- Գլխավոր
- Նորություններ
- ՆԻԶԱՄԻ ԳԱՆՋԱՎԻԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
Մարտ 14, 2022 | 16:33
ՆԻԶԱՄԻ ԳԱՆՋԱՎԻԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում այսօր տեղի է ունեցել «Նիզամի Գանջավին և պարսկախոսությունն Առանում ու Շիվանում» խորագրով գիտաժողով, որի հատուկ հյուրն էր ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային:
Ներկա էին Արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը, Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, դասախոսներ, ուսանողներ:
Ողջունելով ներկաներին՝ Վարդան Ոսկանյանը շեշտեց նմանօրինակ միջոցառումների կարևորությունը հայ-իրանական մշակութային և ակադեմիական կապերն ամրապնդելու գործում ու հավելեց, որ երկու երկրների արդյունավետ համագործակցության և բարեկամական հարաբերությունների համար մշակույթի գործոնն առանձնահատուկ դեր ունի:
«Իրանագիտության ֆակուլտետում այսօրինակ գիտաժողովի կազմակերպումն ու անցկացումն արդյունավետ համագործակցության ևս մեկ ցուցիչ են, ապացույց, որ հայ-իրանական պատմական կապերն ամուր են նաև ակադեմիական համատեքստում»,- փաստեց Վարդան Ոսկանյանը:
Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային գիտաժողովի կազմակերպման համար շնորհակալություն հայտնեց ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմին և ասաց, որ դրա շնորհիվ հայ հետազոտողները հնարավորություն են ունեցել մանրամասնորեն ուսումնասիրելու 12-րդ դարի իրանական գրականության առաջնորդներից մեկի՝ հանճարեղ գրող Նիզամի Գանջավիի կյանքն ու ստեղծագործությունը:
Նիզամի Գանջավիի բանաստեղծական լեզվի պարզությունն ու սահունությունը նրան դարձրել են իրանական պոեզիայի հանճարեղ գրողներից մեկը: Թերևս դա է պատճառը, որ հարևան Ադրբեջանն անհաջող փորձեր է անում «սեփականաշնորհել» Նիզամիին և զբաղվել պատմական կեղծարարությամբ:
Վարդան Ոսկանյանը հանդես եկավ «Նիզամին և պարսից լեզվի տարածումն Արևելյան Այսրկովկասում» զեկուցմամբ՝ մի քանի կետով անդրադառնալով այն փաստին, թե Ադրբեջանն ինչպիսի հակագիտական ու կեղծ փաստարկներով է փորձում հիմնավորել իր սուտը:
Զեկուցումներով հանդես եկան նաև Իրանագիտության ամբիոնի մագիստրոսներն ու ասպիրանտները՝ մանրամասն ներկայացնելով հանճարեղ բանաստեղծի ապրած ժամանակաշրջանը, առասպելաբանական խորհրդանիշները և ժողովրդական հավատալիքները: