- Գլխավոր
- Նորություններ
- «ՓԱՍՏԱՐԿՆԵՐՆ ՈՒԺԵՂԱՑՆՈՒՄ ԵՆ ԴԻՐՔԵՐԸ». ՔԱՂԱՔԱԳԵՏ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ- ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Փետրվար 28, 2020 | 16:42
«ՓԱՍՏԱՐԿՆԵՐՆ ՈՒԺԵՂԱՑՆՈՒՄ ԵՆ ԴԻՐՔԵՐԸ». ՔԱՂԱՔԱԳԵՏ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ- ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել դասախոսություն «Ադրբեջանի տեղեկատվական քաղաքականությունն Արցախյան հակամարտության համատեքստում» թեմայով, որը վարում էր քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Հարկ է նշել, որ հանդիպումը կազմակերպվել է ԵՊՀ ՈՒԽ Լ. Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի նախաձեռնած «Արցախյան հակամարտության խրոնիկան» դասընթացաշարի շրջանակում, որը մեկնարկել է աշնանը:
Մարտական ակումբի նախագահ Լիպարիտ Ղազարյանը, ներկայացնելով հյուրին, նշեց որ այսօրվա ընտրված թեմայի շրջանակում քննարկելու են Ադրբեջանի տեղեկատվական քաղաքականության այն առանձնահատկությունները, որոնք Ադրբեջանը կիրառում է որոշակի քարոզչական նպատակների հասնելու համար:
Հրանտ Մելիք-Շահնազարյանը նախ շնորհակալություն հայտնեց հրավերի համար, այնուհետև նշեց, որ առաջին անգամը չէ, որ հյուր է ԵՊՀ-ում, ապա նվիրեց իր՝ վերջերս լույս տեսած «Կրակային հրաձգի ուղեցույցը» գիրքը՝ հույս հայտնելով, որ այն հետաքրքիր կլինի Մարտական ակումբին:
Այնուհետև բանախոսը, խոսելով ադրբեջանաարցախյան հակամարտության քարոզչական և տեղեկատվական հոսքերի մասին, առանձնացրեց մի քանի կետեր, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել:
Սկզբում նա առանձնացրեց պատմական փաստերի ընդգրկուն իմացության խնդիրը:
«Փաստարկներն ուժեղացնում են դիրքերը,- շեշտեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը,- սա մի կարևոր սկզբունք է, որի մասին պետք է հիշել հարցին վերաբերող քննարկումներին մասնակցելիս»:
Ադրբեջանաարցախյան հակամարտությանը վերաբերող մասնագիտական և խորքային ուսումնասիրությունները թույլ կտան ձևավորել փաստահեն կարծիք, որն արժանի կլինի նաև միջազգային մամուլի ուշադրությանը:
Երկրորդ կարևոր հանգամանքը, ըստ քաղաքագետի, տերմինաբանությունն է. «Խոսքն այստեղ այն մասին է, թե ինչպես և ինչ լեզվով է բնութագրվում հակամարտությունը. օրինակ՝ մենք ունենք Հայաստան-Ադրբեջան սահման, բայց Արցախ-Ադրբեջան շփման գիծ»:
Ըստ բանախոսի՝ շփման գիծ բնորոշումը թուլացնում է բանակցություններում մեր դիրքերը. «Ցանկացած սխալ օգտագործված բառ կամ տերմին տեղեկատվական պայքարում կարող է բավականին լուրջ վնաս հասցնել»:
Քաղաքագետն անդրադարձավ նաև Ադրբեջանի՝ միջազգային ատյաններում վարած տեղեկատվական քաղաքականության մեկ այլ կարևոր թեզին, որը վերաբերում է Ադրբեջանի հանդուրժողականությանը:
«Ադրբեջանը միլիարդավոր գումարներ է ծախսում՝ տարբեր երկրներում միջոցառումներ կազմակերպելով իր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների մասին, ներկայանալով որպես հանդուրժող երկիր, որն ազգային փոքրամասնությունների զարգացման համար ստեղծում է նպաստավոր բոլոր պայմանները»,- փաստեց Հրանտ Մելիք-Շահնազարայնը:
Քաղաքագետը մանրամասնեց, որ գոյություն ունի հստակ տարբերություն ազգային փոքրամասնությունների և բնիկ ժողովրդի միջև, և շատ հաճախ բնիկ ժողովրդին իբրև փոքրամասնություն ներկայացնելով՝ Ադրբեջանը ոչ միայն ժխտում է իր հանդուրժող լինելու մասին թեզը, այլև իջեցնում այդ ազգերի կարգավիճակը:
Ավարտելով իր դասախոսությունը՝ Հրանտ Մելիք-Շահնազարյանն անդրադարձավ նաև այն տեխնոլոգիաներին, որոնք կիրառվում են հասարակության վրա ներազդելու, սեփական հանրությանը պաշտպանելու և հակամարտությամբ հետաքրքրված հանրությանն անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովելու նկատառումներով:
Հանդիպման վերջում բանախոսը պատասխանեց ուսանողների հարցերին: