- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
Մարտ 22, 2022 | 16:47
Կրթություն
Գիտություն
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ նախաձեռնությամբ իրականացվում է «Creation and law» ամենամյա ծրագիրը: Այսօր «Իրավաստեղծ գործընթաց» խորագրով սեմինար-քննարկմամբ տրվել է դասընթացների փուլի մեկնարկը:
Ծրագիրը բաղկացած է մի քանի փուլից. առաջին փուլի շրջանակում դասախոսություններ են վարում ոլորտի փորձառու մասնագետներ, երկրորդ փուլում անցկացվում է երկօրյա կոնֆերանս, իսկ երրորդ փուլում՝ ԱԺ նիստ, որի ընթացքում ուսանողները հանդես են գալիս պատգամավորների դերում՝ ներկայացնելով իրենց կազմած իրավական ակտերը: Ծրագրի բուն նպատակն ուսանողներին իրավական ակտերի նախագծեր կազմելու հմտությունները սովորեցնելն է:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Գոհար Ավագյանն ասաց. «Լիահույս ենք, որ իբրև ԱԺ պատգամավոր հանդես եկող ուսանողների լավ առաջարկները հետագայում տեղ կգտնեն իրավական դաշտում: Կարևոր ենք համարում նաև այն, որ ծրագրին կարող են մասնակցել ԵՊՀ այլ ֆակուլտետների ուսանողներ»:
Դասընթացի բանախոսը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության անբիոնի դասախոս, ՀՀ արդարադատության նախարարության Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Տիգրան Դադունցն էր:
Բանախոսը նշեց իրավական ակտերի նախագծեր կազմելու մի քանի առանձնահատկություն. առաջինը ճիշտ կարիքի գնահատում իրականացնելն է, երկրորդը՝ միջազգային փորձի ուսումնասիրությունը, երրորդը՝ օրենսդրության՝ իրական տվյալների վրա հիմնված լինելը: