- Գլխավոր
- Նորություններ
- ՊՐՈՖԵՍՈՐԻ ՆԵՐՇՆՉԱՆՔԻ ԱՂԲՅՈՒՐԸ ՊՐՈՖԵՍՈՐ ԿԻՆՆ Է ԵՂԵԼ
Դեկտեմբեր 05, 2018 | 13:42
Հասարակություն
ՊՐՈՖԵՍՈՐԻ ՆԵՐՇՆՉԱՆՔԻ ԱՂԲՅՈՒՐԸ ՊՐՈՖԵՍՈՐ ԿԻՆՆ Է ԵՂԵԼ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայ նորագույն գրականության ամբիոնի պրոֆեսոր Վազգեն Գաբրիելյանի ու Գրականության տեսության և գրաքննադատության ամբիոնի պրոֆեսոր Ժենյա Քալանթարյանի հանդիպման ճակատագրական վայրը եղել է ԵՊՀ-ն: Այդ օրվանից անցել է ուղիղ 58 տարի: Մեզ հետ զրույցում ամուսնական զույգն անկեղծացավ և պատմեց 58 տարի առաջ սկիզբ առած սիրո պատմության մասին:
Ճակատագրական հանդիպման վայրը համալսարանն էր
«Ժենյան առաջին կուրս էր, երբ մենք՝ բարձր կուրսի տղաներով, գնացել էինք լավ աղջիկ որոնելու»,- անկեղծանում է Վազգեն Գաբրիելյանը:
Եվ ահա, երկար հյուսեր ունեցող Ժենյա Քալանթարյանն առաջին հայացքից գրավել է պրոֆեսորին. «Ժենյայի համեստությունը, լրջությունը և ուսման հանդեպ պատասխանատվությունը խորացրին նրա հանդեպ ունեցած հետաքրքրությունս»:
Ի հավելումն դրա՝ Ժենյա Քալանթարյանը նկատեց, որ ինքը ոչ միայն երկար հյուսերով ու համեստությամբ է աչքի ընկել, այլև աշակերտական համազգեստով. «Հագնում էի աշակերտական համազգեստ, որն առանց գոգնոցի էր»:
Վազգեն Գաբրիելյանն օգտվել է սիրո օբյեկտին մոտենալու առաջին իսկ պատեհ առիթից. «Ես այդ ժամանակ ԵՊՀ թերթում էի աշխատում, որն ինձ հնարավորություն տվեց գրելու Հայ բանասիրության ֆակուլտետում սովորող խելացի և բանիմաց ուսանողուհու մասին»:
Կշեռքավարը՝ սիրո վկա
Զույգի հանդիպման վայրը միայն համալսարանը չի եղել: Սիրահարված երիտասարդը մշտապես սպասել է տան մոտ՝ աչքը սիրելիի ճանապարհին: «Մենք քայլում էինք ներկայիս Թումանյան փողոցով, և մեր քայլերին լուռ հետևում էր փողոցի անկյունում կանգնած կշեռքավարը,- հիշում է տիկին Քալանթարյանը,- ժպտում էր, նայում մեզ, կարծես ցանկանում էր խոսել ու կիսվել իր տպավորություններով»:
Սերն արտահայտվում էր բանաստեղծությունների միջոցով
Պրոֆեսորի ներշնչանքի աղբյուրը Ժենյա Քալանթարյանն էր, որին ձոնել է մի շարք բանաստեղծություններ. «Երբ կարդաք բանաստեղծություններս, կտեսնեք՝ վերջում գրված է Ժ. Ք-ին»,- պարզաբանում է պրոֆեսորը:
Սակայն այդ բանաստեղծությունները շարունակական չեն եղել. «արգելողը» հենց սիրելին է եղել. «Ես և՛ ներշնչանքի աղբյուրն եմ եղել, և՛ խանգարողը. կարծում եմ՝ առօրեական բանաստեղծություն չպետք է գրել»:
«Նույն մասնագիտություն ունենալը որքան դժվար, նույնքան հաճելի է»
Նրանք նշեցին, որ մասնագիտական ուսումնասիրությունները, քննարկումները, հարցերը շարունակվում են նաև տանը: «Դա որքան դժվար, նույնքան հաճելի գործընթաց է: Մեկս մյուսին լրացնում ենք, հարստացնում»,- ասաց տիկին Քալանթարյանը:
«Մեկս մյուսին հասկանում ենք, վստահում, օգնում, հոգ տանում. դրանից կարևոր էլ ի՞նչ կա»,- ընդգծում է Վ. Գաբրիելյանը:
Իսկ հոգատարությունը, հարգանքն ու սերը ակներև են: Համալսարանականները նրանց մշտապես տեսնում են միասին, ձեռք ձեռքի բռնած, սիրով լի աչքերով:
«Մենք երջանիկ ենք և շնորհակալ ենք ճակատագրին»
Նրանք ունեն երկու զավակ, չորս թոռ և մեկ ծոռ: Զրույցի վերջում 54 տարի շարունակ լսվող սիրո խոստովանություններին ավելացավ ևս մեկը:
«Ես միշտ զգում եմ քո կարիքը և ուզում եմ՝ միշտ կողքիս լինես»,- ամփոփեց Ժենյա Քալանթարյանը:
Անգին Խաչատրյան