահում ազգի նվիրյալների հիշատակը: Այդ հերոսներն իրենց անունները գրեցին ԵՊՀ պատվո գրքում, որն այսօր օրինակ է մեր երիտասարդների համար»:
Ս. Աբրահամյանը պատկերավոր հիշում է տաղանդաշատ Թաթուլի մուտքը ԵՊՀ. «Ես Ուսանողական ակումբի տնօրենն էի, երբ Թաթուլի դասախոսը՝ Հովհաննես Մկրտչյանը, ներկայացրեց նրան՝ որակելով որպես տաղանդավոր և բազմաշնորհ ուսանող: Իսկապես, նա փայլուն ուսանող էր՝ օժտված բացառիկ տաղանդով. կատարում էր ազգագրական երգեր, շատ երգեր փրկում էր մոռացումից և կորստից»:
Հերոսի ծննդյան օրը գյուղի ակումբում հավաքվել էին գյուղացիներ, երիտասարդներ, ընկերներ, հարազատներ:
Ս. Աբրահամյանը պատմեց, որ այնտեղ էին նաև Թաթուլի 4 եղբայրները, որոնք նույնպես մասնակցել են Արցախյան շարժմանը, բայց համեստությամբ մնացել են ստվերում, և նրանց անունները որևէ տեղ չի հիշատակվել:
«Թաթուլի եղբայրը՝ Մանվելը, մինչև այսօր հսկում է Օմարի լեռները»,- ընդգծեց ակումբի նախագահը:
Ս. Աբրահամյանն ասաց, որ հերոսի հիշատակին նվիրված ու արդեն պանթեոն դարձած հուշահամալիր շատերն են այցելում: «Նախքան ծառայության մեկնելը զորակոչիկները երդվում են Կրպեյանի հուշահամալիրի մոտ, որ պատվով են պաշտպանելու հայրենի հողը»,- ամփոփեց «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի նախագահը:
Վարդանանքցիների խոսքով, օրը լի էր հույզերով, հատկապես հպարտության մեծ զգացումով, որ Թաթուլը համալսարանական էր, և նրա հիշատակը հավերժ վառ է մնալու: