- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ՝ ԱՊԱԳԱ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հուլիս 13, 2018 | 15:12
Կրթություն
ԵՊՀ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ՝ ԱՊԱԳԱ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Այսօր մեկնարկեց հանրապետության շուրջ 20 դպրոցների 11-րդ դասարանների աշակերտների համար Ծաղկաձորում կազմակերպված ամառային դպրոցը:
Նշենք, որ այն կազմակերպել է Մայր բուհի մինչհամալսարանական կրթության վարչությունը Հայ բանասիրության և Պատմության ֆակուլտետների հետ: Շուրջ 44 դպրոցական մինչև հուլիսի 20-ն իրենց հանգիստն անցկացնելու են Ծաղկաձորի «Համալսարան» ուսումնաարտադրական հանգրվանում:
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության աշխատակից Քրիստինե Հարությունյանը նշեց, որ ամառային դպրոցում ընդգրկված են այն դպրոցների աշակերտները, որոնց հետ համալսարանն ունի համագործակցության պայմանագրեր:
Նրա խոսքով, դպրոցներից ընտրվել են պատմության, հայոց լեզու և գրականության հոսքի այն աշակերտները, ովքեր ապագայում կդիմեն ԵՊՀ: Աշակերտների կեցության ծախսերը հոգում է Մայր բուհը:
Քրիստինե Հարությունյանը հայտնեց, որ ամառային դպրոցի նպատակն է աշակերտներին ուղղորդել Մայր բուհի համապատասխան ֆակուլտետներ: Ամառային դպրոցում աշակերտները բաժանվելու են խմբերի, որոնք ղեկավարելու են ԵՊՀ հայ բանասիրության և պատմության ֆակուլտետների 10 դասախոսները:
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախապատրաստական դասընթացների բաժնի վարիչ Արշալույս Գալստյանը նշեց, որ ամառային դպրոցի ընթացքում աշակերտների համար հետաքրքիր ձևաչափով անցկացվելու են բաց դասեր, դասախոսություններ, քննարկումներ, կինոդիտումներ և էքսկուրսիաներ: «Աշակերտներին սպասվում է շատ հագեցած ուսումնական առօրյա: Ամառային ճամբարից աշակերտները կվերադառնան ոչ միայն հաճելի հուշերով, այլև գիտելիքների մեծ պաշարով: Մեր նպատակն է նաև աշակերտներին նախապատրաստել բարձրագույն ուսումնական հաստատություն դիմելուն»,- հավելեց Արշալույս Գալստյանը:
«Հերացի» ավագ դպրոցի աշակերտուհի Ադրիանա Մկրտչյանը նշեց, որ ամառային դպրոցից ակնկալում է ստանալ նոր գիտելիքներ, իր նախընտրած մասնագիտության վերաբերյալ նոր տեղեկատվություն: «Կարծում եմ՝ բացի գիտելիքներից՝ մենք ձեռք կբերենք բազմաթիվ ընկերներ, որը նույնպես շատ կարևոր է»,- հավելեց աշակերտուհին:
Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցի աշակերտուհի Ագնեսա Հայրապետյանն ասաց, որ մեծ հետաքրքրությամբ է ուղևորվում ամառային դպրոց: «Ես վստահ եմ, որ այս ամառային դպրոցից վերցնելու եմ ոչ միայն նոր գիտելիքներ, այլև հաճելի հուշեր»,- նշեց նա:
Նշենք, որ 2016-2017 թթ. ուսումնական տարում նույն ձևաչափով ամառային դպրոց անցկացվել է մաթեմատիկայի և ֆիզիկայի հոսքի 51 աշակերտների, իսկ 2017-2018 թթ. ուստարում այն կազմակերպվել է քիմիայի և կենսաբանության հոսքի շուրջ 46 աշակերտների համար: Անցած տարի աշակերտները 3 օր անցկացրել են Ծաղկաձորի «Համալսարան» ուսումնաարտադրական հանգրվանում, իսկ մյուս 4 օրերի ընթացքում Մայր բուհի կենսաբանության ֆակուլտետի լաբորատորիաներում մասնակցել են տարբեր փորձերի, ինչպես նաև Երևանում այցելել են տարբեր թանգարաններ ու պատկերասրահներ:
Նադեժդա Տեր-Աբրահամյան