- Գլխավոր
- Նորություններ
- ՄԱՆՐԷՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Հոկտեմբեր 28, 2019 | 16:13
Կրթություն
ՄԱՆՐԷՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ-ում այսօր մեկնարկել է Ամերիկայի մանրէաբանական ընկերության ու Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի համատեղ ջանքերով կազմակերպված քառօրյա աշխատաժողովը՝ «Մանրէները առօրյա կյանքում. պրակտիկ հմտություններ դպրոցից դեպի համալսարան» խորագրով:
Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի տնօրեն, Հայաստանում Ամերիկայի մանրէաբանական ընկերության դեսպան Կարեն Թռչունյանը տեղեկացրեց, որ աշխատաժողովի 4 օրերի ընթացքում նախատեսվում են ոչ միայն դասախոսություններ, այլև լաբորատոր աշխատանքներ՝ գործնական հմտություններ ձեռք բերելու նպատակով:
Նա նշեց, որ աշակերտները բաժանվելու են խմբերի, տարբեր փորձեր կատարեն, վերջում հաղթողները, ինչպես նաև մասնակից ուսուցիչները ստանալու են մրցանակներ ու հավաստագրեր, իսկ աշխատաժողովի վերջին օրն աշակերտները շրջելու են ԵՊՀ Լ. Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում՝ ծանոթանալու համալսարանի պատմությանը:
«Աշխատաժողովի նպատակն է բարձր դասարանների աշակերտներին տեղեկացնել մանրէաբանության արդի նորություններին՝ դրանով փորձելով հանրայնացնել մանրէների դերը, որովհետև մեր առօրյայում մանրէների ունեցած դերի մասին շատ քիչ տեղեկատվություն կա»,- ասաց Կ. Թռչունյանը:
Նշենք, որ աշխատաժողովին մասնակցում են Երևանի և մարզերի մի շարք ավագ դպրոցների աշակերտներ:
Աշակերտներին Կենսաբանության ֆակուլտետում ողջունեց ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արմեն Թռչունյանը. «Ողջունում եմ ձեզ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում, որը շատ հետաքրքիր նախաձեռնություն է իրականացնում: 21-րդ դարում մանրէների նկատմամբ հետաքրքրությունն իսկապես օրեցօր մեծանում է, մենք փորձում ենք նաև դպրոցական դասագրքերում ներառել համապատասխան տեղեկատվությունը, բայց դա բավարար չէ: Որպես նախաբան՝ ուզում եմ մեջբերել մեր օրերի ամենամեծ կենսաբան-էվոլյուցիոնիստ Սթիվեն Գուլդի խոսքերը, որ մենք ապրում ենք մանրէների՝ մասնավորապես բակտերիաների դարաշրջանում»:
Արմեն Թռչունյանը մասնագիտական դասախոսություն կարդաց՝ մանրամասն խոսելով մանրէների ծագման, ամենուր դրանց տարածվածության, բնության մեջ մանրէների էկոլոգիայի և դերի, կենդանի օրգանիզմների հետ ունեցած փոխազդեցության, մարդու օրգանիզմի վրա մանրէների ազդեցության մասին, ներկայացրեց մարդու հիվանդածին որոշ բակտերիաներ, ինչպես նաև տեղեկացրեց, որ Հայաստանում մանրէների պահպանման երկու խոշոր հավաքածուներ կան:
«Այսօր ավելի շատ խոսում են մանրէների բացասական դերի մասին, բայց ուզում եմ տեղեկացնել, որ դրանք ապահովում են մթնոլորտի գազային կազմի կայունությունը և բույսերն ազոտով, նպաստում են աղիքային մարսողության ու իմունային համակարգի ձևավորմանը, օգնում են պայքարել այլ ախտածին բակտերիաների դեմ»,- նշեց ամբիոնի վարիչը:
Խոսելով Հայաստանում տարածված մանրէների՝ սիբիրախտի, դիֆթերիայի, խոլերայի, թոքախտի, խոցի, լեգիոնելոզի հարուցիչների մասին՝ Ա. Թռչունյանը ներկայացրեց նաև վերջիններիս դեմ պայքարում կանխարգելիչ միջոցառումները՝ միանշանակ կողմ արտահայտվելով պատվաստումներին. «Պատվաստումների վերաբերյալ կարող եմ ասել. դրանք կենսաբանորեն այլընտրանք չունեն»:
Դասախոսությունից հետո ցուցադրվեց մանրէների մասին Ամերիկայի մանրէաբանական ընկերության կողմից նկարահանված փոքրիկ տեսահոլովակ, որից հետո առօրյա կյանքում մանրէների ունեցած դերի մասին դասախոսություն կարդաց Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի տնօրեն Կարեն Թռչունյանը՝ ավելի շատ անդրադառնալով վերջիններիս ունեցած դրական նշանակությանը. «Մեր գործառույթն է բացահայտել մանրէների իրական դերը, հասկանալ, որ վերջիններս կարող են ինչպես օգուտ տալ մարդկանց, այնպես էլ սպանիչ հատկություններ ունենալ, բայց դա բնական է»:
Նա մանրամասն ներկայացրեց այն ոլորտները, որտեղ կիրառվում են մանրէները. «Մանրէները կիրառվում են էներգիա, հակաբիոտիկներ ստանալու, կաթնամթերքի, հացամթերքի, գինու, կոսմետիկ միջոցների արտադրության մեջ»:
ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Անժելա Կարապետյանն ասաց, որ շատ ուրախ է՝ նմանաբնույթ կարևոր միջոցառմանը մասնակցելու համար, քանի որ այն հնարավորություն է ընձեռում աշակերտներին ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև գործնական հմտություններ ձեռք բերելու, լաբորատոր փորձերի մասնակցելու, ինչի պակասն այսօր դպրոցներում իսկապես զգալի է. «Հույս ունեմ, որ այս այցից հետո աշակերտներից շատերը կընտրեն ոչ թե այսօր մեծ տարածում գտած մասնագիտությունները, այլև կենսաբանի պրպտող, հայթայթող ու շատ կարևոր մասնագիտությունը»:
Դասախոսության վերջում աշակերտներն իրենց հուզող հարցերն ուղղեցին Կարեն Թռչունյանին, ապա շրջեցին Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնում:
Հասմիկ Ասլանյան