- Գլխավոր
- Նորություններ
- ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ ՈՒ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՐՑԱԽՅԱՆ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀԱՅԿԱԶ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 21-ԱՄՅԱԿԻՆ
Նոյեմբեր 01, 2021 | 15:11
Հասարակություն
ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ ՈՒ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՐՑԱԽՅԱՆ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀԱՅԿԱԶ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 21-ԱՄՅԱԿԻՆ
Հոկտեմբերի 31-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի են ունեցել Հուլիսյան մարտերի և Արցախյան 44-օրյա պատերազմի անմահ հերոս, ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ուսանող Հայկազ Մկրտչյանի ծննդյան 21-ամյակին նվիրված միջոցառում և հերոսի նկարների ու իրերի ցուցահանդես:
Հերոսին նվիրված հուշ-ցերեկույթին ներկա էին Հայկազի ընտանիքի անդամները, հարազատները, ընկերներն ու ուսուցիչները, հրամանատարներն ու մարտական ընկերները, Հայկազի սիրելի երգիչ-երգչուհիները:
Միջոցառման ընթացքում ներկայացվել է հերոսի կենսագրությունը, հրամանատարները, ընկերներն ու ուսուցիչները նրա մասին հուշեր են պատմել, Հայկազի սիրելի երգիչները հանդես են եկել կատարումներով:
Հայկազ Մկրտչյանի քույրը՝ Արևիկը, մեզ հետ զրույցում պատմեց, որ հուշ-ցերեկույթը նախաձեռնել են եղբոր մտերիմ ընկերներից մեկի հետ՝ որոշելով նրա ծննդյան 21-ամյակին ոչ թե սգալ, այլ հիշել Հայկազին այնպես, ինչպիսին նա կար՝ պայծառ ու լուսավոր. «Եղբայրս շատ էր սիրում իր ծննդյան օրը, անցյալ տարի անհամբեր սպասում էր, թե ով պետք է իրեն շնորհավորի, սակայն ծննդից երկու օր առաջ՝ հոկտեմբերի 29-ին, վիրավորվել է և 12 օր շարունակ անգիտակից վիճակում եղել: Ու քանի որ մենք ոչ մի կերպ չենք հասցրել եղբորս 20-ամյակը շնորհավորել, որոշեցինք նմանօրինակ միջոցառում կազմակերպել՝ իր հարազատ մարդկանցով, սիրելի երգերով ու նկարներով, քանի որ Հայկազը լուսանկարվել շատ էր սիրում»:
Հուշ-ցերեկույթին հրավիրված էին Հայկազի սիրելի երգիչները՝ Սոնա Ռուբենյանն ու Գոռ Սուջյանը, որոնց կատարումները սիրում էր հերոսը. «Հայկազը շատ էր լսում Գոռ Սուջյանի երգերը, հատկապես երբ տխուր էր լինում: Նրա հեռախոսի երգացանկում տեսանք, որ հոկտեմբերի 13-ին՝ Արցախ տեղափոխվելուց մեկ օր առաջ, վերջին լսած երգը եղել է Արսեն Սաֆարյանի «Հերոս տղերք» երգը, որը հավանաբար ուժ է տվել նրան»:
Ցուցահանդեսին ցուցադրվել են Հայկազի զինվորական լուսանկարները, մարտի դաշտից բերված իրերն ու անգամ այն ԱԹՍ-ի բեկորը, որից նա վիրավորվել է:
Հայկազ Զավենի Մկրտչյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից մարտական ծառայության հերթապահության շքանշանով: