- Գլխավոր
- Նորություններ
- «ՉՀԱՆՁՆՎԵԼ, ԼԻՆԵԼ ՄՈՏԻՎԱՑՎԱԾ, ՆՊԱՏԱԿԸ ԵՐԲԵՔ ՉԽԵՂԱԹՅՈՒՐԵԼ. ԱՅՍ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ ՄԵՆՔ ԿՀԱՍՆԵՆՔ ՑԱՆԿԱԼԻ ԱՐԴՅՈՒՆՔԻ». ԵՊՀ ԱՍՊԻՐԱՆՏ ՏԻԳՐԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ
Հունիս 26, 2018 | 15:49
Հասարակություն
«ՉՀԱՆՁՆՎԵԼ, ԼԻՆԵԼ ՄՈՏԻՎԱՑՎԱԾ, ՆՊԱՏԱԿԸ ԵՐԲԵՔ ՉԽԵՂԱԹՅՈՒՐԵԼ. ԱՅՍ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ ՄԵՆՔ ԿՀԱՍՆԵՆՔ ՑԱՆԿԱԼԻ ԱՐԴՅՈՒՆՔԻ». ԵՊՀ ԱՍՊԻՐԱՆՏ ՏԻԳՐԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ
ԵՊՀ ասպիրանտուրայում սովորող ուսանողներից շատերն առաջին կուրսից սկսած դասավանդում են իրենց մասնագիտությամբ: Ուսանողական սեղանից մինչև դասախոսական աշխատանքի առաջին փորձեր. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրայի երրորդ կուրսի ուսանող Տիգրան Ղազարյանից փորձեցինք պարզել՝ ինչպես են անցնում դասավանդման առաջին քայլերը:
Տիգրանը մեզ հետ զրույցում հիշում է, որ երազել է օդաչու դառնալ, այնուհետև որոշել է ընտրել իրավաբանի մասնագիտությունը: «Դեռ վաղ տարիքից մտածում էի, որ պետք է համալսարանում սովորեմ, թեև սկզբում որոշել էի օդաչու դառնալ, բայց ճանապարհն ինձ տարավ Իրավագիտության ֆակուլտետ, իսկ իրավաբանի մասնագիտությունը սիրելի դարձավ ֆիլմերից, քանի որ մարդկանց իրավունքները պաշտպանելը հետաքրքիր և պատասխանատու էր թվում»,- անկեղծանում է նա:
Տիգրանը 2010 թ.-ին ընդունվել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, որտեղ սովորել է բարձր առաջադիմությամբ:
2014-ից 2016 թվականներին կրթությունը շարունակել է մագիստրատուրայում՝ կրկին գերազանց արդյունքներով, իսկ այժմ որպես ասպիրանտ սովորում է Իրավագիտության ֆակուլտետի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնում և նպատակ ունի համալսարանում ստացած իր գիտելիքները ներդնել բուհի կրթության բարելավմանը:
Նա պատմում է, որ համալսարանական կյանքին ակտիվորեն մասնակցել է դեռևս առաջին և երկրորդ կուրսերից. «Մասնակցել եմ Ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ), ինչպես նաև Ուսանողական խորհրդի (ՈՒԽ) կողմից իրականացվող աշխատանքներին, եղել եմ վերջինիս իրավական հանձնաժողովի նախագահը՝ կոորդինացնելով իրավական հարցերով ոլորտը, եղել եմ նաև ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ»:
Տիգրանի խորին համոզմամբ՝ համալսարանականը չպետք է միայն կրթությամբ զբաղվի, այլ պետք է ակտիվորեն մասնակցի և վայելի համալսարանական, ուսանողական տարիները: «Ուսանողական տարիներն ինձ շատ բան տվեցին, դրանք սովորեցրին ինձ արդյունավետ տնօրինել ժամանակը»,- նշում է նա:
Բակալավրիատն ավարտելուց հետո Տիգրանը սկսել է աշխատել հենց իր մասնագիտությամբ. «Աշխատել եմ ինչպես ՀՀ փաստաբանական գրասենյակում, այնպես էլ Հատուկ քննչական ծառայությունում՝ որպես քննչական աշխատանքների կազմակերպման, կատարելագործման և քննության մեթոդիկայի մշակման բաժնի գլխավոր մասնագետ, այնուհետև աշխատանքս շարունակել եմ Վճռաբեկ դատարանում՝ որպես Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի օգնական: Չորրորդ կուրսում համալսարանական պրակտիկան անցել եմ ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության վարչությունում: Մասնագիտական կողմնորոշման տեսանկյունից ուսումնական պրակտիկաս բավականին արդյունավետ է անցել»,- ասում է Տ. Ղազարյանը:
Տիգրանը պատմում է նաև, որ ՀՀ փաստաբանական դպրոցն ավարտելուց հետո բացել է «Ghazaryan & Partners» փաստաբանական գրասենյակը: «Գրասենյակն առաջին անգամ հիմք դրեց «Փաստաբանական շտապօգնություն» ծառայությանը: Վերջինիս շնորհիվ մեղադրյալը զերծ է մնում շատ խնդիրներից»,- հավելում է նա:
Տիգրանը դասավանդում է «Քրեական դատավարություն» առարկան: Նրա բնորոշմամբ` անցումն ուսանողականից դասախոսականի այդքան էլ բարդ չէր. «Կարելի է ասել, որ միմյանց լավ ենք հասկանում և որևէ պատնեշ չկա ուսանող-դասախոս հարաբերությունների միջև: Հետաքրքիր գաղափարները միշտ էլ ուսանողներից ենք լսում, ի տարբերություն ավագ սերնդակիցների՝ երիտասարդները զերծ են կարծրատիպերից, իսկ խնդիրների համար կարողանում են գտնել յուրօրինակ լուծումներ»:
Որպես դասախոսական առաջին քայլերը կատարած մարդ՝ նա նշում է, որ ուսանողները, ինչպես նաև քաղաքացիներն իրավական ոլորտի գիտելիքների պակաս ունեն. «Քաղաքացիները չգիտեն՝ ինչպես պաշտպանել իրենց իրավունքները, և շատ հաճախ այդ իրավունքները խախտվում են տեղեկացված չլինելու պատճառով: Իսկ ուսանողներին պակասում է պրակտիկ ուղղվածությունը, պրակտիկայի տևողությունը քիչ է. ոլորտում լավագույն մասնագետներ ունենալու համար անհրաժեշտ է ավելացնել և բազմակողմանի դարձնել պրակտիկան»:
Տիգրանը կարևորում է, որ ուսանողը հետաքրքիր գաղափարներով ոգևորված լինի: «Կարևորը մոտիվացիան է, իսկ փորձը տարիների ընթացքում էլ ձեռք կբերես, կարծում եմ՝ ավելի նպատակահարմար է լինել երիտասարդ, ավյունով լեցուն, նպատակասլաց, քան լինել փորձառու և մոտիվացիա չունենալ, իսկ երկուսի համադրությունը իդեալական կլինի», - մատնանշում է ասպիրանտը:
Նա ավելացնում է, որ յուրաքանչյուր նպատակի հասնելու համար պետք է ունենալ բնավորության մի քանի կարևոր հատկանիշներ: «Չհանձնվել, լինել մոտիվացված և նպատակը երբեք չխեղաթյուրել. այս հատկանիշներն ունենալու շնորհիվ մենք կհասնենք ցանկալի արդյունքի»,- նշում է նա:
Անգին Խաչատրյան