- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ՈՒՄ ՆԱԽԱԳԾՎՈՒՄ ԵՆ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՄՆ ԱՐԱԳԱՑՆՈՂ ՕՊՏԻԿԱԿԱՆ ՍԽԵՄԱՆԵՐ
Հունվար 16, 2023 | 09:29
Կրթություն
Գիտություն
ԵՊՀ-ՈՒՄ ՆԱԽԱԳԾՎՈՒՄ ԵՆ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՄՆ ԱՐԱԳԱՑՆՈՂ ՕՊՏԻԿԱԿԱՆ ՍԽԵՄԱՆԵՐ
Տարիներ առաջ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում սովորելիս Մուշեղ Ռաֆայելյանն էլ հավանաբար չէր պատկերացնի, որ 15 տարի անց կունենա գիտությունների թեկնածուի երկու աստիճան մեկը՝ ԵՊՀ-ից, մյուսը՝ Բորդոյի համալսարանից (Ֆրանսիա) և կղեկավարի մի թիմ, որը կաշխատի օպտիկայի և նեյրոմորֆ ֆոտոնային հաշվարկների ոլորտում:
Գիտության մեջ առաջին քայլերն սկսելով ԵՊՀ-ից՝ Մուշեղն այնուհետև հնարավորություն է ունեցել ասպիրանտական կրթություն ստանալու նաև Բորդո քաղաքի գիտահետազոտական ինստիտուտում:
Հետաքրքիր է, որ ԵՊՀ-ում ստանալով տեսական կարևոր գիտելիքներ, ապա Բորդոյի համալսարանում կատարելով փորձարարական հետազոտություններ՝ Մուշեղը դեռ երկմտանքի մեջ է եղել՝ ի՞նչ ուղղությամբ շարունակել գործունեությունը:
Ասում է՝ մինչև 2018 թվականը չի պատկերացրել, որ ընդամենը 2 տարի անց հիմնելու է լաբորատորիա և նպաստելու է գիտության զարգացմանը՝ հընթացս շարունակելով ստանալ համընդգրկուն գիտելիքներ օպտիկայի վերաբերյալ: Սրան նպաստել է նաև նույն թվականին որպես հետդոկտորական գիտաշխատող Ֆրանսիայի Կաստլեր Բրոսելի լաբորատորիա ընդունվելը:
Չնայած Եվրոպայում կանխատեսելի մեծ հաջողություններին ու հեռանկարներին՝ Մուշեղը նպատակադրված վերադարձել է Հայաստան՝ այստեղ գիտությամբ զբաղվելու, միևնույն ժամանակ՝ նպաստելու օպտիկայի զարգացմանը:
Դժվարություններ, մարտահրավերներ, դրանց հաղթահարմանն ուղղված համառություն ու ինքնամոռաց նվիրում գիտությանը, կամ պարզապես վերադարձ հարազատ գիտական արմատներին….
Լաբորատորիայի հիմնումն այնքան էլ հեշտ գործընթաց չէր. երեք անգամ դիմելուց հետո միայն Մուշեղին հաջողվել է ստանալ ՀՀ ԿԳՄՍՆ գիտության պետական կոմիտեի՝ գիտական խմբերի ամրապնդման և նոր լաբորատորիաներ հիմնելու դրամաշնորհը․ Ֆրանսիայից վերադառնալով՝ Մուշեղը նպատակադրվել էր ԵՊՀ-ում ստեղծել կարևորագույն բարդ խնդիրներ լուծող լաբորատորիա։
«Մինչ լաբորատորիայի հիմնումն անհրաժեշտ էր հետազոտական թիմ ձևավորել, ենթակառուցվածք ստեղծել և այն համալրել անհրաժեշտ սարքավորումներով: Այսօր, երբ այդ խնդիրները լուծվել են, ի սկզբանե առցանց ձևաչափով աշխատող թիմը սահմանել է գիտական խնդիրներ, որոնք լուծման առավել երկար ժամկետ են պահանջում»,- պատմում է Մուշեղը՝ վերհիշելով ոչ վաղ անցյալում տեղի ունեցածը:
Անդրադառնալով լաբորատորիայի գլխավոր նպատակներին՝ գիտնականը նշում է, որ խմբի հիմնարար հետազոտական հետաքրքրությունները կենտրոնացած են ֆոտոնային բարդ համակարգերում լույս-նյութ փոխազդեցության վրա: Լաբորատորիայում կատարվող հետազոտությունների նպատակը գերժամանակակից օպտիկական հաշվողական տեխնոլոգիաների օգնությամբ բարդ տուրբուլենտ միջավայրերի միջով նկարահանման աննախադեպ արդյունավետության հասնելն է: Ռաֆայելյանը որպես բարդ համակարգի օրինակ մատնանշում է մառախուղի ժամանակ օբյեկտից անդրադարձած ցրված պատկերի վերականգնումը, բայց «դա պարզվում է, եթե լավ գիտես ֆիզիկա և կարողանում ես միջավայրի օբյեկտի ցրված լույսի միջից վերականգնել պատկերը»:
Լաբորատորիայի հիմնական հետազոտական ուղղություններից է լինելու նաև ֆոտոնիկ համակարգերի ստեղծումը, որոնք կարողանալու են լուծել արհեստական բանականության խնդիրները: Այլ կերպ ասած՝ ֆոտոնիկան զարգացնելու է արհեստական բանականությունը, իսկ արհեստական բանականությունն օգտագործվելու է ֆոտոնիկայի խնդիրները լուծելու համար:
Հետաքրքիր է, որ խմբում ներգրավված են նաև ուսանողներ, որոնք հնարավորություն ունեն դեռ ուսանողական տարիներից ակտիվորեն մասնակցելու գիտության զարգացմանն ուղղված աշխատանքներին: Ռաֆայելյանի կարծիքով՝ ֆիզիկայի հանդեպ սերը պետք է ձևավորվի դպրոցական տարիներից՝ ներկայացնելով այն իր ամբողջ գրավչությամբ ու ընձեռած հնարավորություններով: Ասում է՝ ֆակուլտետն այս հարցում ևս նախաձեռնող է. ՀՀ մարզերի և Երևանի տարբեր դպրոցների սովորողներ պարբերաբար այցելում են ֆակուլտետ, հետևում այնտեղ կատարվող աշխատանքներին:
Ռաֆայելյանի համոզմամբ Հայաստանում գիտությամբ զբաղվելու մեծ հնարավորություններ կան, և ԵՊՀ-ն իր գործունեությամբ միտված է խթանելու գիտության բնագավառի զարգացումը:
Ամփոփելով խոսքը՝ ԵՊՀ գիտնականը նշում է․ «Կրթական հաստատությունները պետք է ձգտեն ստեղծելու գիտության տարբեր ոլորտների լաբորատորիաներ, որոնք ոլորտով հետաքրքրվածների համար կդառնան իրենց տեսլականի իրագործման միջավայր: Այսօր ԵՊՀ-ն այդ ուղղությամբ լավագույնս իրագործում է անհրաժեշտ քայլերը…»։
Մարինե Մկրտչյան