- Գլխավոր
- Նորություններ
- ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ
Սեպտեմբեր 25, 2018 | 21:34
Գիտություն
ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ
Այսօր ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Հարությունյանի պարգևատրման հանդիսավոր արարողությունը:
ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի կիսահաղորդիչների ֆիզիկայի և միկրոէլեկտրոնիկայի ամբիոնի վարիչ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլ. Հարությունյանին ֆիզիկայի, ֆիզիկական քիմիայի, կիսահաղորդիչների տեխնիկայի ոլորտի զարգացման գործում ունեցած գիտական մեծ ավանդի համար համալսարան մրցանակները հանձնելու էին եկել ոլորտի հայտնի մասնագետներ «Alternative Energy and Ecology» միջազգային հեղինակավոր հանդեսի հիմնադիր ու գլխավոր խմբագիր Ա. Լ. Գուսևը և ՌԴ պետական մրցանակի դափնեկիր Ա. Ի. Կոկորինը:
Հյուրերին նախ ողջունեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ով բարձր գնահատեց ոչ միայն պրոֆեսորի անձնական ձեռքբերումները, այլև նրա ղեկավարության ներքո գործող լաբորատորիայի երիտասարդ մասնագետների գործունեությունը:
«ԵՊՀ-ի և ընդհանրապես բոլոր համալսարանականների համար մեծ պատիվ է այսօր հյուրընկալելու բնագավառի հեղինակավոր մասնագետներին: Ուրախ ենք, որ մեր վաստակաշատ պրոֆեսորի աշխատանքները բարձր գնահատականի են արժանանում միջազգային գիտական հանրության կողմից»,- նշեց Արամ Սիմոնյանը:
Այնուհետև քիմիայի և կենսաքիմիայի բնագավառում ունեցած նշանակալի ձեռքբերումների համար ՌԴ գիտությունների ազգային ակադեմիայի և Մոսկվայի պետական համալսարանի ակադեմիկոս Ն. Մ. Էմանուելի անվան մեդալը Ա. Կոկորինը հանձնեց Վլադիմիր Հարությունյանին:
«Հաճելի է գտնվել Երևանում. քաղաք, որը դեռ Խորհրդային Միության տարիներից բոլորին հայտնի է ոչ միայն իր ջերմությամբ ու հյուրասեր մարդկանցով, այլև գիտական հզոր ներուժով: Այսօր էլ, չնայած մի շարք դժվարությունների, Հայաստանը շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել գիտության բոլոր ճյուղերում»,- ասաց Ա. Կոկորին:
«Alternative Energy and Ecology» միջազգային հեղինակավոր հանդեսի հիմնադիր և գլխավոր խմբագիր Ալեքսանդր Գուսևն էլ հանդես եկավ այլընտրանքային էներգիայի բնագավառում իրականացվող գործունեության մասին զեկուցմամբ, որից հետո էլ հայտարարեց Վլ. Հարությունյանին Այլընտրանքային էներգիայի և էկոլոգիայի միջազգային ասոցիացիայի ոսկե մեդալի հանձման որոշման մասին:
«Ցավոք, մեդալը դեռ պատրաստման փուլում է, սակայն այս ամբիոնից ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ ոլորտի առաջատար մասնագետների որոշման համաձայն՝ այն կհանձնվի հայ ակադեմիկոս Վլ. Հարությունյանին: Ուրախ եմ և մեծ պատիվ է ինձ համար, որ իմ հայ գործընկերն արժանացել է այս հեղինակավոր պարգևին: Վստահ եմ, որ մեր հետագա համագործակցությունը նույնպես արդյունավետ ու հեռանկարային կլինի»,- նշեց Ա. Գուսևը:
Վլադիմիր Հարությունյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին ջերմ խոսքերի համար և ներկայացրեց ԵՊՀ-ում իրականացվող գիտական ծրագրերն ու արդեն իսկ գրանցված հաջողությունները:
«ԵՊՀ ղեկավարությունը մշտապես աջակցել է մեզ՝ ստեղծելով բոլոր պայմանները գիտական գործունեություն ծավալելու և մրցունակ արտադրանք ստեղծելու համար: Այս մեդալները միայն իմը չեն, պարգևները մեր հաղթանակներն են: Շնորհակալ եմ բոլորին»,- ասաց ակադեմիկոս Հարությունյանը:
Վաստակաշատ պրոֆեսորին շնորհավորեցին նաև համալսարանական գործընկերները:
«Վլադիմիր Հարությունյանին ճանաչում եմ ուսանողական տարիներից: Նա մշտապես աջակցել է երիտասարդներին: Ես մինչ օրս էլ սովորում եմ նրանից ու օգտվում խորհուրդներից: Նա լավ և վստահելի ընկեր է, ում կարող ես դիմել ցանկացած հարցով»,- նշեց Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան Խաչատուր Ներկարարյանը: