- Գլխավոր
- Նորություններ
- «ՄՐՑՈՒՅԹՆԵՐՆ ՈՒՍԱՆՈՂԻ ՀԱՄԱՐ ՀԻԱՆԱԼԻ ԱՌԻԹ ԵՆ ՎԵՐԱՐԺԵՎՈՐԵԼՈՒ ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ». ԱՇՈՏ ՄԿՐՅԱՆ
Հունվար 26, 2023 | 14:38
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
«ՄՐՑՈՒՅԹՆԵՐՆ ՈՒՍԱՆՈՂԻ ՀԱՄԱՐ ՀԻԱՆԱԼԻ ԱՌԻԹ ԵՆ ՎԵՐԱՐԺԵՎՈՐԵԼՈՒ ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ». ԱՇՈՏ ՄԿՐՅԱՆ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող Աշոտ Մկրյանը մագիստրոսի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հայագիտական ոլորտում 2-րդ տեղի մրցանակակիր է: Աշոտի հետ զրույցը ուղենշում է, թե ինչ ճանապարհ է անհրաժեշտ անցնել լավագույն ուսանող ճանաչվելու համար:
Հետաքրքրված լինելով տարբեր ոլորտներով՝ Աշոտն ի վերջո ընտրել է լեզվաբանի մասնագիտությունը: Նրա կարծիքով՝ լեզվաբանությունը մարդու առջև բացում է մտածողության մեկ այլ դաշտ, օգնում այլ դիտանկյունից նայել կյանքում ի հայտ եկող բազմաթիվ հարցերի, ինչն էլ մասնագիտության մեջ նրան ամենաշատն է գրավում: Ասում է՝ այդօրինակ մտածողության ձևավորման և ոլորտի լավագույն մասնագետներից մեկը դառնալու ձգտումն էլ բերել է իրեն Երևանի պետական համալսարան:
Զրույցի ժամանակ Աշոտը վստահեցնում է` նմանօրինակ մրցույթներն ուսանողի համար հիանալի առիթ են վերարժևորելու սեփական կարողություններն ու գնահատելու անցած ուղին:
«Ոգևորիչ է մասնակցել այնպիսի մրցույթների, որտեղ ոլորտի մասնագետները գնահատում են ուսանողական տարիների ընթացքում կատարած աշխատանքդ, խրախուսում ձգտելու ավելիին»,- կարևորում է Աշոտն ու հավելում․ «Դեպի հաղթանակ տանող ճանապարհը բարդ էր ու միևնույն ժամանակ՝ հետաքրքիր և լի գիտական գործունեությամբ»:
Հատկանշական է, որ Երևանի պետական համալսարանում զարգացող գիտական միտքն Աշոտին գրավել է դեռ առաջին կուրսից: Ուսանողական գիտական ընկերությունը, նրա կարծիքով, լավ հարթակ է գիտության ասպարեզում առաջին քայլերն անելու համար: Ասում է՝ կառույցին անդամակցելով՝ ուսանողներն սկսում են մտածել գիտական հոդվածներ տպագրելու մասին, ինչը, ի դեպ, «Լավագույն ուսանող» մրցույթի կարևոր չափորոշիչներից է:
Խոսելով ուսանողական տարիներին գիտական մտածողությունը զարգացնելու կարևորությունից` Աշոտն ընդգծում է ԵՊՀ գիտնականների դերն ու նշանակությունը։
«Ուսանելու տարիներին դասախոսներիս ուղղորդմամբ հասցրել եմ հրապարակել գիտական 2 հոդված, որոնցից մեկը տպագրվել է Բեյրութում, մյուսը՝ Երևանում: Առհասարակ նրանք ինձ համար կյանքի ուսուցիչներ են, որոնք ոչ միայն մասնագիտական գիտելիքներ են տալիս, այլև հաջողության հասնելու բանալին…»,- ասում է նա:
Աշոտի համոզմամբ՝ ԵՊՀ դասախոսները մասնագիտության նվիրյալներ են և միաժամանակ ունեն իր համար կատարելատիպ համարվող մարդու կարևոր հատկանիշները:
- Նրանց փոխանցած բանալիով արդեն հասցրե՞լ ես հաջողության դռներ բացել,- հարցնում եմ` փորձելով հասկանալ՝ ստացած գիտելիքները գործնականում ինչպես է կիրառում:
- Այժմ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում դասախոսում եմ «Հայոց լեզու և խոսքի մշակույթ» առարկան: «Կրթական օվկիանոսի» մի կաթիլը լինելով՝ ձգտում եմ նպաստել ոլորտի զարգացմանը,- պատասխանում է նա՝ հայացքում ընդգծելով պատասխանատվության մեծ զգացումը:
Հատկանշական է, որ կրթական համակարգում բարեփոխումներ կատարելու գործում Աշոտը կարևորում է ուսանողների ներգրավվածության դերը: Նրա կարծիքով` հատկապես վերջին շրջանում սկսել է նկատելիորեն ընդգծվել ԵՊՀ-ի ուսանողակենտրոն լինելու փաստը:
Հարցին, թե, իր կարծիքով՝ ինչպիսի՞ն պետք է լինի ուսանողը, որպեսզի նշանակալի դեր ունենա կրթական համակարգում բարեփոխումներ կատարելու գործընթացում, Աշոտը նշում է. «Առանց ջանք թափելու հնարավոր չէ հասնել լուրջ հաջողության: Դրա համար նախևառաջ անսահման նվիրվածություն, ամուր կամք և ծով համբերություն է պետք ունենալ: Այդ հատկանիշներով օժտված է սերմնացանը, որը գիտի սերմը ցանելու, բերքը հավաքելու ժամանակը: Սերմնացան լինելով միայն կարող ենք հասնել մեր նպատակին…»:
Մարինե Մկրտչյան