- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԹԻՄԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԴԱՏԱԽԱՂՈՒՄ ՏՊԱՎՈՐԻՉ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ Է ԳՐԱՆՑԵԼ
Սեպտեմբեր 06, 2018 | 13:53
Կրթություն
ԵՊՀ ԹԻՄԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԴԱՏԱԽԱՂՈՒՄ ՏՊԱՎՈՐԻՉ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ Է ԳՐԱՆՑԵԼ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմը մասնակցել է միջազգային քրեական իրավունքի ոլորտում հայտնի «Նյուրնբերգյան դատախաղ-2018»-ին:
Դատախաղերը լայնորեն տարածված մրցույթներ են ամբողջ աշխարհի իրավաբան ուսանողների շրջանում: Դրանք ոչ միայն այլընտրանքային կրթության հիանալի եղանակներ են, այլև կարևոր են գիտնական և պրակտիկ իրավաբանների համար, քանի որ դատախաղերի ընթացքում առաջ են քաշվում իրավական հիմնահարցեր, որոնց պատասխանները դեռևս տրված չեն, վիճելի են կամ չուսումնասիրված:
Ներկայումս գոյություն ունեն իրավունքի ամենատարբեր ճյուղերի վերաբերյալ միջազգային դատախաղեր: ԵՊՀ թիմն այս ամռանը մասնակցել է միջազգային քրեական իրավունքի ոլորտում հայտնի «Նյուրնբերգյան դատախաղին», որը յուրաքանչյուր տարի միավորում է աշխարհի տասնյակ երկրների ուսանողներին՝ միջազգային քրեական իրավունքի բնագավառում իրենց գիտելիքները խորացնելու, միջազգային քրեական դատարանի նախադեպերը տիրապետելու և դրանց հիման վրա կազմակերպված դատախաղում որպես մեղադրանքի կամ պաշտպանության կողմ հանդես գալու նպատակով։
Դատախաղի թիմը ձևավորվել էր դեռևս ապրիլին: Ֆակուլտետում տրվել է հայտարարություն, որից հետո եղել է հարցազրույցի փուլը, որի ընթացքում ստուգվել են ուսանողների անգլերենի իմացության մակարդակը և տարրական գիտելիքների առկայությունը միջազգային քրեական իրավունքի վերաբերյալ: Հարցազրույցի արդյունքում ընտրվել են 5 ուսանողներ՝ 2-րդ կուրսի ուսանողներ Լուսինե Հովհաննիսյանը և Զավեն Վարտումյանը և 4-րդ կուրսի ուսանողներ Լարիսա Գևորգյանը, Աղավնի Ավետիսյանը և Տաթևիկ Սողոյանը:
Մինչ դատախաղի բանավոր դատավարության փուլին հասնելը՝ թիմերը նախ իրենց գիտելիքները ցուցադրել են գրավոր եղանակով: Դրա համար կազմակերպիչները մայիսի սկզբին հրապարակել էին դատախաղի խնդիրը, որն իրենից ներկայացնում էր հորինված փաստերի շարադրանք, որից կարելի էր ենթադրել, որ կատարվել են որոշակի միջազգային հանցագործություններ: Թիմը պետք է այդ փաստերի հիման վրա ներկայացներ 2 գրավոր աշխատանք՝ մեղադրական և պաշտպանական: Գրավոր փուլի արդյունքներով ԵՊՀ թիմը հավաքել էր 75/100 միավոր:
Այնուհետև՝ հուլիսի 25-29-ը, միջազգային քրեական իրավունքի ծննդավայր համարվող Նյուրնբերգ քաղաքում տեղի է ունեցել դատախաղի բանավոր փուլը: Մեզ հետ զրույցում ԵՊՀ թիմի ներկայացուցիչ Տաթևիկ Սողոյանը պատմեց, որ դատախաղի եզրափակիչ փուլի խաղերը տեղի են ունեցել հենց հայտնի պատմական շենքում՝ Նյուրնբերգի Արդարադատության պալատում. «Բնական է, որ Նյուրնբերգը մրցույթում դատավարության տեսանկյունից ուներ զուտ խորհրդանշական բնույթ, և ըստ կանոնների՝ մենք պետք է ներկայանայինք իբրև այժմյան Միջազգային քրեական դատարանի առջև (Հաագայի դատարան)»:
Դատախաղի նախնական փուլերին մասնակցող բոլոր 57 թիմերը մրցել են միմյանց դեմ՝ խաղալով մեկական խաղ մեղադրանքի և պաշտպանության կողմում: Ըստ հաղթանակների քանակի և միավորների՝ հաջորդ փուլ անցնել են լավագույն 16 թիմերը:
Նախնական փուլում ԵՊՀ թիմը խաղացել է Ղրղզստանը և Ուգանդան ներկայացնող թիմերի դեմ, որոնց 2-ին էլ հաղթել է, և 16 թիմերի կազմում գրավել 9-րդ տեղը: Հաջորդիվ արդեն վիճակահանությամբ ԵՊՀ թիմի դեմ մրցել է Սինգապուրի ազգային համալսարանը, որն իր վարկանիշով 20-րդ է աշխարհում:
«Իհարկե, մենք շանսեր ունեինք հաղթելու, շատ իրական շանսեր, քանզի մինչև այսօր էլ վերհիշելով և վելուծելով՝ համոզված ենք, որ մեր իրավական փաստարկներն ու հիմնավորումներն իրենց բովանդակությամբ ավելի խորքային և հետաքրքիր էին, սակայն մեր անփորձությամբ պարտվեցինք նրանց փորձառությանը: Սինգապուրցիներն առավել վստահ և համոզիչ ներկայացան, նրանց խոսքն առավել հղկված ու սահուն էր: Հայերեն լեզվամտածողությունը, որ մենք ենք կրում, օգնեց, որ գտնենք հետաքրքիր փաստարկներ, և խանգարեց մեր բանավոր խոսքին, որ դրանք գեղեցիկ ներկայացնենք անգլերենով, ու կրկին սովորեցինք այն դասը, որ խոսքի «ինչպեսը» պակաս կարևոր չէ, քան «ինչը», երբեմն նույնիսկ ավելի կարևոր»,- պատմեց Տաթևիկ Սողոյանը:
Տաթևիկն ասաց նաև, որ խաղից հետո դատավորներն ասել են, որ ԵՊՀ թիմի բերած փաստարկներն իսկապես շատ ուժեղ են եղել. «Մեզ խանգարում էր մեր հուզմունքը միայն: Ընդհանուր առմամբ տպավորություններն առավել քան ոգեշնչող և դրական են: Ինքներս մեզ հետ կատակում ենք «բարոյական հաղթանակ» հայտնի դարձվածքի շուրջ, բայց անկախ արդյունքներից՝ բոլորս հպարտ ենք ու վստահ, որ այն ինչ արել ենք, հնարավորն էր, մի փոքր էլ անհնարը»:
«Լինելով մրցակիցների շրջանում ամենաերիտասարդ թիմերից մեկը, համալսարանում չստանալով անգլալեզու կրթություն, անցած չլինելով միջազգային քրեական իրավունքի որևէ դասընթաց՝ մենք գրանցեցինք արդյունք, որով առաջ անցանք մի շարք հեղինակավոր համալսարաններից, որոնց թիմերի անդամներից ոմանք նույնիսկ ոլորտի մագիստրոսներ էին: Սա, անշուշտ, մեր անձնական հաղթանակն է: Ու բնականաբար այս ամենն անհնար կլիներ, եթե չլիներ հնարավորությունը, որը ընձեռեցին ԵՊՀ-ն և Իրավագիտության ֆակուլտետը, ինչպես նաև ուսումնառության ընթացքում կառուցած գիտական ու վերլուծական մտածողության հենքը և մարզչական աշխատանքը, որը տարվել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտ Գրիգոր Չոբանյանի կողմից»,- եզրափակեց Տաթևիկը:
Քնար Միսակյան