- Գլխավոր
- Նորություններ
- ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԳԻՏԱԿԱՆ ՄԻՏՔՆ ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԵՊՀ ՈՒԳԸ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒԻ» ՏՊԱԳԻՐ ՀԱՏՈՐՆԵՐՈՒՄ. ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ՈՒՄ
Նոյեմբեր 25, 2022 | 16:39
Կրթություն
Գիտություն
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԳԻՏԱԿԱՆ ՄԻՏՔՆ ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԵՊՀ ՈՒԳԸ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒԻ» ՏՊԱԳԻՐ ՀԱՏՈՐՆԵՐՈՒՄ. ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» երիտասարդական գիտական պարբերականի Բնական և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների՝ 1.1 (35), Հումանիտար և հասարակական գիտությունների 1.2 (36) համարների շնորհանդեսը:
Պարբերականի նոր համարներում տեղ են գտել 54 հոդվածներ, որոնք նախապես անցել են մասնագիտական գրախոսության փուլ, ապա՝ երաշխավորվել տպագրության:
ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության նախագահ Մերի Փանոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ «ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածուն» կառույցի ոչ միայն բովանդակային հիմքն է, այլև կատարած աշխատանքի գլխավոր ցուցիչը, որով այն տարբերվում է ուսանողական մյուս կառույցներից:
Անդրադառնալով գիտական հոդվածներ գրելու դերին ու երիտասարդների շրջանում դրանց վերաբերյալ հետաքրքրություն առաջացնելուն ուղղված միջոցառումներին՝ Մ. Փանոսյանը շեշտեց․ «ԵՊՀ տարբեր ֆակուլտետներում կան հոդվածագրության ակումբներ, որտեղ հիմնականում բանախոսում են ասպիրանտներ և այլ հետազոտողներ: Ուսանողների հետ հանդիպումների ժամանակ նրանք ներկայացնում են իրենց՝ հոդված գրելու փորձը, պատասխանում այնպիսի հարցերի, ինչպիսիք են՝ ինչպե՞ս կարող են սկսել գիտական գործունեությունը, ի՞նչ սկզբունքներ ու մեթոդաբանություն է կիրառվում գիտական հոդված գրելիս և այլն: Կարելի է ասել, որ նրանք իրենց փորձով ոգեշնչում են ուսանողներին և ցույց տալիս, որ գիտությունը մեր օրերում ևս կարևոր ու գրավիչ է»:
ԵՊՀ ՈՒԳԸ հիմնադրման 75-ամյակին նվիրված շնորհանդեսի շրջանակում գիտական հոդվածներ գրելու կարևորությանն անդրադարձավ նաև ԵՊՀ ՈՒԳԸ 1998-2001 թթ․ նախագահ, տեխ․ գիտ․ թեկն․, դոցենտ Ռուբեն Մարկոսյանը՝ կարդալով «Գիտական հրապարակումների դերն ու նշանակությունը ներկայացնելով ուսումնառության գործընթացում» թեմայով բանախոսություն:
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Մարիամ Տաշյանի «Մայրաքաղաքային գործոնի ազդեցությունը սերվիսում Արգավանդ համայնքի օրինակով» թեմայով հոդվածը ևս ընդգրկված է ժողովածուի մեջ:
Մեզ հետ զրույցում մատնանշելով ուսանողական տարիներին գիտական հոդված գրելու կարևորությունը՝ Մարիամը նշեց. «Հատկապես ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահները պետք է օրինակ լինեն կառույցի անդամների համար և գիտահետազոտական աշխատանքներ կատարեն: Կարելի է ասել՝ այդպիսի աշխատանքների միջոցով ամփոփում ես ստացածդ գիտելիքը: Այս առումով ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը տալիս է բացառիկ հնարավորություն առաջին քայլն անելու գիտական ոլորտում և դեռևս ուսանողական տարիներին ունենալու տպագրված հոդվածներ»:
Նշենք, որ ԵՊՀ ՈՒԳԸ ժողովածուի նոր հատորների շնորհանդեսի ավարտին միջոցառմանը ներկա բոլոր հոդվածագիրներն ստացան ժողովածուի մեկական օրինակ։