- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԵՏ
Մարտ 21, 2022 | 17:01
Կրթություն
ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնի նախաձեռնությամբ մասնագիտական կողմնորոշման նպատակով ավագ դպրոցների աշակերտները հանդիպել են համալսարանի դասախոսների հետ, լսել դասախոսություններ արդիական թեմաների վերաբերյալ և իրենց հետաքրքրող հարցերն ուղղել մասնագետներին:
Երևանի թիվ 198 ավագ դպրոցի աշակերտները հանդիպել են Պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պատմական գիտ. թեկնածու Տիգրան Ղանալանյանի հետ:
Վերջինս հանդես է եկել «Արցախյան պատերազմ» թեմայով դասախոսությամբ, որի ժամանակ անդրադարձել է հակամարտության ծագման ակունքներին, Արցախյան պատերազմներին։
Աշակերտների հետ քննարկվել են պատերազմների պատմության սկզբնաղբյուրի, ընդհանրությունների և տարբերությունների, դրանց միջև ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած բանակցությունների, Ադրբեջանի և Հայաստանի միջև ուժերի հարաբերակցության փոփոխման, բանակաշինության և պետականաշինության ընթացքում թույլ տրված բացթողումների վերաբերյալ հարցեր։
Մասնագիտական կողմնորոշման նպատակով Երևանի թիվ 54 ավագ դպրոցի աշակերտներն էլ հանդիպել են ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ակադեմիկոս Վ. Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի վարիչ Համլետ Բադալյանի հետ:
Ինտերակտիվ մեթոդներով կազմակերպված «Մեխանիկա» թեմայով դասախոսության ընթացքում քննարկվել են մարմինների շարժումն ու փոխազդեցությունը, մեխանիկական համակարգերը:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, իրավ. գիտ. թեկնածու Հասմիկ Ենգոյանը Երևանի թիվ 94 և 95 ավագ դպրոցների աշակերտներին ներկայացել է «Միջազգային իրավունք» թեմայով դասախոսությամբ:
Աշակերտների ակտիվ մասնակցությամբ թեմատիկ դասախոսությունը վերաբերել է միջազգային իրավունքի սահմանմանը, տեսակներին և աշխարհաքաղաքական նոր իրողություններում միջազգային իրավունքի դերին: