- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆԳԼԵՐԵՆԻ ԱԿՈՒՄԲ
Նոյեմբեր 16, 2021 | 16:39
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆԳԼԵՐԵՆԻ ԱԿՈՒՄԲ
ԵՊՀ Հովհաննես Ադամյանի անվան սրահում այսօր տեղի է ունեցել Իրավագիտության ֆակուլտետում հիմնադրված մասնագիտական անգլերենի ակումբի բացման հանդիսավոր արարողությունը:
Ակումբի բացմանը ներկա էին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, Անգլերենի ակումբի հիմնադիր կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, հյուրեր:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ-ի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ բացման հանդիսավոր խոսքով հանդես եկավ Իրավագիտության ֆակուլտետի ՈԻԽ նախագահ Գոհար Ավագյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն հայտնեց ցուցաբերած մասնակցության համար և փաստեց, որ Անգլերենի մասնագիտական ակումբ հիմնելու գաղափարը վաղուց կար, այժմ էլ այն հաջողությամբ կյանքի է կոչվել:
«Ակումբի հիմնադիր անդամների ջանքերով մի քանի տարբերակ քննարկելուց հետո ընտրել ենք ուսուցման լավագույն ձևաչափը, որի շրջանակում իրենց դրսևորելու և մասնագիտական գիտելիքներ ձեռքբերելու հնարավորություն կունենան անգլերենի թե՛ բավարար և թե՛ լավ իմացություն ունեցող ուսանողները»,- ասաց Գոհար Ավագյանը:
Նա հույս հայտնեց, որ անգլերենի ուսումնասիրության արդյունքում ակումբի մասնակիցներն ուսումնասիրելու և վերլուծելու են նաև տվյալ պետության իրավական ակտերը, քանի որ օտար լեզու սովորել նշանակում է ուսումնասիրել նաև տվյալ պետության մշակույթը:
«Ակումբում ձեռք բերած լեզվական հմտությունների շնորհիվ դուք կկարողանաք մասնակցել նաև միջազգային ծրագրերի և հեղինակավոր դատախաղերի»,- շեշտեց Գոհար Ավագյանը:
Ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանն էլ իր հերթին նշեց, որ անգլերենի ակումբի հիմնադրումը շատ կարևոր քայլ է ինչպես ֆակուլտետի, այնպես էլ համալսարանի միջազգայնացման գործընթացում:
«Ապագայի մեր ծրագրերի մեջ է մտնում անգլալեզու մագիստրոսական ծրագրերի բացումը և, իհարկե, մեր գերնպատակն է օտարերկրյա առաջատար բուհերի հետ երկու դիպլոմով մագիստրոսական ծրագիր ունենալը, որի հիմքերն արդեն դրվել են»,- փաստեց Գագիկ Ղազինյանը՝ անդրադառնալով Մեծ Բրիտանիայի Նոթինգհեմի համալսարանի հետ ստորագրված հուշագրին, որի հետ կապված հեռանկարային ծրագրերը շարունակում են ուժի մեջ մնալ:
Այնուհետև Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ արտաքին կապերի հանձնաժողովի պատասխանատու Անի Ղիմոյանն անդրադարձավ նորաստեղծ ակումբի աշխատանքի ձևաչափին և նշեց, որ այն նպաստելու է ոչ ֆորմալ կրթական եղանակով մասնագիտական անգլերենի բարելավմանն ու մասնակիցների միջև անկաշկանդ շփմանը: