- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ «TOPAS» ԾՐԱԳՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ
Սեպտեմբեր 11, 2018 | 13:01
Կրթություն
ԵՊՀ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ «TOPAS» ԾՐԱԳՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ
Հուլիսի 2-4-ը Վրոցլավի (Լեհաստան) Բնական ռեսուրսների և բնագիտական համալսարանում տեղի ունեցավ «Էրազմուս+» (ՀԳ2) «Ագրարային ուսուցման տեսական ուղղվածությունից դեպի գործնական կրթության անցումը (TOPAS)» ծրագրի աշխատանքային խմբերի երկրորդ հանդիպումը։
Եվրամիության կողմից ֆինանսավորվող «TOPAS» ծրագրի երկրորդ հանդիպմանը ԵՊՀ-ից մասնակցել են Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան պրոֆեսոր Հայկ Սարգսյանը, Տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի վարիչ պրոֆեսոր Արամ Առաքելյանը և նույն ամբիոնի դասախոս տ.գ.թ. Վեհանուշ Մարուխյան։
Համալսարանականների աշխատանքային խումբը ֆակուլտետի դեկանի ղեկավարությամբ ներկայացրել են Երևանի պետական համալսարանի ընդհանուր կառուցվածքը, կառավարման ընթացակարգերի ներկայիս վիճակ, ֆակուլտետի ուսումնական պլանում գյուղատնտեսական առարկաների ներդրման հնարավոր տարբերակները և այլն։
Եռօրյա հանդիպումների ընթացքում քննարկվեցին Բոլոնյան համակարգին բավարարող բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական համակարգերում անցկացվելիք պրակտիկայի մոդելները, ինչպես նաև տարբեր համալսարաններում պրակտիկայի արդյունավետ անցկացման մեխանիզմները։
Ծրագրին մասնակից բուհերի ուսանողների, դասախոսների և գործատուների շրջանում կատարված հարցումների արդյունքներ վկայում էին, որ հարցմանը մասնակցած երեք կողմերն էլ բավարարված չեն բուհերի կողմից գործնական գիտելիքների բավարար մակարդակից, ինչն էլ հիմնավորում է ծրագրի իրականացման և արդյունքների ներդրման առաջնահերթությունը մասնակից բուհերում։
Աշխատանքային հանդիպման ժամանակ անդրադարձ կատարվեց նաև գյուղատնտեսության կառավարման ոլորտում կիրառական գիտությունների համար ուսանողների, դասախոսների և հետազոտողների կողմից տվյալների բազայի ստեղծման գործընթացի կազմակերպմանը։ Տվյալների բանկը պետք է կազմված լինի տվյալ երկրների հիմնական արդյունահանման մշակաբույսերի արտադրության միջոցների, ծախսերի ու արդյունքների մասին տվյալներից, որոնք հետագայում կարող են հիմք դառնալ գործնական հմտությունների ուսուցման դասընթացների համար։
Մասնագետները վստահեցնում են, որ տվյալների համապատասխան բազային բացակայությունը գիտելիքների մասնագիտական որակավորման և գործնական հմտությունների ձեռքբերման ամենակարևոր խոչընդոտներից մեկն է։
Հավելենք, որ ծրագրի հիմնական նպատակն է ուսուցչակենտրոն կրթությունից դեպի ուսանողակենտրոն ուսուցման անցումը, որի հիմքում պետք է դրված լինի ագրարային ոլորտի գործնական հմտությունների ձեռք բերումը։ Այն միտված է բարելավելու Հայաստանի, Ուկրանիայի և Ուզբեկստանի շրջանավարտների աշխատունակությունը՝ բարձրացնելով բուհերի և ագրարային ձեռնարկությունների միջև համագործակցությունը, ինչպես նաև ընդգծելով պրակտիկայի անցկացման սկզբունքով բուհերի և ֆերմերային տնտեսությունների միջև համագործակցության իրականացման գործոնը: