- Գլխավոր
- Նորություններ
- «ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԵՐՆԻՍԱԺ». ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՊՀ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Ապրիլ 15, 2022 | 21:06
Կրթություն
Գիտություն
«ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԵՐՆԻՍԱԺ». ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՊՀ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի՝ ընդհանուր հոգեբանության ամբիոնն արդեն 10 տարի կազմակերպում է «Հոգեբանական վերնիսաժ» ցուցահանդեսը, որին ներկա են գտնվում հոգեբանական համայնքի ներկայացուցիչները:
Ֆակուլտետում հավաքվել էին շուրջ երկու տասնյակ հաստատության ու կազմակերպության ներկայացուցիչներ, որոնք աշխատանքի կամ փորձաշրջան անցնելու առաջարկ էին կատարում ուսանողներին՝ ապահովելով ուսանող-աշխատաշուկա կապը:
Ցուցահանդեսը կազմակերպել էին ֆակուլտետի մագիստրատուրայում սովորող ուսանողները. «Ցուցահանդեսի կազմակերպչական աշխատանքները սովորաբար համակարգվում են դասախոսների կողմից, սակայն ուսանողներն են որոնում, հրավիրում մասնակիցներին, կապ հաստատում նրանց հետ։ Մենք նպատակ ունենք հանրությանը ներկայացնելու հոգեբանական գիտության կիրառական հնարավորությունները»,- մեզ հետ զրույցում ասաց հ. գ. դ., պրոֆեսոր Հրանտ Ավանեսյանը։
Ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ավանեսյանը նշեց, որ իրենք ձգտում են կրթական տարբեր հաստատությունների հետ ընդլայնել համագործակցությունը և օգնել բակալավրիատի ու մագիստրատուրայի շրջանավարտներին աշխատաշուկայում ճիշտ կողմնորոշվելու հարցում։
Ուսումնական գծով պրոռեկտոր, ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի՝ ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ Էլինա Ասրիյանն ասաց, որ տարիներ առաջ ստեղծվել է ավանդույթ, որը բավականին հաջողված է. «Կարծում եմ՝ շատ կարևոր նախաձեռնություն է: Ցուցահանդեսը մի շարք գործառույթներ է իրականացնում. մեկ հարկի տակ է հավաքում հոգեբանական համայնքի ներկայացուցիչներին, բուհի ու գործատուի միջև կապ է հաստատում»:
Ընդհանուր հոգեբանության ամբիոնի դասախոս, ցուցահանդեսի համակարգող Դիանա Սարգսյանը կարևոր համարեց նշել, որ իրենց նպատակը մարդկանց հոգեբանությամբ գայթակղելը չէ, այլ հոգեբանության մասին ճիշտ պատկերացում տալը. «Կարևոր է հասկանալ՝ ինչ գիտություն է հոգեբանությունը, ինչ հնարավորություններ է ընձեռում, և ինչ ոլորտներում կարող են ուսանողները հետագայում աշխատել»: