- Գլխավոր
- Նորություններ
- ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
Սեպտեմբեր 03, 2018 | 17:16
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ԵՊՀ ֆակուլտետների դեկանները շնորհավորական ուղերձներ են հղել առաջինկուրսեցիներին:
Վահրամ Դումանյան
ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան
Ընդունելության հիմնական փուլն ավարտված է: Այս տարի ՀՀ-ում շրջանավարտների քանակը փոքրաթիվ էր, սակայն նույնիսկ այդ իրավիճակում մեր ֆակուլտետը բարձր մրցութային պայմաններում համալրվել է 100 տոկոսով: ԵՊՀ ֆակուլտետների մեջ ամենաշատ դիմորդ ընդունվել է Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ: Այսպիսի ցուցանիշ առաջին անգամ չէ, որ գրանցվում է մեր ֆակուլտետում: Գոհունակությամբ ու հպարտությամբ պետք է արձանագրեմ, որ ֆակուլտետի կոլեկտիվը համարում է, որ այդ փաստը մեր հասարակության գնահատականն է մեր աշխատանքին: Սակայն, այս ցուցանիշները նաև բավականին պարտավորեցնող են: Քանակի պատճառով որակը չպետք է տուժի: Յուրաքանչյուր տարի կրթության որակի բարձրացման ուղղությամբ լուրջ աշխատանքներ են տարվում ֆակուլտետում, սակայն մեր միջոցները նույնպես սահմանափակ են:
Հաճախ են կարծիքներ հնչում այն մասին, որ մասնագիտությունն է արդիական ու պահանջված, ուստի նման բարձր ցուցանիշներ են արձանագրվում: Պետք է ընդգծել, որ, անկասկած, տվյալ մասնագիտությունը մեծ պահանջարկ ունի՝ երկրորդ կարծիք չկա, սակայն այդ ուղղությամբ կրթություն միայն ԵՊՀ-ն չէ, որ առաջարկում է: Այլ բուհեր նույնպես իրականացնում են ինֆորմատիկայի ոլորտի մասնագետների պատրաստում՝ ստեղծելով ուժեղ մրցակցային դաշտ, սակայն ամենաբարձր ցուցանիշը միևնույն է մեր ֆակուլտետում է: Դա վկայում է, որ ԻԿՄ-ում պրոֆեսորադասախոսական կազմը համալրված է բարձրակարգ մասնագետներով, ովքեր էլ որակյալ և հիմնարար գիտելիքներ են տալիս ուսանողներին: Ֆակուլտետն ընդամենը երեք ամբիոն ունի: Այս քաղաքականությունը, այն է խոշորացնել ամբիոնները և ընդարձակել բովանդակությունը, վաղուց ենք որդեգրել, որի արդյունքն արդեն իսկ երևում է: Պետք է նշել նաև, որ մեր հաջողության գրավականը մեր շրջանավարտներն են, ովքեր բարձր գնահատականի են արժանանում աշխատաշուկայում:
Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի առաջինկուրսեցիներին սրտանց ուզում եմ շնորհավորել և բարի գալուստ ասել մեր մեծ ընտանիք: Նրանք ֆակուլտետում ոչ միայն իրական գիտելիքներ ստանալու, այլև ջերմ և փոխադարձ հարգանքի մթնոլորտում մասնագիտանալու հնարավորություն ունեն: Հույս ունեմ, որ ուսանողներն իսկապես սիրում են իրենց ընտրած մասնագիտությունը, ինչը շատ կարևոր է բարձրակարգ և որակյալ մասնագետ դառնալու համար: Սեպտեմբերից կսկենք աշխատել հանուն մեր երկրի ապագայի, որի հիմնաքարը հենց երիտասարդներն են:
Գագիկ Ղազինյան
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան
Իրավագիտության ֆակուլտետն իր գործունեության ընթացքում տվել է մոտ 24.000 շրջանավարտ: Ֆակուլտետի դերակատարությունն առանձնապես նշանակալից է եղել Հայաստանի 3-րդ Հանրապետության տարիներին, երբ պրոֆեսորադասախոսական գրեթե ամբողջ կազմը ներգրավվեց նոր պետության կայացման իրավական հիմքերի ձևավորման գործընթացում՝ սկսած Սահմանադրությունից մինչև դատաիրավական բարեփոխումներ: Իրավագետի, ինչպես նաև բժշկի ու տնտեսագետի մասնագիտություններն ամբողջ աշխարհում համարվում են էլիտար՝ հաշվի առնելով մասնագիտության հանդեպ հանրային պահանջը: Հասարակական կյանքի կամ պետական համակարգի ցանկացած բնագավառում լավ իրավաբանի անհրաժեշտություն միշտ կա, իսկ մեր երկրում՝ որպես կայացող պետություն, այդ պահանջարկն էլ ավելի է ընդգծվում: Կոտրվել է նաև այն կարծրատիպը, որ իրավագետի մասնագիտությունը պահպանողական է իր բույթով, քանի որ այսօր իրավագիտությունն ամենադինամիկ զարգացող մասնագիտություններից է համարվում: Հենց այդ փոփոխություններին համընթաց էլ զարգանում է նաև մեր ֆակուլտետը՝ ըստ պահանջի կազմակերպելով ուսումնական գործընթացը, ներմուծելով պրակտիկայի պահանջներին համապատասխանող առարկաներ և դասավանդման արդիական մեթոդներ: Պատահական չէ, որ Իրավագիտության ֆակուլտետի լավագույն շրջանավարտներն այսօր աշխատում են պետական համակարգի բոլոր օղակներում, մասնավոր ու միջազգային ընկերություններում, ինչպես նաև արտերկրում:
Իրավագիտության ֆակուլտետի նորեկներին մաղթում եմ բարի գալուստ: Ուսանողների կողմից մեծ ցանկություն և աշխատասիրություն ցուցաբերելու դեպքում նրանց որակյալ կրթությունը մեր ֆակուլտետում երաշխավորված կլինի: Լավագույնները հնարավորություն կունենան ուսումը շարունակելու միջազգային գործընկեր բուհերի ու ընկերությունների հետ համագործակցության արդյունքում մշակված կրթական ծրագրերում, ինչպես արտասահմանյան առաջատար բուհերում: Ֆակուլտետի երիտասարդ դասախոսների ճնշող մեծամասնությունն օգտվել է ուսումնառության տարիներին ընձեռված հնարավորություններից: Ուսանողներին հորդորում եմ ձգտել լինել լավագույնների շարքում, քանի որ իրավագետի, ինչպես նաև բժշկի դեպքում, մասնագետը պետք է լինի լավը, որովհետև երկուսն էլ գործ ունեն մարդու կյանքի և հիմնարար իրավունքների հետ: Նշեմ նաև, որ ֆակուլտետում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը, համագործակցելով մեր արտասահմանյան գործընկերների հետ, արդեն իսկ աշխատում է ուսումնական գործընթացի կազմակերպման ոլորտում նոր մեթոդների ու մոտեցումների մշակմամբ: Մեր ուսանողները շատ շուտով կզգան այդ նորամուծությունները, որոնք կգործեն արդեն 2019-2020 ուստարվանից:
Տարիել Ղոչիկյան
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկան
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետն այսօր մասնագետներ է պատրաստում երկու մասնագիտացմամբ՝ «Քիմիա» և «Սննդի անվտանգություն»: Ներկայումս աշխատանքներ են իրականացվում, այսպես կոչված, «փոքր» քիմիայի զարգացման ուղղությամբ, քանի որ Հայաստանում այլևս խոշոր արդյունաբերական կենտրոններ չկան: Չնայած նրան, որ վիճակագրական տվյալներ չկան մասնագետների պահանջարկի վերաբերյալ, այնուամենայնիվ մեր շրջանավարտները ներկայումս ապահովված են մասնագիտական աշխատանքով: Մեր քիմիկոսների մեծ արտահոսք է նկատվում դեպի եվրոպական երկրներ: Ցավոք, քիմիայի ոլորտում հետազոտական աշխատանքների պահանջարկ չկա, ուստի ֆակուլտետի շրջանավարտները, ովքեր տիրապետում են օտար լեզվի և բազային լավ գիտելիքների, մեկնում են արտերկիր և աշխատանք ստանում առաջատար ընկերություններում:
Սննդի անվտանգության ոլորտի մասնագետների պատրաստման գործընթացը համեմատաբար երիտասարդ ճյուղ է, սակայն կրթական ծրագրում ընդգրկված են փորձառու և բարձր որակավորում ունեցող մասնագետներ: Բակալավրիատի ծրագրով հաջորդ ուստարում կունենանք առաջին շրջանավարտները, իսկ մագիստրոսական ծրագրի շրջանավարտներից մի քանիսը հենց ավարտական աշխատանքների պաշտպանության օրը հանձնաժողովի անդամների կողմից աշխատանքի հրավեր ստացան: Դա շատ գովելի փաստ է՝ ի օգուտ մեր բարձրակարգ դասախոսների: Նշեմ նաև, որ չնայած մասնագիտությունը դեռևս կայացման փուլում է, սակայն արդեն իսկ մեծ պահանջարկ ունի:
Քիմիայի ֆակուլտետը նաև բավականին ակտիվ միջազգային համագործակցություն է ծավալում արտասահմանյան բուհերի և գիտական կենտրոնների հետ: Մասնավորապես փոխանակման մի շարք կրթական ծրագրեր են իրականացվում գերմանական Ռոստոկի և Սաարլանդի համալսարանների հետ: Ֆակուլտետի ուսանողները ձեռք են բերում նոր հմտություններ և մեթոդներ, որոնք հաջողությամբ ներառվում են մեր կրթական ու փորձարարական գործընթացներում:
Նորաթուխ համալսարանականներին՝ մասնավորապես Քիմիայի ֆակուլտետի առաջինկուրսեցիներին, ասում եմ բարի գալուստ և մաղթում, որ նրանց ինտեգրումը համալսարանական և երկրի հասարակական կյանքում հարթ լինի: Մեր նորեկներին հավաստիացնում եմ, որ Մայր բուհի քիմիայի ֆակուլտետում ստացած գիտելիքներն ու հմտությունները նրանց թույլ կտան մասնագիտական աշխատանք գտնելու ցանկացած երկրում:
Մարատ Գրիգորյան
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան
Ֆակուլտետում բազմակողմանի աշխատանքներ են տարվում առաջինկուրսեցիներին արժանավայել դիմավորու համար՝ ստեղծելով լավագույն լսարանային ու լաբորատոր պայմաններ: Այս տարի բոլոր բուհերի ու ֆակուլտետների համար բավականին ծանր տարի է, սակայն մենք չենք հուսահատվում, քանի որ հստակ գիտակցում ենք, որ տվյալ պատկերը ոչ թե մեր հանդեպ անվստահությունից է կամ կրթության ոչ բավարար որակից, այլ կրթական ամբողջ համակարգի բարեփոխումներից: Ամեն դեպքում, համեմատելով ընդունելության արդյուքներն այլ պետական բուհերի հետ, տեսնում ենք, որ Մայր բուհը կրկին առաջատար է, ինչը, իհարկե, ուրախալի է:
Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի նորեկները շուտով կհամոզվեն, որ չեն սխալվել իրենց ընտրության հարցում: Ֆակուլտետի լաբորատորիաները հագեցած են նորագույն ու ժամանակակից սարքավորումներով, ժամանակի պահանջին համապատասխան կրթական ծրագրերով և բարձրակարգ դասախոսական կազմով: Լուրջ աշխատանք է տարվում նաև պրակտիկայի կազմակերպման և միջազգայնացման ուղղությամբ: Մեր շրջանավարտները ոչ միայն բարձր որակավորմամբ մասնագետներ են դառնում, ովքեր ուսումնառությունից հետո աշխատանքով ապահովված են լինում, այլև բուհից դուրս են գալիս իբրև իսկական քաղաքացի, պետության հասարակական-քաղաքական կյանքի ակտիվ մասնակից:
Ֆակուլտետում ուսանողների հետ հանդիպումները պարբերաբար բնույթ են կրում, ինչը կարևոր է դասախոս-ուսանող ջերմ ու անկեղծ հարաբերությունների կայացման համար: Ուսանողները պետք է տեղյակ լինեն իրենց իրավունքների ու պարտավորությունների մասին, քանի որ մեր վաղվա օրն ու հաջողությունները նրանց մոտեցումներից, հարցադրումներից, պահանջներից և ունակություններից է կախված: Յուրաքանչյուր հանդիպման ընթացքում ընդգծում եմ, որ միշտ նրանց կողքին եմ, սակայն նրանք պարտավոր են նպատակասլաց լինել, լավ սովորել, ձգտել առավելագույնին և ծառայել պետության ու ազգի շահերին:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ նորաթուխ համալսարանականներին և ասում բարի գալուստ, սիրելի՛ առաջինկուրսեցիներ:
Ռոլանդ Ավագյան
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան
Սիրելի՛ ուսանողներ, սրտանց և ջերմորեն շնորհավորում եմ Ձեր կյանքի առաջին փորձությունը հաջողությամբ հաղթահարելու և Հայաստանի Հանրապետության առաջատար բուհ` Երևանի պետական համալսարան, ընդունվելու կապակցությամբ: Սակայն բուհ ընդունվելը և ուսանող դառնալը պետք է տարանջատել: Եթե առաջինը կարելի է լուծել ուժերի կարճաժամկետ գերլարմամբ, ապա երկրորդը` երկարատև ու քրտնաջան աշխատանք, ինչպես նաև նվիրում պահանջող գործընթաց է:
Սեպտեմբերի 1-ից Մայր բուհը` «Alma Mater»-ը, վերածվելու է Ձեր երկրորդ ընտանիքի` ծնողներով (դեկանատներ), քեռիներով (դասախոսներ), քույրերով ու եղբայրներով: Եվ մեր համատեղ կյանքի այդ չորս ու ավելի տարիները հարկ է անցկացնել սիրո և համերաշխության, փոխադարձ հարգանքի և ակտիվ աշխատանքի մթնոլորտում, քանի որ դա է երաշխիքը այն բանի, որ կկարողանանք լուծել մեր առջև հանրապետության նախագահի կողմից ձևակերպված ստեղծագործ գիտնական, երկրի հոգսերի լուծմանը նվիրված քաղաքացի կերտելու գերխնդիրը:
Եզրափակելով` դիմեմ Ֆիզիկայի ֆակուլտետի երկու` «Ֆիզիկա» և «Միջուկային ռեակտորների ֆիզիկա» մասնագիտություններ ընդունված ուսանողներին. ֆիզիկան ոչ միայն մասնագիտություն է, այլև աշխարհայացք և ապրելակերպ, ինչը լրացուցիչ, սակայն հաճելի պատասխանատվություն է:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորին՝ մաղթելով նորանոր բարձունքներ նվաճելու համառություն:
Խաչատուր Ներկարարյան
ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան
Սիրելի՛ առաջինկուրսեցիներ, շնորհավորում եմ Ձեզ ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետ ընդունվելու կապակցությամբ։
«Ռադիոֆիզիկա» մասնագիտությունն ընտրած ուսանողներն արդի ֆիզիկայի հիմունքները յուրացնելուց բացի՝ հիմնարար գիտելիքներ կստանան նաև էլեկտրամագնիսական ալիքների ճառագայթման աղբյուրներին, դրանց տարածման առանձնահատկություններին և գրանցող սարքերին նվիրված դասընթացների ընթացքում:
Արդի գիտության պահանջներին բավարարող հետազոտությունները կարելի է իրականացնել միայն համակարգչային տեխնիկայի հնարավորությունների լայն կիրառմամբ: Ներկայումս ֆակուլտետում գործող «Գիտափորձի համակարգչային ավտոմատացում և մոդելավորում» մասնագիտացումը, անտարակույս, գրավիչ կլինի ձեզանից շատերի համար: Հատկանշական է, որ այդ մասնագիտացմամբ դասընթացները յուրացրած շրջանավարտը կարող է աշխատել ոչ միայն գիտատեխնիկական, այլև տեղեկատվական տեխնոլոգիաներին առնչվող բնագավառներում: Իսկ «Հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում» կրթական ծրագրի շրջանավարտները հնարավորություն կունենան աշխատելու ժամանակակից կապի տարբեր ուղիներ ապահովող հաստատություններում և դրանց հետագա զարգացմանը միտված գիտահետազոտական ինստիտուտներում: «Կիսահաղորդիչների ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա» կրթական ծրագրով, որակավորում ստացած շրջանավարտները գիտելիքներ են ստանում կիսահաղորդչային միկրո և նանոէլեկտրոնիկայի բնագավառից: Միկրոէլեկտրոնիկայի ոլորտում աշխարհում առաջատար դիրք զբաղեցնող «Սինոփսիս» կազմակերպության հետ համատեղ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետում գործում է գերմեծ ինտեգրալային սխեմաների նախագծման մասնագիտացումը:
Այսպիսով՝ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետում, բացի հիմնական՝ բարձր որակավորմամբ պրոֆեսորադասախոսական կազմից, դասավանդում են գիտահետազոտական ինստիտուտներից և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին առնչվող հաստատություններից հրավիրված առաջատար մասնագետներ:
Ֆակուլտետը միջազգային գիտական համագործակցություն է ծավալում ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Դանիայի, Ռուսաստանի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի մի շարք ճանաչված կենտրոնների և համալսարանների հետ:
Ձեզ ցանկանում եմ արդյունավետ աշխատանք, բարձր առաջադիմություն ու ամենայն բարիք:
Արծրուն Ավագյան
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան
Դպրոցական ամեն շրջանավարտ կանգնում է կյանքի ջրբաժանի առջև և ընտրություն պետք է կատարի, թե հետագայում ինչ ուղի ընտրի, որ ոլորտում կայանա, ինչ մասնագետ դառնա: Շրջանավարտների մի մասն ընտրում է բանասիրությունը, ինչը շատ ողջունելի է, որովհետև նրանք այս մասնագիտությամբ պետք է ծառայեն իրենց ժողովրդի հոգևոր, մշակութային ու կրթական գործունեությանը: Նրանք պետք է լինեն լավ մասնագետ, նրանց գործունեությունը մեր ազգային գաղափարներին, ոգուն, նկրտումներին և նպատակներին է ուղղված լինելու: Հետագայում արդեն նրանք են կրթելու նոր ու բարձր գաղափարներով լեցուն սերունդներ:
Մեր ֆակուլտետն ընտրած ուսանողները հիմնարար գիտելիքներ կստանան՝ դառնալով գրագետ, մտածող ու ազգասեր մարդիկ: Իսկ այդպիսի մարդկանց կարիք շատ է զգացվում մեր հասարակությունում:
Բանասիրության աշխարհում անծայր են հետազոտության ոլորտները: Ես նախանձում եմ այն մարդկանց, ովքեր զբաղվում են գրականագիտությամբ և մտնում են գրողի ներքին ու արտաքին աշխարհը, ներթափանցում նրա էություն ու մտածողության մեջ:
Լեզուն մեր ժողովուրդն է, մեր պատմությունը՝ անցյալը, ներկան ու ապագան: Չկա լեզու, չկա և ազգ:
Հայ բանասիրության ֆակուլտետ դիմողներն աշխատասիրության ու պատասխանատվության շնորհիվ անպայման կգտնեն իրենց տեղը: Սրա ապացույցն է նաև այն, որ այստեղ են կրթություն ստացել հայ մտքի մեծեր: Այսօր էլ Հայաստանի գրողների միության անդամների շուրջ կեսը մեր ֆակուլտետի շրջանավարտներ են: Բացվելու են մեծ հնարավորություններ, և այսօրվա մեր առաջինկուրսեցիները կկարողանան կայանալ որպես լավ մասնագետներ: Ողջունում եմ նրանց մուտքը համալսարան: Նրանք լինելու են մի մթնոլորտում, որը նրանց կօգնի կյանքի բազում խնդիրներում ճիշտ կողմնորոշվել, հոգեկան բավարարվածություն ստանալ, գիտական ունակությունները դրսևորել:
Արթուր Սահակյան
ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկան
Մաթեմատիկոս մասնագետների պատրաստումը ԵՊՀ-ում սկսվել է դեռևս 1924 թ.-ին: Դեռևս 40-ական թվականներին պատմականորեն շատ արագ ձևավորվեցին այժմ արդեն լայնորեն ճանաչված հայկական մաթեմատիկական, ինչպես նաև մեխանիկայի դպրոցները, որոնց հիմնադիրներն են ակադեմիկոսներ Արտաշես Շահինյանն ու Նագուշ Հարությունյանը:
Մեր ֆակուլտետում մատուցվող որակյալ կրթությունը հայտնի է ոչ միայն մեր երկրում, այլև նրա սահմաններից դուրս։ Մեր շրջանավարտներն այսօր աշխատում են բազմաթիվ արտասահմանյան հեղինակավոր բուհերում և առաջատար կազմակերպություններում։ Մեր լավագույն ուսանողներն խիստ պահանջված են Հայաստանում՝ հետազոտական կազմակերպություններում, վիճակագրության և տվյալների գիտության արագ զարգացող բնագավառներում, ՏՏ ոլորտի ընկերություններում, ապահովագրական և ֆինանսական կազմակերպություններում և այլուր։ Ֆակուլտետի բոլոր մասնագիտություններով սովորող ուսանողները ստանում են հիմնարար մաթեմատիկական կրթություն, որը պարարտ հող է ստեղծում ամենատարբեր բնագավառներում հաջողությունների հասնելու համար՝ գիտաշխատողից ու դասախոսից մինչև ծրագրավորող, գործարարությունից մինչև քաղաքականություն: Իսկ «Մաթեմատիկա» և «Մեխանիկա» մասնագիտություններով բակալավրիատում սովորող ուսանողները բակալավրի աստիճանի հետ մեկտեղ կարող են ստանալ նաև մաթեմատիկայի ուսուցչի որակավորում՝ անցնելով մի քանի լրացուցիչ դասընթացներ:
Ֆրանսիական Լե Ման քաղաքի համալսարանի հետ իրագործվում են մագիստրոսական ծրագրեր՝ Վիճակագրություն և Ֆինանսական մաթեմատիկա մասնագիտություններով, որոնց շրջանավարտները ստանում են երկու համալսարանների դիպլոմներ: «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» կրթական ծրագրերն իրականացվում են ԵՊՀ-ում գործող «IBM ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն»-ի հետ համատեղ:
Սիրելի՛ առաջինկուրսեցիներ, Դուք դարձել եք մեր երկրի Մայր բուհի առաջատար ֆակուլտետներից մեկի՝ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ուսանողներ։ Սրտանց շնորհավորում եմ այդ կարևոր իրադարձության կապակցությամբ։ Ուսանողական տարիներն ամենակարևոր, ամենահետաքրքիր և ամենաուրախ տարիներն են մարդու կյանքում։ Այս տարիներին եք դուք ձևավորվելու որպես մասնագետ, որպես անհատ, այս տարիների ընկերները ձեզ հետ են լինելու ողջ կյանքի ընթացքում։ Մաղթում եմ, որ ձեր կյանքի այս կարևոր հատվածն անցկացնեք առավել արդյունավետ և օգտակար։ Եղե՛ք առողջ, հաջողակ և երջանիկ։ Բարի երթ։
Գեղամ Պետրոսյան
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան
Սիրելի՛ առաջինկուրսեցիներ, մեծ պատիվ և պատասխանատվություն է սովորել 99-ամյա պատմություն ունեցող Մայր բուհի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Դուք դարձել եք ուսանողն այն ֆակուլտետի ուսանողը, որը համալսարանի առաջամարտիկներից է և պատրաստում է բարձրորակ մասնագետներ: Միաժամանակ համալսարանական լինելը Ձեզ պարտավորեցնում է անաղարտ պահել ֆակուլտետի, Մայր բուհի բարձր վարկանիշն ու անունը, ցուցաբերել մարդկային վեհ հատկանիշներ, ուսման մեջ լինել բարեխիղճ ու նպատակասլաց:
Միջազգային հարաբերությունների բաժնում ուսանողները հնարավորություն ունեն ուսումնասիրելու միջազգային հարաբերությունների տեսություն և պատմություն, միջպետական հարաբերություններ և արտաքին քաղաքականություն, ինչպես նաև ժամանակակից միջազգային հարաբերությունների համակարգը և դրանց առնչվող մի շարք այլ դասընթացներ: Բաժնի ուսումնական պլաններում զգալի տեղ է հատկացված դիվանագիտությանը՝ որպես խաղաղ բանակցությունների միջոցով արտաքին քաղաքականության իրականացման ձևերի, մեթոդների և եղանակների մասին գիտության: Հասարակության քաղաքական կյանքն ուսումնասիրող գիտության՝ Քաղաքագիտության բաժնում ուսումնասիրվող մասնագիտական չորս տասնյակից ավելի դասընթացների ընթացքում ուսանողները կարող են ծանոթանալ հայ քաղաքական մտքի պատմությանը, քաղաքական հրապարակախոսությանը և այլն: Իսկ հանրային կառավարումը միջդիսցիպլինար գիտություն է, որն ուսումնասիրում է հանրային քաղաքականությունը, վարչական և քաղաքական փոխհարաբերությունները, ռազմավարական ուղղությունները:
Ձեր ուսումնառության տարիներին կշարունակվեն վերջին շրջանում ֆակուլտետում իրականացվող ուսումնագիտական բարեփոխումները, որոնք բխում են արդի ոգուց և պահանջներից: Ֆակուլտետը ձեռնարկում և իրականացնում է գիտակրթական բազմաթիվ ծրագրեր, որոնք համահունչ են ժամանակի թելադրանքին:
Սիրելի՛ առաջինկուրսեցիներ, այս բարձր առաքելության կրելու պատիվը վիճակված է Ձեզ, ուստի մաղթում եմ երազանքների իրականացում և, իհարկե, հաջողություններ ուսման մեջ:
Էդիկ Մինասյան
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան
Սիրելի՛ առաջինկուրսեցիներ, ողջունում եմ Ձեզ և սրտանց շնորհավորում Մայր բուհի հիմնադիր ֆակուլտետ ընդունվելու կապակցությամբ: Շուրջ հարյուրամյա պատմություն և ավանդույթներ ունեցող պատմության ֆակուլտետը Հայաստանի Հանրապետության գիտության, մշակույթի ու պետական կառավարման գրեթե բոլոր ոլորտներում մեծ դերակատարում ունեցած և ունեցող կադրերի պատրաստման դարբնոց է:
Ֆակուլտետի պատմություն, կովկասագիտություն, մշակութաբանություն և արվեստաբանություն բակալավրի կրթական ծրագրերով ուսանող երիտասարդները հնարավորություն ունեն հիմնարար գիտելիքներ ձեռքբերելու հայերի, Հայաստանի, մեր տարածաշրջանի և աշխարհի պետությունների ու ազգերի պատմության, մշակույթի վերաբերյալ: Ներկայումս անկախ պետականության պայմաններում կարևոր նշանակություն ունի նոր մեթոդաբանությամբ ու սկզբնաղբյուրների հիման վրա ուսումնասիրելու և նորովի ներկայացնելու հայոց պատմության, մշակույթի ու արվեստի մինչ օրս չուսումնասիրված կամ տարբեր պատճառներով աղավաղված, կեղծված բազմաթիվ հարցեր: Նշված առաքելության իրականացման գործում ավանդաբար մեծ դեր է վերապահվում պատմության ֆակուլտետի սաներին, այդ թվում՝ Ձեզ:
Ֆակուլտետի և նրա շրջանավարտների գործունեությունը նպաստում է կենսունակ ազգային գիտակցություն, պետական մտածողություն ունեցող սերունդների դաստիարակության, հայերի պատմական ու մշակութային ժառանգության բարձր մակարդակով ուսումնասիրման, այն աշխարհին ներկայացնելու, ինչպես նաև հակառակորդ ուժերի կողմից հայոց պատմությունն ու հայկական մշակութային ժառանգությունը կեղծելուն, յուրացնելուն հակազդելու պատասխանատու գործին:
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առջև ծառացած խնդիրները, կովկասյան բարդ տարածաշրջանը՝ Պատմության ֆակուլտետը վերջին տարիներին լուրջ հիմքերի վրա է դրել նաև մեր բարեկամ և հակառակորդ հարևանների լեզուների ուսուցման, պատմության ու մշակույթի ուսումնասիրման գործը: Նշված ոլորտը Հայաստանում կարող է գիտության զարգացման և մեր ֆակուլտետի ուսանողների ապագա գործունեության համար նոր լայն հեռանկարներ բացել:
Սիրելի՛ ուսանողներ, կրկին շնորհավորում եմ Ձեզ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ ընդունվելու առթիվ և հավաստիացնում, որ այս ֆակուլտետում Դուք ձեռք կբերեք այնպիսի գիտելիքներ, հմտություններ ու կարողություններ, որոնց շնորհիվ ապագայում կկարողանաք հեշտությամբ կյանքի տարբեր ոլորտներում գտնել Ձեր արժանի տեղն ու աշխատանքը և նպաստ բերել մեր հայրենիքի զարգացման գործին:
Հայկ Սարգսյան
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան
Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը, համալսարանի հնաբնակներից մեկը լինելով, շարունակում է իր լավագույն ավանդույթները, որոնց առանցքում դրված է կրթության որակի հիմնախնդիրը:
Մենք ձեռքբերումների շարքում առանձնացնում ենք մասնագիտությունների հարցում բազմազանության ապահովումը: Նախկին մեկ՝ «Տնտեսագիտություն» մասնագիտության փոխարեն այժմ ևս երկու նոր մասնագիտություն կա բակալավրիատում՝ «Կառավարում» և «Ֆինանսներ», որոնք բավականին պահանջարկված են, անգամ այս տարվա ընդունելության բարդությունների պարագայում այս երկու մասնագիտությունների գծով դիմորդների հոսք ունենք:
Բարելավվել է մագիստրոսական ուսուցումը. շոշափելի ձեռքբերում եմ համարում թվով 10 մագիստրոսական ծրագիր ունենալը: Դրանք շատ արդիական են, մասնավորապես՝ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը, որի հովանավորներից է «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերությունը և հատկացնում է շուրջ 10 կրթաթոշակ: Այս ծրագիրը հիմնվել է Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (ISTC) աջակցությամբ 2017 թվականին և նպատակ ունի պատրաստել բարձրակարգ մասնագետներ տվյալների գիտության ոլորտում:
Մենք հաճախ ենք խոսում արժեքների մասին: Նկատեմ, որ ամենամեծ արժեքը կրթությունն է: Կրթություն արժեքը հիմնարար է, այն ամբողջ կյանքի համար է, լուրջ խթան է մարդկային կապիտալի ձևավորման գործում:
Մեր նոր համակազմին բարի երթ եմ մաղթում կրթության լաբիրինթոսներում: Ցանկանում եմ, որ նրանք կարողանան կրթության «համն ու հոտը», ուսանողական կյանքի բերկրանքը զգալ, պրոֆեսորադասախոսական կազմի միջոցով մոտենալ գիտությանը:
Ալեքսան Բաղդասարյան
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան
Երևանի պետական համալսարան եկող ուսանողը լուծում է ոչ միայն մասնագիտություն ձեռք բերելու խնդիր, այլև ձեռք է բերում որոշակի կենսադիրքորոշում ու աշխարհայացք:
Ես շատ կարևորում եմ համալսարանական կրթությունը և համոզված եմ, որ ԵՊՀ-ն առանձնահատուկ դերակատարում ունի ժամանակակից հայկական կրթահամակարգում: Ազգային բովանդակությամբ համալսարանը նպաստում է հայագիտության զարգացմանը: Մենք կարևորում ենք հետազոտությունների՝ հայկական միջավայրի, հայկական իրականության շուրջ կատարելը: Ուսումնասիրությունների կենտրոնում են տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունները, հասարակական փոփոխությունները:
«Նորակոչիկները» շփվելու են համալսարանական մտավորականության հետ, և դա շատ բան է փոխելու նրանց գիտակցության մեջ: Ուսանողներն այստեղ ոչ միայն գիտելիքներ են ստանում, այլ ձեռք են բերում ազգային մտածողություն, ձևավորում են աշխարհայացք, տեսնելու, սովորելու, արժևորելու և փոխանցելու հատկություններ:
Այստեղ հոգու ազատություն է: Դա ամենակարևորն է: Մեր կրթահամակարգի հիմքում դրված է ստեղծագործական մտածողությունը, և մենք ջանք չենք խնայում այն ձևավորելու, խթանելու հարցում: Վերլուծական և քննադատական մտածողությունը, հավասարակշռվածությունն ու ողջախոհությունը հատկանիշներ են, որոնց շնորհիվ հնարավոր է ավելին տեսնել, նոր հորիզոններ բացահայտել: Այս հատկանիշներն է ձևավորում նաև Երևանի պետական համալսարանը: Հոգեբանը և փիլիսոփան մասնագիտությունից լինելուց բացի՝ նախևառաջ կոչում են: Կարևոր է, որ ուսանողները գտնեն իրենց կյանքի գործը, իրենց տեղը:
Փիլիսոփաներն ու հոգեբանները ծանոթանում են մարդուն, նրա ես-ին, ինտելեկտին: Ձեռք բերած հմտություններն ու գիտելիքներն օգնում են նաև անձնական կյանքի կազմակերպման մեջ:
Մագիստրատուրայում ունենք շատ լավ ծրագրեր՝ փիլիսոփայական կրթություն ստացած ուսանողները կարողանում են ազատ կողմորոշվել դաշտում՝ էթիկա, էսթետիկա, իմացաբանություն, հայ փիլիսոփայության պատմություն: Հոգեբանության ուղղվածությամբ ունենք բազմաթիվ մասնագիտացումներ՝ կլինիկական հոգեբանություն, անձի հոգեբանություն, կառավարման հոգեբանություն, իսկ անձի հոգեբանությունը շատ կարևոր նշանակություն ունի մեր հասարակությունում:
Աշխատաշուկան լայն է երկու մասնագիտությունների դեպքում էլ: Հոգեբաններն աշխատանքի են անցնում պետական հաստատություններում և մասնավոր ընկերություններում, ուժային կառույցներում, այս ամենից զատ՝ գիտությամբ զբաղվելու և սեփական կլինիկաներ բացելու մեծ հնարավորություններ կան:
Փիլիսոփաները ևս զբաղվում են գիտությամբ, ինչպես նաև բազմազան այլ հաստիքներում են իրենց տեղը գտնում, քանի որ այսօր գործատուն հաճախ առաջնահերթություն է տալիս խելացի, բազմակողմանի զարգացած մարդկանց, իսկ փիլիսոփաները հենց այդպիսին են:
Ողջունելով առաջին կուրսեցիների մուտքը, լիահույս եմ, որ նրանք գալիս են լավագույն ավանդույթները շարունակելու և իրենց հետ նորը բերելու:
Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյան
ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան
Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է,
արդարների խորհուրդը՝ խոհեմություն,
օրենքի իմացությունը մտքի հարստություն է:
/Սղմս. Թ. Ժ./
Դավիթ մարգարեի այս տողերի իմաստությամբ է, որ տասնյակ տարիներ շարունակ Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետը կրթել է հազարավոր սաներ: Հիմնադրման առաջին իսկ օրից ուսանողը ոչ միայն ծանոթանում է աստվածաբանություն գիտությանը, այլև առիթ ունի տեսնելու և ճաշակելու աստվածային իմաստության հասանելի քաղցրությունը, որը հիմնաքարն է դառնում կենաց ճանապարհի: Եվ այս սկզբունքով առաջնորդվող յուրաքանչյուր աշխատակցի համար ֆակուլտետում իր աշխատանքը վերածվում է աստվածահաճո ծառայության և առաքելության:
Անցած քսան և ավել տարիների ընթացքում Աստվածաբանության ֆակուլտետը, ընդլայնելով իր հնարավորությունները, աշխատանքային կապեր է ստեղծել թե՛ Հայաստանի և թե՛ արտասահմանյան մի շարք հայտնի բուհերի ու անվանի կրթօջախների հետ, ինչի արդյունքում առաջադեմ ուսանողներն ու գերազանցությամբ ավարտած սաներն ուսումնառության հնարավորություն են ստացել նաև այդ հաստատություններում՝ կրկնապատկելով և հարստացնելով թե՛ իրենց գիտելիքները, և թե՛ փորձը՝ նախընտրած մասնագիտական ոլորտում:
Այսօր ֆակուլտետն ավարտած սաների զգալի մասն իր ծառայությունն ու օգտակարությունն է բերում մեր ազգային, եկեղեցական և մշակութային կյանքին՝ աշխատելով զանազան գիտական կենտրոններում և հաստատություններում, ինչը ևս փոքրիկ վկայություն է Աստվածաբանության ֆակուլտետի անհրաժեշտության և նրա կատարած աշխատանքի մասին: Հիրավի, յուրաքանչյուր կրթօջախի փափագն ու առաքելությունն է տեսնել իր ուսանողին՝ լցված իմաստությամբ և խոհեմությամբ, արդարությունն ու ճշմարտությունը տեսնելու ընդունակությամբ, ինչը խոստումնալից սկիզբն է աստվածատուր իմաստության ներկայության, բարոյական և հոգևոր արժեքների ձևավորման և դրանց կիրառության համար:
Յուրաքանչյուր տարեսկիզբ նոր առաքելության և դաստիարակության ճանապարհն է բացում թե՛ ուսանողի և թե՛ նրան կերտող դասախոսի առջև: Չկա ավելի գեղեցիկ և օգտաշատ հարաբերություն, քան այս երկուսինն է, քանզի մեկը տալիս է իր ունեցած հարստությունը և չի սպառվում, իսկ մյուսը վերցնելով այն՝ ճշմարիտ և արդար կիրառությամբ մի նոր կյանքի մեջ է դնում այն:
Սիրելինե՛ր, այսօր սկիզբն է երկանց, քանզի ուսումնական այս նոր պատասխանատվության շրջանը նույնպես Աստծո կամոք և ողորմությամբ, ցանկալի ու գնահատելի իր արդյունքն է տալու: Եվ հետևաբար, մեզ մնում է միայն ուրախությամբ և բարի ու պտղաբեր արդյունքի սպասումով մեր օրհնությունն ու սերը բերելու Աստվածաբանության ֆակուլտետի վարչական և դասախոսական մեր ողջ աշխատակազմին, ինչպես նաև բոլոր բուհերի ուսանողներին, որպեսզի իրենց ամեն մի վայրկյանն օգտագործեն՝ հաստատելու և ամրացնելու աստվածային անսահմանելի սերն ու իմաստությունը իրենց մտքերում և հոգիներում՝ հանուն հայ ժողովրդի ապագայի պայծառության և առավել շենացման:
Աստված օրհնի և բարի ընթացք պարգևի բոլորին, այժմ և միշտ և հավիտյանս. Ամեն:
Սամվել Աբրահամյան
ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի դեկան
Առաջին հերթին ուզում եմ շնորհավորել առաջինկուրսեցիներին Երևանի պետական համալսարան ընդունվելու, ինչպես նաև Ռոմանագերմանական ֆակուլտետի ուսանող դառնալու կապակցությամբ:
Ուզում եմ մեր ապագա ուսանողներին ասել, որ իրենք ընդունվել են մի բուհ, որն օտար լեզուների դասավանդման առումով ավանդապահ է: Դեռևս 1919 թվականին, երբ հիմնադրվեց Երևանի պետական համալսարանը, օտար լեզուներն ընդգրկվեցին ուսուցանման առաջին դասընթացների մեջ:
Հետագայում օտար լեզուների դասավանդման ավանդույթը լուրջ հիմքերի վրա դրվեց, և հիմա Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը ամենամեծ ֆակուլտետներից մեկն է: Այստեղ դասավանդում են օտար լեզուների իմացությամբ բարձրակարգ մասնագետներ:
Օտար լեզուներն ընտրելով որպես մասնագիտություն՝ մեր ուսանողները շատ հեռանկարային քայլ են կատարել: Լեզուների իմացությունը նախևառաջ շփման նոր հնարավորություն է ընձեռում ամենատարբեր ազգերի ու մշակույթների հետ, այն հասանելի է դարձնում աշխարհն առանց սահմանների: Մի խոսքով, ժամանակակից կյանքն առանց օտար լեզուների իմացության արդեն դժվար է պատկերացնել:
Բացի դրանից՝ կրեդիտային համակարգը թույլ է տալիս Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողներին նաև արտասահմանյան տարբեր բուհերում ուսումը շարունակելու, ինչպես նաև մասնակցելու փոխանակման տարբեր ծրագրերին: Սա ևս շատ կարևոր է, որովհետև օտար լեզուների ուսուցման գործընթացն առանց լեզվակիրների հետ շփման դժվար կլինի պատկերացնել:
Ունեցած ձեռքբերումներից զատ՝ ֆակուլտետը նաև մշտապես քայլեր է ձեռնարկում ուսումնական ծրագիրն արդիականացնելու ու նոր ծրագրեր մշակելու ուղղություններով: Այս տարի աշխատելու ենք երկու օտար լեզվից հավասարաչափ գիտելիքներ ստանալու ուղղությամբ: Վերջիններիս դասավանդելու ենք որպես հիմնական լեզուներ, որը մեր ուսանողներին ավելի մրցունակ կդարձնի աշխատաշուկայում:
Պավել Բալայան
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան
Մեր ուսանողներին ուղղված ողջույնի խոսքում ես միշտ ասում եմ, որ իրենք արդեն Երևանի պետական համալսարանի ուսանողներ են, ուստի պետք է բարձր պահեն և՛ համալսարանի, և՛ ֆակուլտետի անունը: Դա մեծ պատասխանատվություն է:
Երկրոդը՝ անդրադառնում եմ շատ աշխատելու կարևորությանը: Արկադի Ռայկինը մի այսպիսի խոսք ուներ՝ ինչ-որ սովորել եք դպրոցում, մոռացեք, հիմա բուհում եք սովորում, իսկ աշխատանքի ընդունվելու ժամանակ ասում են՝ ինչ- որ սովորել եք բուհում, մոռացեք, հիմա սկսեք նորից սովորել, և այսպես շարունակ:
Սակայն դպրոցում սովորածը մոռանալ պետք չէ, բայց դա նաև շատ քիչ է: Մեր դիմորդների մակարդակը շատ ցածր է: Ամենակարևոր խորհուրդը, որը ես կտամ առաջինկուրսեցիներին, շատ աշխատելն է: Պետք է շատ կարդալ, լսել ու ընկալել, հատկապես երբ խոսքն օտար լեզու սովորելու մասին է:
Այսօր ցավալի մի միտում եմ նկատում, որ շատերը, որոնք պնդում են, թե այս կամ այն օտար լեզվի են տիրապետում, իրականում նրանք լեզվին տիրապետում են թեստերի մակարդակով: Սա ցավալի է: Համալսարանն ավարտելուց հետո յուրաքանչյուր ուսանող ազատ և մաքուր պետք է տիրապետի օտար լեզվին:
Շատ հաճախ պատահում է, որ հարցնում են՝ կարելի է այս առարկան էլ հայերենով անցնել, իհարկե, ոչ: Չպետք է մոռանալ, որ օտար լեզու սովորելու համար է ուսանողը մեր ֆակուլտետն ընտրել:
Եվ այս ամենը տալիս է իր պտուղները: Եթե մենք համեմատենք մեր առաջին ու վերջին կուրսերի ուսանողներին, ապա տարբերությունն ակնհայտ է:
Եվ երրորդը, որն ինձ համար շատ կարևոր է, այն է, որ ֆակուլտետում թե՛ ուսանողները, թե՛ դասախոսները պետք է ազնիվ լինեն միմյանց նկատմամբ: Սրանք են երեք այն կարևոր պայմանները, որոնք բավարարելու դեպքում մեր ֆակուլտետում հնարավոր կլինի լավ սովորել և այն հաջողությամբ ավարտել:
Նաղաշ Մարտիրոսյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան
Ժուռնալիստիկայի ֆակուլտետի սիրելի՛ առաջինկուրսեցի,
Դու ընտրել ես մասնագիտություն, որը մարդու ուղեկիցն է հնագույն ժամանակներից. այդ են վկայում ժայռապատկերներն ու այրապատկերները՝ առաջին պատի թերթերը:
Դու ընտրել ես մասնագիտություն, որը պահանջված է եղել երեկ, պահանջված է այսօր, առավել ևս՝ պահանջված է լինելու վաղը:
Դու ընտրել ես մասնագիտություն, որի բացակայությամբ մարդիկ կտառապեն տեղեկատվական քաղցից, իսկ ճշմարիտ տեղեկատվության բացակայությամբ ապատեղեկատվությունը կավերի ամեն ինչ:
Դու ընտրել ես մասնագիտություն, որի առաքելությունն է՝ ասել ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ և մշտապես որոնել ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ, օգնել մարդկանց և նպաստել, որ կյանքն ավելի լավը դառնա:
Դու ընտրել ես մասնագիտություն, որը քեզ կտանի արկածների, մեծ ու փոքր դժվարությունների միջով:
Դու ընտրել ես մասնագիտություն, որ անպայման դառնաս Չորրորդ իշխանության հպարտ ներկայացուցիչը, ում խորթ են երկյուղը, վհատությունը, նահանջելու ցանկությունը:
Դու ընտրել ես աշխարհի ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ և ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲՈՒՀԸ, ուստի ի սրտե շնորհավորում եմ Քեզ և ասում՝ ընտրածդ մեծ ճանապարհի ՍԿԻԶԲԸ խոստումնալից է:
Ռուբեն Մելքոնյան
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան
Ես ուզում եմ շնորհավորել Արևելագիտության ֆակուլտետի ապագա ուսանողներին: Կարծում եմ՝ մեր ուսանողներն ունեն հստակ գիտակցում, թե ինչ կարևոր մասնագիտություն են ընտրել, ինչքան մեծ է այդ մասնագիտության նշանակությունը հատկապես Հայաստանի համար, և ուզում եմ ասել նաև, որ «Արևելագիտություն» մասնագիտությունը մի կողմից համարվում է երիտասարդ մասնագիտություն, քանի որ այն ստեղծվել է 18-րդ դարում, բայց մյուս կողմից էլ այն ամենաճկուն, արագ զարգացող, դինամիկ մասնագիտություններից մեկն է, որն ունի մի քանի յուրահատկություններ:
Արևելագիտության ֆակուլտետի ուսանողները պետք է իմանան, որ այն միջառարկայական գիտություն է, քանի որ նրա մեջ միահյուսված են տարբեր գիտությունների ճյուղեր: Արևելագետը միևնույն ժամանակ ունի պատրաստվածություն տարբեր գիտաճյուղերում: Լավ արևելագետ լինելու համար ուսանողը պետք է տիրապետի արևելյան լեզուներից որևէ մեկին՝ կլինի թուրքերեն, պարսկերեն կամ արաբերեն:
Արևելագետը պետք է լինի նաև պատմաբան, իմանա արևելյան երկրների ու ժողովուրդների պատմությունը, որպեսզի կարողանա ճիշտ պատկերացնել ոլորտը: Նա նաև պետք է լինի գրականագետ, տիրապետի արևելյան ժողովուրդների գրականությունը: Մարդը չի կարող լինել իրանագետ՝ չիմանալով Ֆիրդուսուն և Խայամին:
Արևելագետը պետք է լինի նաև կրոնագետ, լավ ուսումնասիրի իսլամը, որպեսզի կարողանա ճիշտ կողմնորոշվել: Արևելագետը պետք է շատ լավ ուսումնասիրի նաև արևելյան երկրների մշակույթն ու ավանդույթները, ունենա քաղաքագիտական գիտելիքների որոշակի բազա:
Այս ամենը յուրացնելուց հետո մենք գործ կունենանք ճկուն մտահորիզոն ունեցող մասնագետի, ինչու չէ նաև լավ գիտնականի հետ, ով ճանաչում է արևելյան երկրները, ուսումնասիրել է արևելյան լեզուն, գրականությունը, կրոնը, մշակույթը, գիտի, թե այդ երկիրն ինչ դեր ունի համաշխարհային գործընթացներում:
Արևելագետը հնարավորություն ունի ամենաառաջինը սեփական երկրին օգտակար լինելու, քանի որ Հայաստանը գտնվում է արևելյան տարածաշրջանում, շրջապատված է արևելյան երկրներով, ոչ բոլոր երկրների հետ ունի լավ հարաբերություններ: Այս առումով հայ արևելագետն ունի ավելի շատ անելիքներ, պարտականություններ, քան որևէ այլ մասնագետ: