- Գլխավոր
- Նորություններ
- ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՊՀ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Նոյեմբեր 24, 2021 | 17:59
Հասարակություն
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՊՀ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում կազմակերպել էր տեղեկատվական հանդիպում ուսանողների հետ։
Հանդիպման ընթացքում ուսանողներին ողջունեց Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանը, որը ներկայացրեց կենտրոնի կառուցվածքն ու գործունեությունը, անդրադարձավ իրենց կողմից կազմակերպած վարպետության դասընթացներին:
«Հարկ է նշել, որ կենտրոնը բավականին ակտիվ համագործակցում է ՀՀ-ի աշխատաշուկայի ամենահայտնի ընկերությունների հետ, պարբերաբար կազմակերպում է փոխայցելություններ»,- նշեց Լիլիթ Հակոբյանը:
Նա նաև փաստեց, որ կենտրոնի գործունեության շնորհիվ ԵՊՀ ուսանողները բացառիկ հնարավորություն են ստանում մասնակցելու տարաբնույթ դասընթացների, ձեռք բերելու աշխատաշուկայում նորանոր կապեր և փորձառություն:
Լիլիթ Հակոբյանն առաջարկեց ուսանողներին գրանցվել կենտրոնի տվյալների բազայում անհրաժեշտ տեղեկատվությունն առաջինը ստանալու նպատակով, ինչպես նաև խոսեց առկա թափուր հաստիքների, մասնագիտական պրակտիկաների հնարավորությունների, առաջիկայում նախատեսվող դասընթացների մասին. «Կենտրոնի կարևոր նպատակներից է ուսանողներին ծանոթացնել աշխատաշուկայի պահանջներին և մարտահրավերներին:
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը նույնպես բարձր գնահատեց կենտրոնի գործունեությունը՝ շեշտելով, որ կարևոր առաքելություն է գործատու-բուհ կապն ամուր պահելը:
Հանդիպմանը մասնակցում էին նաև Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի գործընկեր կազմակերպությունների («TAccount» ՍՊԸ և «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ) ներկայացուցիչները, որոնք, ներկայացնելով իրենց ընկերությունների պատմությունն ու գործունեությունը, հանդես եկան իրենց կազմակերպություններում առկա թափուր հաստիքների և պրակտիկայի մասին հայտարարություններով:
«TAccount» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Միլենա Հովակիմյանն էլ առանձնահատուկ շեշտեց, որ այս պահին իրենց ընկերությունում առկա է հաշվապահի մոտ 20 թափուր հաստիք, ԵՊՀ ուսանողները հնարավորություն ունեն մասնակցելու վարձատրվող պրակտիկաների, ինչպես նաև հետագայում աշխատանքի անցնելու:
Ուսանողներն իրենց դիմում-հայտերը կարող են ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ look@taccount.am՝ նշելով ԵՊՀ ուսանող: