- Գլխավոր
- Նորություններ
- «ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ՀՊԱՐՏ Է, ՈՐ ԱՋԱԿՑՈՒՄ Է ԵՊՀ-Ի ԵՎ ԱՐԻԶՈՆԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ ԱՅՍ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ»․ Ջ․ ՄՔԷՆԴՐՅՈՒ
Դեկտեմբեր 02, 2022 | 16:04
Կրթություն
Գիտություն
«ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ՀՊԱՐՏ Է, ՈՐ ԱՋԱԿՑՈՒՄ Է ԵՊՀ-Ի ԵՎ ԱՐԻԶՈՆԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ ԱՅՍ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ»․ Ջ․ ՄՔԷՆԴՐՅՈՒ
ԵՊՀ ամերիկյան հետազոտությունների կենտրոնի և միջազգային համագործակցության վարչության նախաձեռնությամբ կայացել է «Հայաստանը, Միացյալ Նահանգները և տարածաշրջանային փոխակերպումները Եվրասիայում. անդրազգային փոխըմբռնման ընդլայնում» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությունը։
Գիտաժողովի ժամանակ զեկույցներ են ներկայացնում ԵՊՀ երկարամյա գործընկեր Արիզոնայի պետական համալսարանի և Հայաստանի տարբեր համալսարանների ներկայացուցիչներ՝ նպատակ ունենալով քննարկելու ԱՄՆ-Եվրասիա երկխոսության առանձնահատկությունները՝ շեշտելով Հայաստան-ԱՄՆ փոխհարաբերությունների զարգացման ուղիները և մոտեցումները։
Միջազգային գիտաժողովին ողջույնի խոսքով հանդես եկան ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Ջեննիֆեր ՄքԷնդրյուն, Արիզոնայի պետական համալսարանի «Մելիքյան» կենտրոնի պրոֆեսոր Սթիվեն Բատալդենը և ՀՀ արտաքին գործերի նախարարության ամերիկյան երկրների վարչության պետ Արմեն Եգանյանը։
ԵՊՀ ռեկտորը, արժևորելով միջազգային գիտաժողովի դերն ու նշանակությունը առանցքային թեմաների վերհանման և քննարկումների համատեքստում, խոսեց համալսարանում գործող «Ամերիկագիտություն» մագիստրոսական ծրագրի արդյունավետության և ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի համար առկա առավելությունների վերաբերյալ։
«Միջազգային գիտաժողովն առանձնահատուկ նշանակություն ունի մի քանի առումներով․ հպարտությամբ արձանագրենք այն փաստը, որ «Ամերիկագիտություն» մագիստրոսական ծրագիրը Երևանի պետական համալսարանում գործող լավագույն կրթական ծրագրերից է, և Արիզոնայի պետական համալսարանի հետ այս համագործակցությունն ապացուցում է դրա արդյունավետության բարձր մակարդակը և ընդլայնվելու մեծ հնարավորությունները։ Արիզոնայի պետական համալսարան կատարած մեր այցի ժամանակ նույնպես քննարկել ենք ծրագրի զարգացման նոր մոտեցումներն ու ուղիները՝ այս գործակցությունն առավել համապարփակ և համընդրգկուն դարձնելու նպատակով»,- ընդգծեց Հ․ Հովհաննիսյանը։
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Ջեննիֆեր ՄքԷնդրյուն, շնորհակալություն հայտնելով գիտաժողովին մասնակցող հետազոտողներին, գիտնականներին և ուսանողներին ծրագրի բարեհաջող իրագործման և շարունակական բարելավման ուղղությամբ ներդրված ջանքերի համար, իր խոսքում նշեց․ «ԱՄՆ դեսպանատունը հպարտ է, որ աջակցում է ԵՊՀ-ի և Արիզոնայի պետական համալսարանի միջև այս գործակցությանը, որի նպատակն է կապել հայաստանյան և ամերիկյան կրթական ոլորտները, ընդլայնել համագործակցությունը, զարգացնել ծրագրում ներառված մասնակիցների հետազոտական կարողությունները, թարմացնել և բարելավել ուսումնական ծրագրերը, ինչպես նաև ներգրավվել համագործակցային հետազոտական նոր աշխատանքներում»։
Արիզոնայի պետական համալսարանի «Մելիքյան» կենտրոնի պրոֆեսոր Սթիվեն Բատալդենը, որը Երևանի պետական համալսարանի հետ համագործակցում է գրեթե 20 տարի, իր խոսքում նշեց․ «Ամերիկագիտության ոլորտի այս համագործակցությունը վկայում է ԱՄՆ-Հայաստան փոխհարաբերությունների կարևորության մասին։ Երկու համալսարանները գործադրում են հնարավոր ջանքերը ծրագրի շրջանակում զարգացնելու ազգային փոխըմբռնումն ու փոխլրացումը, ինչը կնպաստի ծրագրի արդյունավետության և արդիականության մեծացմանը»։
