- Գլխավոր
- Նորություններ
- «ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ «ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿԻՉՆ ԵՄ» ՈՒ ՄՏԱԾՈՒՄ ԵՄ՝ ՏԱՐԻՆԵՐ ՀԵՏՈ ԻՆՉ ԴԺՎԱՐՈՒԹՅԱՄԲ ԵՄ ԹՈՂՆԵԼՈՒ ԱՇԽԱՏԱՆՔՍ». ԵՊՀ ԱՎԱԳ ԲԱՆՎՈՐ ԿԱՐԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Սեպտեմբեր 10, 2018 | 14:43
Հասարակություն
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ «ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿԻՉՆ ԵՄ» ՈՒ ՄՏԱԾՈՒՄ ԵՄ՝ ՏԱՐԻՆԵՐ ՀԵՏՈ ԻՆՉ ԴԺՎԱՐՈՒԹՅԱՄԲ ԵՄ ԹՈՂՆԵԼՈՒ ԱՇԽԱՏԱՆՔՍ». ԵՊՀ ԱՎԱԳ ԲԱՆՎՈՐ ԿԱՐԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Երևանի պետական համալսարանի առօրյան հնարավոր չէ պատկերացնել առանց բանվորների, ովքեր աչքի են ընկնում աշխատանքը սիրով ու հաճույքով կատարելու պատրաստակամությամբ:
Կարեն Հակոբյանն ութ տարի է՝ աշխատում է ԵՊՀ տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժնում՝ որպես ավագ բանվոր: Աշխատանքը սկսվում է ժամը 9:00-ին և ավարտվում 17:30-ին. «Սիրով ու սրտանց աշխատում եմ, համալսարանում օրն անցնում է հետաքրքիր ու ուրախ: Ես շփվում եմ գիտության բնագավառի մարդկանց, ինչպես նաև այն ուսանողների հետ, որոնք սովորելու ձգտում ունեն»,- ասում է նա:
Նրա խոսքով, ինքն ականատեսն է համալսարանի ակտիվ կյանքի, ուսանողական ապրումների ու դժվարությունների. «Երբ տեսնում եմ մի ուսանող նեղված է կամ տխուր, մոտենում եմ, հարցնում՝ ինչ է պատահել, ու փորձում օգնել»,- ավելացնում է Կարենը:
Կարենը պատմում է, որ ուսանողներից շատերի համակրանքն ու վստահությունն է վայելում. «Գալիս են ինձ մոտ`խորհուրդ հարցնելու: Ես էլ ջերմորեն օգնում եմ նրանց, ինչով կարող եմ»:
Նա անկեղծանում է, որ ինքն էլ կուզեր ուսանողական աթոռին նստել. «Հանգամանքների բերումով չի հաջողվել ուսանող դառնալ, իսկ այժմ էլ տարիքս թույլ չի տալիս, բայց կարծում եմ, որ տղաս իմ բացը կլրացնի»:
Այն հարցին, թե արդյոք ուսանողները պահպանում են համալսարանական գույքը, Կարենը պատասխանում է. «Պատահել է, որ քննությունը վատ հանձնելու պատճառով փորձել են ինչ-որ գույք կոտրել կամ վնասել, ես էլ մոտեցել ու բացատրել եմ, որ պետք է նյարդերը հանգստացնելու այլ միջոցներ գտնել»:
Կարենը ոգևորությամբ խոսում է գործընկերների համախմբվածության, ջերմ ու հոգատար վերաբերմունքի մասին: «Աշխատանքը դժվար է, բայց կարևորն այն է, որ գործընկերներով համախմբված ենք, մեկս մյուսի թիկունքին կանգնած»:
Նրան ամենից շատ բարկացնում են ուսանողական վեճերը. «Աղջկա համար կռվում են, ա՛յ մարդ, մարդ էլ աղջկա համար կռվի: Գնում և փորձում եմ հաշտեցնել»:
Կարենը կարծում է, որ համալսարանն ունի այն բոլոր հարմարությունները, որոնց շնորհիվ դասընթացները պատշաճ են կազմակերպվում. «Ձմռանն ուսանողներից մի քանիսը գերադասում են մնալ համալսարանում՝ ասելով, որ այստեղ ավելի տաք ու բարեկեցիկ է»:
Կարենը մտահոգված է, որ համալսարանի ու համալսարանականների հետ շատ է մտերմացել. «Համալսարանի «մշտական բնակիչն եմ» ու մտածում եմ՝ տարիներ հետո ինչ դժվարությամբ եմ թողնելու աշխատանքս»:
Կարենն ունի երկու զավակ, որոնց ապագան տեսնում է հենց համալսարանում: Նա խորհուրդ է տալիս որդիներին լավ սովորել. «Ես հասկացել եմ, որ գիտելիքն է կառուցում ապագան: Հավանական է, որ ավագ որդիս դիմի Պատմության ֆակուլտետ»,- եզրափակում է նա:
Անգին Խաչատրյան