- Գլխավոր
- Նորություններ
- ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Ապրիլ 06, 2019 | 09:15
Քաղաքականություն
ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Եռօրյա այցով Արցախ մեկնած համալսարանականները ապրիլի 5-ին հանդիպեցին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:
Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, համալսարանական ստորաբաժանումների ղեկավարներ, ֆակուլտետների դեկաններ, դասախոսներ և ուսանողներ, ինչպես նաև Արցախի Հանրապետության կառավարության անդամներ ու պաշտոնյա այրեր: ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ողջունելով ներկաներին, ուրախությամբ փաստեց, որ ԵՊՀ-ականների՝ դեպի Արցախ կատարվող այցելությունները պարբերական բնույթ են կրում:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, շնորհակալություն հայտնելով հյուրընկալության և ջերմ ընդունելության համար, ԱՀ նախագահին ներկայացրեց եռօրյա այցի նպատակն ու նախատեսված միջոցառումները՝ նշելով, որ արդեն հիմնադրվել է ԵՊՀ 100-ամյակի պուրակը. «Ինչպես գիտեք, մեր այցելության ընթացքում, բացի ծառատունկից, մենք իրականացնում ենք նաև այլ միջոցառումներ: Այս անգամ կազմակերպել ենք գիտաժողով, որը նվիրված է Արցախի և տարածաշրջանի խնդիրներին: Հույս ունենք, որ այն կարձանագրի դրական արդյունքներ գիտական ու վերլուծական առումով»:
ԵՊՀ ռեկտորը ընդգծեց, որ գիտաժողովն ուշագրավ է նաև այն հիմնավորմամբ, որ հիմնականում զեկուցմամբ հանդես են գալու այն երիտասարդ դասախոսները և գիտաշխատողները, որոնք նախկինում Արցախում գիտաժողովի չեն մասնակցել: Արամ Սիմոնյանը փաստեց, որ այցերը կազմակերպելիս այնպես են անում, որ պատվիրակության կազմում ընդգրկվեն այն ուսանողները, որոնք Արցախում երբևէ չեն եղել:
ԵՊՀ ռեկտորը շնորհակալություն հայտնեց Բակո Սահակյանին, որ միշտ ժամանակ է գտնում և հանդիպում ԵՊՀ պատվիրակության հետ. «Այս հանդիպումները շատ կարևոր են մեզ համար: Մենք դրանցից հետո միշտ գնում ենք հարստացած ու լավ տեղեկացված այն խնդիրների մասին, որոնք մեզ հետ քննարկում եք: Շատ դեպքերում մեդիադաշտը հնարավորություն չի տալիս լավ հասկանալու, վերլուծելու, թե ինչպես է զարգանում իրադրությունը կամ ինչպիսին է իրավիճակը: Այս այցելությունները մեզ գիտական հողի վրա են դնում»:
Հանդիպման ընթացքում կողմերը խոսեցին նաև Արցախի խնդիրների մասին, քննարկեցին մի շարք այլ հարցեր և համագործակցության նոր հեռանկարներ:
Քնար Միսակյան