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ, «Ամերիկագիտություն» ծրագրի ղեկավար Ալեքսանդր Մարգարովը, ներկայացնելով մագիստրոսական ծրագրի առանձնահատկությունները և դրա շրջանակում կատարվող գիտահետազոտական աշխատանքները, մատնանշեց․ «Գիտաժողովը ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորած դրամաշնորհային ծրագրի մի մաս է, որն ունի մի քանի ուղղություն։ 2 տարի առաջ ստեղծված «Ամերիկագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի շրջանակում վերապատրաստումներ է անցել ծրագրում դասավանդող պրոֆեսորադասախոսական կազմը, ինչի շնորհիվ է նաև, որ արդեն ունենք 20 ուսանող։ Այս ծրագրում հետազոտական գործոնն առանձնակի մեծ է, և հենց դա է պատճառը, որ կենտրոնի հետազոտողների համար պարբերաբար հայտարարում ենք դրամաշնորհային ծրագրեր, որոնց թվում՝ այնպիսի ծրագրեր, որոնք բաց են ընդհանուր առմամբ Հայաստանում գիտահետազոտական գործունեություն ծավալելու համար»:
Մագիստրոսական ծրագրի ղեկավարը հավելեց, որ դրամաշնորհային ծրագրի արժանացած մասնագետները տպագրել են մոտ 20 հոդված և համալսարանում կազմակերպել են 15 սեմինարներ։
ԵՊՀ ամերիկյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վահագն Ագլյանը, խոսելով Երևանի պետական համալսարանում կենտրոնի և մագիստրոսական ծրագրի ստեղծման գաղափարի մասին, ասաց. «Գիտաժողով կազմակերպելու միտքն ունեցել ենք դեռևս 1 տարի առաջ՝ նպատակ ունենալով Արիզոնայի պետական համալսարանի փորձագետների և միջազգային ու տեղական այլ համալսարանների ներկայացուցիչների հետ համագործակցությամբ զարգացնելու և կիրառելու մեր գիտական ներուժը, ինչպես նաև ցույց տալու մեր փորձագիտական հանրության կարողությունները»։
Կենտրոնի տնօրենը ի լրումն նշեց, որ միջազգային գիտաժողովի հիմնական նպատակն է կազմակերպել թեմատիկ լայն ընդգրկում ունեցող ակադեմիական միջավայր, որտեղ գաղափարներ կփոխանակեն գիտնականները, հետազոտողներն ու ուսանողները, և կծավալվեն արդյունավետ քննարկումներ։
«Գիտաժողովի ավարտից հետո նախատեսում ենք հրատարակել դրա շրջանակում ներկայացված զեկուցումները ԵՊՀ-ի և Արիզոնայի պետական համալսարանի համատեղ հատորում»,- խոսքն ամփոփեց Վ. Ագլյանը։
ՀՀ արտաքին գործերի նախարարության ամերիկյան երկրների վարչության պետ Արմեն Եգանյանը, խոսելով հայ-ամերիկյան փոխհարաբերությունների՝ ռազմավարական նոր մակարդակի անցնելու մասին, նշեց. «Տարիների ընթացքում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ տնտեսական, անվտանգային, էներգետիկ, սոցիալական, դատական, իրավական, քաղաքական և կրթական ոլորտներին առնչվող խնդիրներ։ Հայ-ամերիկյան հարաբերություններն ունեն բարեկամական գործընկերության բնույթ և ներառում են ամենատարբեր բնագավառներ։ Ուշագրավ են Հայաստան-ԱՄՆ պաշտպանական համագործակցության շրջանակում իրագործվող կրթական տարբեր նախագծերը, որոնց նպատակն է զարգացնել ՀՀ կարողությունները խաղաղապահության բնագավառում, բարձրացնել փոխգործակցության մակարդակը և օժանդակել ՀՀ ԶՈՒ բարեփոխումների իրականացմանը»։
Հատկանշական է, որ երկօրյա գիտաժողովին, բացի Երևանի և Արիզոնայի պետական համալսարանների հետազոտողներից ու գիտնականներից, զեկուցումներ են ներկայացրել նաև Կալիֆոռնիայի պետական, Վալերի Բրյուսովի անվան պետական և Հայ-ռուսական համալսարանների ներկայացուցիչներ։
Նշենք որ ԵՊՀ-ում գործող «Ամերիկագիտություն» մագիստրոսական ծրագրի մանրամասներին հնարավոր է ծանոթանալ այստեղ: