- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ 125-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԵՐԿՐՈՐԴ ՆԻՍՏԸ
Նոյեմբեր 24, 2022 | 16:05
Կրթություն
Գիտություն
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ 125-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԵՐԿՐՈՐԴ ՆԻՍՏԸ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում անցկացվեց «Չարենցն ու իր ժամանակաշրջանը» խորագրով եռօրյա գիտաժողովի երկրորդ նիստը:
Այս տարի նշվում է մեծանուն գրող Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակը: Հոբելյանական տարվա շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Երևանի պետական համալսարանի, Ե. Չարենցի տուն-թանգարանի, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի համագործակցությամբ անցկացվում է եռօրյա հանրապետական գիտաժողով:
Գիտաժողովի ընթացքում զեկուցումներ են ներկայացնում և՛ գիտնականներ, և՛ Երևանի պետական համալսարանի շրջանավարտներ: Ներկայացվում են նորագույն գրականության հինադրի՝ Ե. Չարենցի կյանքին ու գործունեությանը վերաբերող զեկուցումներ՝ նպատակ ունենալով նորովի գնահատելու և արժևորելու հայ մեծանուն բանաստեղծ Ե. Չարենցի կյանքը, ստեղծագործական ուղին ու գրական մեծ ժառանգությունը:
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, բ․գ․դ․, պրոֆեսոր Արծրուն Ավագյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ սերունդները դեռևս պետք է ուսումնասիրեն Ե. Չարենցի կյանքի ու ստեղծագործությունների անսպառ ու անհատակ խորքերը, և դա էլ մեր ազգային առաջընթացի կարևորագույն ուղենիշներից մեկն է:
Անդրադառնալով եռօրյա գիտաժողովի ընթացքում ներկայացվող զեկուցումներին՝ Ա. Ավագյանը նշեց. «Գիտական նստաշրջանում ընդգրկված է 40 զեկուցում: Սա խորհրդանշական է, որովհետև Եղիշե Չարենցն ապրեց ընդամենը 40 տարի: Բոլոր զեկուցումներում ներկայացվում են նրա անձնական, հասարակական, ազգային կյանքի էական հատվածներին վերաբերող ուսումնասիրություններ: Հավատացած եմ, որ այս գիտական նստաշրջանն էական ներդրում կլինի չարենցագիտության ասպարեզում»:
ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի դոցենտ Լիլիթ Սեյրանյանը գիտաժողովին ներկայացրել է ««Ես իմ անուշ…»-ի ընթերցման նոր փորձ» թեմայով զեկուցում: Մեզ հետ զրույցում ընդգծելով գիտական նստաշրջանում ներկայացվող զեկուցումների կարևորությունը՝ գրականագետն ասաց. «Լսելով ու վայելելով իմ ավագ, տարեկից և կրտսեր գործընկերների չարենցյան ընթերցումները՝ ես նորովի եմ գնահատում Չարենցի ստեղծագործությունները: Զեկուցողներից յուրաքանչյուրը փորձում է արժանի լինել Չարենցին, նրա մտածումին, խոհին, զգացումին ու հայրենազգացողությանը»:
Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գիտաժողովի կազմակերպական աշխատանքներն սկսվել են դեռևս նախորդ տարվանից: Անդրադառնալով գիտաժողովում թանգարանի մասնակցությանը՝ նա նշեց, որ թանգարանը նպատակ ունի իր համագործակցության շրջանակն ընդլայնելու և միշտ պատրաստ է համագործակցելու գիտակրթական կառույցների հետ:
ԵՊՀ մագիստրոս Գոհար Վահանյանը ներկայացրել է «Կանանաց կերպարային համակարգը Ե. Չարենցի «Նավզիկե» պոեմում» թեմայով զեկուցում: Խոսելով գիտաժողովին իր մասնակցությունից ու զեկուցվող թեմայի արդիականությունից՝ Գոհարը նշեց, որ իր համար ոչ միայն հաճելի ու հետաքրքիր, այլև պատասխանատու և պարտավորեցնող էր զբաղվել Չարենցի գրական գործունեության ուսումնասիրությամբ:
«Իմ համոզմամբ՝ առանձնահատուկ կարևոր է ուսանողների մասնակցությունը այսօրինակ գիտաժողովներին, որովհետև դրանց ընթացքում նրանք կերտում ու կերտվում են իբրև մասնագետներ, նոր գիտելիքներ են ձեռք բերում, և արդեն ունեցած գիտելիքների հիման վրա՝ նոր շերտեր են բացահայտում»,- հավելեց նա:
Նշենք, որ գիտաժողովի բացումը տեղի է ունեցել երեկ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության դահլիճում, իսկ երրորդ նիստը կկայանա վաղը՝ նոյեմբերի 25-ին, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում: Ներկայացված զեկուցումները կհրատարակվեն «Չարենցը և իր ժամանակաշրջանը» գիտաժողովի նյութերի ժողովածուում: