- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԲԱՑ ՆԱՄԱԿԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
Հունվար 31, 2019 | 13:43
Գիտություն
ԵՊՀ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԲԱՑ ՆԱՄԱԿԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը բաց նամակ է գրել ՀՀ վարչապետին:
Մեծարգո´ պարոն վարչապետ,
Կատարելով ԵՊՀ արհեստակցական կազմակերպության արհկոմիտեի որոշումը՝ դիմում եմ Ձեզ հիշյալ խնդրի կապակցությամբ: Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարության կողմից 2018 թվականի դեկտեմբերի 27-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշմամբ հիմնադրամ հանդիսացող բուհերի համար փոփոխվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման նախկին ձևը:
ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը, անհանգստանալով գիտական ու գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ձևի էական փոփոխության փաստով, դրանով պայմանավորված ԵՊՀ մի քանի հարյուր գիտական աշխատողների հնարավոր կրճատման խնդրով, հարկ է համարում դիմել Ձեզ հետևյալ հարցով:
Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման շրջանակում ԵՊՀ-ում գործում են 3 գիտահետազոտական ինստիտուտ և 30 գիտահետազոտական կենտրոն ու լաբորատորիա, որոնք ունեն ավելի քան 450 գիտաշխատող և այլ տարակարգի մասնագետներ: Գիտական այս ներուժի պահպանումն ու զարգացումը ոչ միայն համալսարանական, այլև հանրապետական ռազմավարական նշանակության խնդիրներ են, քանի որ ԵՊՀ-ն այսօր ապահովում է հանրապետության գիտահետազոտական արդյունքի մոտ մեկ երրորդը: Հաշվի առնելով այս ամենը՝ հարկ է շեշտադրել, որ գիտական գործունեության բարեփոխումները պետք է նպատակաուղղված լինեն ընդլայնելու և զարգացնելու առկա ներուժը՝ միաժամանակ ապահովելով բարեփոխումների անցնցում բնույթը:
Խնդրահարույց է նաև հարցի վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացը, որը տեղի է ունեցել առանց շահագրգիռ կողմերի հետ լայն ու բովանդակային քննարկման, ինչը գիտաշխատողների արդարացի անհանգստության ու բողոքի լրացուցիչ պատճառ է դարձել: Միաժամանակ բարեփոխումների արդի փուլում, երբ օրակարգում են բարձրագույն կրթության և գիտական գործունեության մասին համապատասխան օրենսդրական նախաձեռնությունները, առավել արդյունավետ ենք համարում նախ և առաջ անդրադառնալ ոլորտի տարբեր հարցերի հայեցակարգային ու օրենսդրական կարգավորումներին, որից հետո միայն՝ գործնական դաշտ տեղափոխել ֆինանսավորման մեխանիզմների խնդիրը:
Բարձրացված խնդիրն ունի նաև սոցիալական բաղադրիչ: Նվազագույն աշխատավարձից գրեթե չտարբերվող վարձատրություն ստացող մտավորականները կարող են կորցնել աշխատանքը կառավարության հիշյալ որոշման հետևանքով: Գաղտնիք չէ, որ մեր հանրապետությունում գիտական աշխատողները ստանում են անընդունելի ցածր աշխատավարձ, ավելին՝ գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային պետական ֆինանսավորումը տարիներ շարունակ նույնիսկ չի նախատեսել գիտական աշխատողների տարեվերջյան պարգևատրում (13-րդ աշխատավարձ): Ըստ էության, գործ ունենք մի իրողության հետ, երբ բուհական համակարգի բոլոր տարակարգերի աշխատողները ստանում են հիշյալ պարգևատրումը՝ բացի գիտաշխատողներից: Կարծում ենք՝ այս խտրական վերաբերմունքը ևս պետք է լուծում ստանա:
Միաժամանակ արհկոմիտեն նշում է, որ բուհերի և մյուս գիտահետազոտական հաստատությունների կազմակերպաիրավական ձևերի տարբերության պատճառով ստեղծվել են անհավասար պայմաններ, քանի որ կառավարության հիշյալ որոշումը տարածվում է միայն հիմնադրամի կարգավիճակ ունեցող հաստատությունների վրա:
Մեծարգո՛ պարոն վարչապետ,
Ներկայացնելով ԵՊՀ գիտաշխատողների անհանգստությունը` ևս մեկ անգամ Ձեր ուշադրությունն եմ հրավիրում առկա խնդրին և ԵՊՀ արհեստակցական կազմակերպության անունից խնդրում ձեռնարկել հարցի լուծմանն ուղղված քայլեր՝ պահպանելով գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման նախկին ձևը մինչև ոլորտի օրենսդրական համապատասխան փոփոխությունները: Ամենևին կասկածի տակ չառնելով կառավարության կողմից որդեգրած կրթական և գիտական ոլորտների բարելավման անհրաժեշտությունը, առաջարկում ենք նախաձեռնել ոլորտի բարեփոխումների ընդգրկուն քննարկումներ՝ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Լիահույս եմ, որ բարձրացված խնդիրը կստանա համապատասխան լուծում, որը կբխի ինչպես բուհի զարգացման առաջնահերթություններից, այնպես էլ գիտաշխատողների մասնագիտական, սոցիալական և աշխատանքային իրավունքներից ու շահերից:
ԵՊՀ արհեստակցական
կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյան