- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ Է ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԶԵՂՉՄԱՆ ՃԿՈՒՆ ՀԱՄԱԿԱՐԳ, ՈՐԻՑ ԿԱՐՈՂ ԵՍ ՕԳՏՎԵԼ ՆԱԵՎ ԴՈՒ
Սեպտեմբեր 19, 2018 | 13:45
Ուսանողական
ԵՊՀ-ՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ Է ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԶԵՂՉՄԱՆ ՃԿՈՒՆ ՀԱՄԱԿԱՐԳ, ՈՐԻՑ ԿԱՐՈՂ ԵՍ ՕԳՏՎԵԼ ՆԱԵՎ ԴՈՒ
Սիրելի՛ ուսանող, եթե քո կարգավիճակը համապատասխանում «Երևանի պետական համալսարանի ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգ»-ի որևէ կետին, ապա կարող ես օգտվել ուսման վարձավճարի զեղչման հնարավորությունից:
Երևանի պետական համալսարանը, հիմք ընդունելով ուսանողի բարձր առաջադիմությունը և սոցիալական խումբը, իր միջոցների հաշվին իրականացնում է ուսանողական նպաստի ձևով ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում հետևյալ կարգավիճակ ունեցող ուսանողներին (19 կետ).
19.1. սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին՝ 30 տոկոսի չափով,
19.2. 18 տարին լրանալուց հետո առանց ծնողական խնամքի մնացած ուսանողներին մինչև 23 տարին լրանալը՝ 50 տոկոսի չափով,
19.3. 23 տարին չլրացած միակողմանի ծնողազուրկ (միածնող) ուսանողներին՝ 50 տոկոսի չափով,
19.4. մինչև մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներին՝ 50 տոկոսի չափով,
19.5. երեք և ավելի անչափահաս, կամ երեք և ավելի ուսանող երեխա ունեցող ընտանիքների ուսանողներին՝ 30 տոկոսի չափով,
19.6. 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ, այդ թվում՝ հաշմանդամ ազատամարտիկ (բժշկասոցիալական փորձաքննական որոշման և ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի կամ երկրապահ կամավորականի վկայականի ներկայացման դեպքում) ծնող ունեցող ուսանողներին՝ 30 տոկոսի չափով,
19.7. մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում մարտական հերթապահության մեջ ընդգրկված պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած ուսանողներին (զինվորական գրքույկում համապատասխան գրառման առկայության դեպքում)՝ 30 տոկոսի չափով,
19.8. սոցիալապես անապահով (ընտանիքների ապահովության գնահատման համակարգում հաշվառված, անապահովության 0-ից բարձր մինչև սահմանային միավորի շեմը միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին՝ 20 տոկոսի չափով,
19.9. ուսանողական նպաստների համակարգում չընդգրկված, երկու կիսամյակ անընդմեջ առավել բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին, որոնք ուսանողական նպաստի ձևով ուսման վարձավճարի լրիվ փոխհատուցման համար անցկացված փոխատեղման մրցույթի արդյունքում զրկվել են նպաստի իրավունքից մինչև 0.1 միավոր տարբերության պատճառով՝ 50 տոկոսի չափով,
19.10. մարտական գործողությունների մասնակիցների (ազատամարտիկների) երեխա ուսանողներին (ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի կամ երկրապահ կամավորականի վկայականի ներկայացման դեպքում)՝ 20 տոկոսի չափով,
19.11. հեռավոր լեռնային և սահմանամերձ գյուղերի հանրակրթական դպրոցների ուսուցիչների (երկու ծնողները) երեխա ուսանողներին՝ 30 տոկոսի չափով,
19.12. Երևանի պետական համալսարանում հիմնական աշխատանքային պայմանագրով աշխատող-ուսանողներին և աշխատողների երեխա-ուսանողներին, հետևյալ չափերով.
ա) Երևանի պետական համալսարանում 5-15 տարվա աշխատանքային ստաժ ունենալու դեպքում՝ պրոֆեսորադասախոսական համակազմի աշխատողների համար 60 տոկոսի չափով (մագիստրատուրայում` 40 տոկոսի չափով), մյուս տարակարգերի աշխատողների համար՝ 50 տոկոսի չափով (մագիստրատուրայում՝ 30 տոկոսի չափով).
բ) Երևանի պետական համալսարանում 15 տարուց ավելի մինչև 25 տարվա աշխատանքային ստաժ ունենալու դեպքում՝ պրոֆեսորադասախոսական համակազմի աշխատողների համար՝ 70 տոկոսի չափով (մագիստրատուրայում` 50 տոկոսի չափով), մյուս տարակարգերի աշխատողների համար՝ 60 տոկոսի չափով (մագիստրատուրայում՝ 40 տոկոսի չափով).
գ) Երևանի պետական համալսարանում 25-ից ավելի տարիների աշխատանքային ստաժ ունենալու դեպքում՝ պրոֆեսորադասախոսական համակազմի աշխատողների համար՝ 80 տոկոսի չափով (մագիստրատուրայում` 60 տոկոսի չափով), մյուս տարակարգերի աշխատողների համար՝ 70 տոկոսի չափով (մագիստրատուրայում՝ 50 տոկոսի չափով):
Առաջին կուրսի ուսանողները 1-ին կիսամյակում չեն կարող օգտվել զեղչի իրավունքից (19 կետ, 23 ենթակետ), բացառությամբ սույն կանոնակարգի 19.12 և 19.13 կետերով սահմանված կարգավիճակ ունեցող ուսանողների՝ ԵՊՀ-ում հիմնական աշխատանքային պայմանագրով աշխատող-ուսանողներ և աշխատողների երեխա-ուսանողներ, ինչպես նաև ԵՊՀ-ի կողմից անցկացվող դպրոցականների օլիմպիադայում 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի դիպլոմի արժանացած ուսանողներ (19.13 ենթակետ): 1-ին կարգի դիպլոմի արժանանալու դեպքում՝ 50 տոկոսի չափով, 2-րդ կարգի դիպլոմի արժանանալու դեպքում՝ 40 տոկոսի չափով և 3-րդ կարգի դիպլոմի արժանանալու դեպքում՝ 30 տոկոսի չափով: Սույն կետով սահմանված ուսանողական նպաստի ձևով ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցումն ուսանողին տրամադրվում է միայն ուսումնառության 1-ին կուրսում։
Առանձնահատուկ դեպքերում այլ կարգավիճակ ունեցող ուսանողներին զեղչեր են տրամադրվում ԵՊՀ ռեկտորի հատուկ որոշմամբ:
Երկու և ավելի կարգավիճակների համապատասխանող կամ մի քանի արտոնություններին հավակնելու դեպքում ուսանողը կարող է օգտվել դրանցից միայն մեկից, որի դեպքում կիրառվում է մասնակի փոխհատուցման առավելագույն չափը:
Վերոնշյալ զեղչերից օգտվելու համար բակալավրիատում սովորող ուսանողի միջին որակական գնահատականը՝ ՄՈԳ-ը, 2018-19 ուստարվա համար ռեկտորի համապատասխան հրամանով նախատեսված չափանիշներով պետք է լինի 11.00 և ավելին, իսկ մագիստրանտներինը՝ 15.00 և ավելին (19 կետ, 21 ենթակետ):
Հավելենք, որ յուրաքանչյուր ուստարվա համար ՄՈԳ-ի շեմը սահմանվում է ռեկտորի համապատասխան հրամանով:
Զեղչ ստանալու համար առկա համակարգում սովորող ուսանողը կարող է դիմում ներկայացնել յուրաքանչյուր կիսամյակի առաջին 4 շաբաթների ընթացքում, իսկ հեռակա համակարգի ուսանողը՝ 2 շաբաթվա ընթացքում: Սահմանված ժամկետների ավարտից հետո ներկայացված ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցման վերաբերյալ դիմումները ենթական չեն քննարկման (19 կետ, 22 ենթակետ):
Ընդգծենք, որ ուսանողները դիմումները պետք է լրացնեն իրենց ֆակուլտետի դեկանատում, որտեղ էլ անհրաժեշտ փաստաթղթերի հավաքման ու ներկայացման համար կարող են ստանալ համապարփակ տեղեկատվություն և խորհրդատվություն:
Առավել մանրամասն տեղեկատվության համար համալսարանականները կարող են այցելել ԵՊՀ պաշտոնական պորտալի՝ www.ysu.am-ի «Փաստաթղթեր» կայքէջի «Կանոնակարգեր» բաժին, որտեղ առկա է «Երևանի պետական համալսարանի ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգ» փաստաթուղթը (Հուլիսի 6, 2017 թ.):
Փաստաթղթում մանրամասն ներկայացված են նաև այն բոլոր դրույթները, որոնք ուսանողին հնարավորություն տալիս օգտվելու ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցման կարգից:
Հավելենք նաև, որ պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում տրամադրում է յուրաքանչյուր տարի ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից սահմանված ուսանողի միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաղթահարած և ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված՝ ՀՀ կառավարության կողմից յուրաքանչյուր տարի սահմանվող անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող հետևյալ խմբերին՝
ա) մինչև 5 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին՝ ուսման վարձի 50 տոկոսի չափով.
բ) 5-10 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին՝ ուսման վարձի 60 տոկոսի չափով.
գ) 10-15 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին՝ ուսման վարձի 70 տոկոսի չափով.
դ) 15-20 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին՝ ուսման վարձի 80 տոկոսի չափով.
ե) 20-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին՝ ուսման վարձի 100 տոկոսի չափով:
Ուսանողն իր ընտանիքի անապահովության միավորի վերաբերյալ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի տրամադրած տեղեկանքը յուրաքանչյուր տարի բուհին է ներկայացնում մինչև տվյալ տարվա սեպտեմբերի 10-ը:
Այն ուսանողները, ովքեր ներառված են վերը նշված խմբերում և օգտվում են Կառավարության կողմից հաստատված ծրագրի արտոնություններից, չեն կարող դիմել բուհին՝ ուսման վարձի զեղչ ստանալու համար:
Վարդուհի Զաքարյանը