- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՈՒԽ-Ն ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ Է ԿԱՏԱՐԵԼ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ. ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ
Նոյեմբեր 15, 2018 | 17:44
Հասարակություն
ԵՊՀ ՈՒԽ-Ն ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ Է ԿԱՏԱՐԵԼ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ. ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ
ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մեծ դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ ՈւԽ համագումարի արտահերթ նիստ՝ «ՈւԽ կանոնադրության փոփոխությունների ներկայացում և նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատում» օրակարգային հարցով:
ԵՊՀ ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանը նիստի սկզբում պարզաբանեց, թե ինչու է կառույցի նախագահության որոշմամբ համագումարի արտահերթ նիստ հրավիրվել: Նրա հավաստմամբ, ԿԳ փոխնախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը հոկտեմբերի 2-ին, հիմք ընդունելով «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանի նամակը, ԵՊՀ-ին առաջարկել է հրավիրել ընդհանուր ուսանողական ժողով, ընդունել ՈւԽ նոր կանոնադրություն և այն ներկայացնել ԿԳՆ-ի հաստատմանը:
«Մենք էլ մեր պատրաստակամությունն ենք հայտնել և հոկտեմբերի 24-ից սկսել ենք ՈՒԽ կանոնադրության բարեփոխման գործընթացը: Մինչդեռ հոկտեմբերի 17-ին Հովհաննես Հովհաննիսյանը մեկ այլ նամակ է գրել Դավիթ Պետրոսյանին, որտեղ նշել է, թե իբրև ԵՊՀ-ին առաջարկել է լուծարել գործող ՈւԽ-ն և ձևավորել նոր ուսանողական խորհուրդ: Առաջնորդվելով այդ նամակով՝ մի խումբ ուսանողներ սկսեցին ստորագրահավաք իրականացնել՝ ընդդեմ գործող ՈւԽ-ի, ուսանողական նոր խմբեր ստեղծել, որոնք, կեղծ փաստարկներ առաջ բերելով, մեղադրանքներ հնչեցրին ՈւԽ-ի հասցեին և պառակտումներ առաջացրին ուսանողության շրջանում: Ստեղծված իրավիճակն ապակայունություն է առաջացնում, որի արդյունքում էլ կրթությունը մղվում է երկրորդ պլան»,- համագումարի նիստի սկզբում ասաց Դավիթ Ափոյանը:
Մեզ հետ զրույցում ՈւԽ նախագահը հավաստիացրեց, որ 10-րդ գումարման ՈւԽ թիմը, որը վստահություն է ստացել 2018 թվականի հունվար ամսից, երբևէ չի զբաղվել քաղաքական գործունեությամբ և որևէ չարաշահում թույլ չի տվել: Դավիթ Ափոյանը նաև տեղեկացրեց, որ համագումարի նիստի մուտքն ազատ է բոլոր ուսանողների համար:
Անցնելով օրակարգային հարցին՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈւԽ նախագահ Հրանտ Ջիլավյանը ներկայացրեց ՈՒԽ կանոնադրության փոփոխությունները և լրացումները՝ մատնանշելով դրանցից բխող հետևությունները: Ի դեպ, ԵՊՀ ՈւԽ կանոնադրությունը փոփոխություններով և լրացումներով հասանելի է եղել էլեկտրոնային տարբերակով:
Այսպես օրինակ, փոփոխվել է 1.4 կետը, որը նախկինում սահմանում էր, թե «ԵՊՀ ՈՒԽ-ն իր գործունեությունն իրականացնում է ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ գործող օրենսդրությանը, ԵՊՀ կանոնադրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան»: Փոփոխությունից հետո այն սահմանում է, որ «ԵՊՀ ՈՒԽ-ն իր գործունեությունն իրականացնում է ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ օրենսդրությանը, ԵՊՀ կանոնադրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան»:
Փոփոխվել և լրացվել է նաև կանոնադրության 5.2 կետը : Նախնական տարբերակով այն սահմանում էր, որ «ՈՒԽ նախագահության անդամներն ընտրվում են ֆակուլտետի պատվիրակների նիստում ՝ բաց քվեարկությամբ, եթե ներկաների ձայների թվի պարզ մեծամասնությամբ այդ մասին այլ որոշում չի կայացվում: Նախագահության կազմը հաստատվում է Համագումարի կողմից»:
Նոր խմբագրությամբ այս կետը սահմանում է, որ «ՈւԽ նախագահության անդամներն ընտրվում են ֆակուլտետի պատվիրակների նիստում, որին լիիրավ ձայնի իրավունքով մասնակցում է ֆակուլտետային ՈւԽ նախագահը՝ բաց քվեարկությամբ, եթե ներկաների ձայների թվի պարզ մեծամասնությամբ այդ մասին այլ որոշում չի կայացվում: Նախագահության կազմը հաստատվում է Համագումարի կողմից: ԵՊՀ ՈւԽ նախագահության անդամ ֆակուլտետային ՈւԽ նախագահներն են՝ ի պաշտոնե, լիիրավ ձայնի իրավունքով: ԵՊՀ ՈւԽ հանձնաժողովների նախագահները, եթե նախագահության անդամ չեն, ի պաշտոնե մասնակցում են նախագահության նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով»:
Տեղեկացնենք, որ ՈւԽ կանոնադրության բոլոր փոփոխություններին և լրացումներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Կանոնադրության փոփոխությունների և լրացումների ներկայացումից հետո ուսանողները հարցուպատասխանի ձևաչափով քննարկեցին դրանք, ապա այն դրվեց քվեարկության և միաձայն ընդունվեց համագումարի կողմից:
ԵՊՀ ՈւԽ փոխնախագահ Դավիթ Մաթևոսյանը, ամփոփելով նիստը, շնորհակալություն հայտնեց բոլորին կազմակերպվածության և համախմբվածության համար, ապա նաև կոչ արեց լսել և անպայման հարգել միմյանց:
Նիստի ավարտին ՈՒԽ իրավական հանձնաժողովի նախագահ Տաթևիկ Սողոյանը, որը նախորդ Համագումարի նիստին ընտրվել էր վերստուգիչ հանձնաժողովի անդամ, հրաժարական ներկայացրեց և առաջարկեց տեղում ընտրել նոր անդամի, քանի որ ինքը նախագահության անդամ է և արդեն չի կարող համատեղել: Առաջադրվեցին 9 թեկնածու, որոնցից բաց քվեարկության արդյունքում ընտրվեց Հայ բանասիրության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Հովհաննես Հովակիմյանը:
Քնար Միսակյան