- Գլխավոր
- Նորություններ
- «ԿՐԹՎԵԼԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔԻ ՓՈՓՈԽՄԱՆՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ. ՍԿՍՈՒՄ ԵՍ ԱՇԽԱՐՀՆ ԱՅԼ ԿԵՐՊ ԸՆԿԱԼԵԼ». ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂ ԱՆԻ ԴԱՐԲԻՆՅԱՆ
Ապրիլ 01, 2022 | 15:43
Ուսանողական
«ԿՐԹՎԵԼԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔԻ ՓՈՓՈԽՄԱՆՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ. ՍԿՍՈՒՄ ԵՍ ԱՇԽԱՐՀՆ ԱՅԼ ԿԵՐՊ ԸՆԿԱԼԵԼ». ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂ ԱՆԻ ԴԱՐԲԻՆՅԱՆ
39-ամյա Անի Դարբինյանը 10 և 13 տարեկան տղաների մայր է: Կարևորելով կնոջ կրթության դերն ու նշանակությունը մարդու և պետականաշինության գործում՝ ընդունվել է ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ: Այժմ Անին սովորում է չորրորդ կուրսում:
-Ինչպե՞ս որոշեցիք ընդունվել ԵՊՀ:
-Դա շատ կարճ ժամանակում որոշվեց: Առանց մասնավոր պարապմունքների հաճախելու՝ որոշեցի փորձել, ու ստացվեց: Երբ իմացա, որ ընդունվել եմ, ուրախացա, բայց միևնույն ժամանակ ինձ մոտ հոգեբանական բարդույթներ առաջացան, որովհետև Հայաստանի բուհերում քիչ են տարիքով մեծ ուսանողները: Սկզբում շատ դժվար էր (փորձում էի ստվերում մնալ), բայց հետագայում այդ կոմպլեքսներն էլ վերացան: Կուրսընկերներիս համար էլ էր բարդ. սկզբում դիմում էին «Դուք»-ով, հիմա ավելի մտերիմ ենք:
-Կպատմե՞ք ընտանիքն ու կրթությունը համատեղելու և այդ տարիքում կրթվելու
առավելությունների մասին:
-Իրականում դժվար է երեխաների դաստիարակությամբ զբաղվելուն զուգահեռ կրթություն ստանալը, բայց այդ դժվարությունները աննշան են թվում, երբ հասկանում ես առավելությունները, օրինակ՝ երեխաներիս հետ աշխատելով՝ զարգացնում եմ մանկավարժական պրակտիկ հմտություններս:
Իմ փորձից ելնելով՝ կարող եմ ասել, որ շատ ավելի ճիշտ է կրթությունը շարունակել բարձր տարիքում: Այդ դեպքում ավելի գիտակցելով ես մասնագիտության ընտրություն կատարում:
-Դասերին պատրաստվելու հարցում Դո՞ւք եք օրինակ ծառայում Ձեր երեխաներին, թե՞ հակառակն է:
-Մեր ընտանիքում կրթությունը շատ կարևոր է: Իմ կարծիքով՝ երեխաներիս համար իմ օրինակը մոտիվացիա է դառնում. փորձում եմ ցույց տալ, որ մարդը կրթվելու ու սովորելու պահանջ ունի՝ անկախ տարիքից: Հաճախ եմ երեխաներիս տանում գրադարաններ, կրթական տարբեր հաստատություններ: Փորձում եմ նրանց մեջ արմատավորել այն համոզմունքը, որ կրթությունը միակ հարստությունն է, որը ոչ ոք չի կարող գողանալ:
-Մշակութային գործիչ Հովհաննես Հիսարյանը ասելէ, որ կիրթ ազգ լինելու համար կարևոր է մայրերի կիրթ լինելը: Կարևորո՞ւմ եք հայ մայրերի կրթված լինելը պետականաշինության գործում:
-Ես կտարանջատեի կիրթ մարդուն կրթություն ստացած մարդուց: Մարդիկ կան, որոնք կրթություն են ստացել, բայց կիրթ չեն: Իհարկե, մոր դերն այս հարցում շատ մեծ է, որովհետև նա է երեխաների գլխավոր կրթողն ու դաստիարակողը, իսկ երեխաները մեր ապագան կառուցողներն են: Այս առումով տանը ոչ միայն «գրքային» կրթությունն է կարևոր, այլև պետք է երեխաներին սովորեցնել սիրել հայրենիքը, բնությունը, ծնողներին: Չեմ կարող ասել՝ դա որքանով է ստացվում ինձ մոտ, բայց ես ջանք չեմ խնայում այդ հարցում:
-Ինչպե՞ս է կազմակերպվում մայր ուսանողների՝ քննությանը պատրաստվելու գործընթացը:
-Դեռ դպրոցական տարիներից բնավորության մի վատ գիծ ունեի ՝ քննության նախորդ օրն անհանգստությունից չէի կարողանում քնել: Մտածում էի՝ արդեն հասուն տարիքում այդպես չի լինի, բայց սխալվեցի: Նույնիսկ ամուսինս միշտ զարմանում է՝ ինչպես կարող եմ անգամ այս տարիքում մտածել քննությունների մասին: Բայց երբեք չի եղել, որ քննությանն անպատրաստ գնամ. միշտ մտածում եմ՝ ինչպես կարող եմ անպատրաստ լինելուս պատճառով դասախոսի առաջ գլուխս կախել:
-Ուսանողական տարիների ընթացքում հետաքրքիր դեպքեր եղե՞լ են՝
կապված բարձր տարիքային խմբի ուսանող լինելու հետ:
-Որպես այդպիսին, ուսանողական ակտիվ կյանք չեմ վարում՝ կապված ժամանակի սղության հետ: Ֆակուլտետի շատ ուսանողներ մինչ օրս կարծում են՝ դասախոս եմ: Քննությունների ընթացքում, երբ ազատ լսարան չի լինում, որտեղ կարող ենք մեր հերթին սպասել, բացում եմ որևէ լսարանի դուռ ու շատ լուրջ դեմքով հարցնում՝ այստեղ դա՞ս է: Ուսանողներն արագ արձագանքում են՝ ո՛չ և արագ դուրս գալիս՝ չիմանալով, որ ես էլ իրենց նման ուսանող եմ:
-Ի՞նչ խորհուրդ կտաք այն մայրերին, որոնք դեռ երկմտում են ուսումը բուհում շարունակելու հարցում:
-Խորհուրդ կտամ երբեք չերկմտել: Առհասարակ կրթվելը, տարբեր դասընթացների մասնակցելը նպաստում են աշխարհայացքի փոփոխմանն ու զարգացմանը, սկսում ես աշխարհն այլ կերպ ընկալել: Իհարկե դժվար է համատեղելը, բայց դա ժամանակի ընթացքում կարգավորվում է: Առիթից օգտվելով ուզում եմ շնորհակալություն հայտնել ֆակուլտետի պրոֆեսորադասախոսկան կազմին՝ ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանի գլխավորությամբ: Երբեմն դասախոսները տեսնում են, որ ես լարվում եմ, երբ որևէ բան չի ստացվում (օրինակ՝ սինխրոն թարգմանություն անել), հուսադրում են ինձ: Բայց նրանք նաև խիստ են իմ հանդեպ, տարբերություն չեն դնում իմ ու կուրսընկերներիս միջև՝ կապված տարիքիս հետ:
-Կպատմե՞ք ապագայի ծրագրերից:
-Դեռևս սպասողական վիճակում եմ ու չգիտեմ՝ հետագայում ինչ կլինի: Միգուցե ուսումս շարունակեմ մագիստրոսական ծրագրում՝ դառնալով հավերժ ուսանող… Բայց արդեն ցանկանում եմ ստացածս գիտելիքները կիրառել աշխատանքում:
Մարինե Մկրտչյան