- Գլխավոր
- Նորություններ
- ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂԸ ԿԱԶՄՈՒՄ Է «ԳՐԱԲԱՐԻ ԴԱՍԱԳԻՐՔ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ»
Նոյեմբեր 23, 2022 | 21:27
Կրթություն
Ուսանողական
ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂԸ ԿԱԶՄՈՒՄ Է «ԳՐԱԲԱՐԻ ԴԱՍԱԳԻՐՔ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ»
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի և Գիտական հետազոտությունների զարգացման կենտրոնի միջև կնքվել է փոխգործակցության հուշագիր, որի շրջանակում ֆակուլտետի ուսանող Էլեն Միրաքյանն աշխատանքի է անցել «Մխիթարեան նախակրթարան» զարգացման կենտրոնում: Էլենի հետ զրուցել ենք ներկայիս գործունեության, ԵՊՀ-ի տված կրթության ու ընձեռած հնարավորությունների և այլ թեմաների շուրջ:
Պատմում է Էլենը:
Ընդունվել եմ ԵՊՀ՝ վայրկյան իսկ չերկմտելով:
Ոգեշնչված լինելով Հայաստանի առաջին համալսարանում կրթություն ստացած մեծանուն գիտնականների գործունեությամբ՝ վստահ էի, որ միայն ԵՊՀ-ում կարող են արդարանալ սպասելիքներս՝ կապված կրթության և նպատակներիս իրագործման հետ: Հայ բանասիրության ֆակուլտետը եղել է իմ երազանքների կրթօջախը, մասնագիտությունս էլ մի ամբողջ կյանք է ինձ համար։ Վստահ եմ՝ լավ հայագետի ձեռքում է մարդու սիրտն ու հոգին բարեփոխող ներկապնակը:
ԵՊՀ-ն հիմնովին փոխել է իմ կյանքը:
ԵՊՀ-ում ձեռք եմ բերել բազմաթիվ ընկերներ, վայելել եմ ուսանողական-գիտական ակտիվ կյանք՝ միաժամանակ ստանալով մասնագիտական որակյալ կրթություն և գրանցելով անընդհատական աճ: Համալսարանում, հատկապես հայ բանասիրության ֆակուլտետում ընդլայնվում է մտահորիզոնդ, քանի որ այնտեղ դասավանդում են գիտելիք մատուցելու արվեստին տիրապետող այնպիսի գիտնականներ ու դասախոսներ, որոնց հետ շփումն օրավուր տասնապատկում է գիտելիքդ:
Համալսարանում ստացած բազմաբովանդակ գիտելիքի շնորհիվ ես, ուսումս դեռ չավարտած, ստացել եմ աշխատանքի առաջարկ:
Քանի դեռ սովորում եմ բակալավրի կրթական ծրագրում, «Մխիթարեան նախակրթարան» զարգացման կենտրոնում ներկայացված եմ որպես օգնական-պրակտիկանտ, իսկ համալսարանն ավարտելուց հետո կընդլայնվի գործունեությանս շրջանակը։ Աշխատանքի առաջարկն ստացել եմ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի և Գիտական հետազոտությունների զարգացման կենտրոնի միջև կնքված հուշագրի շրջանակում, ըստ որի՝ կողմերը միավորում են իրենց ջանքերն ընթացիկ հետազոտական աշխատանքներում ուսանողների ներգրավվածության ապահովման նպատակով։ Իսկ ես դեռևս առաջին և միակ ուսանողն եմ այդ ձևաչափում։
Կյանքը զարգանում է գիտության շնորհիվ։
Իմ համոզմամբ՝ չկա գիտություն, չկա բանականություն։ Գիտության զարգացման շնորհիվ մեր երկիրը կարող է հաստատուն տեղ ու դեր ունենալ աշխարհում։ Հայագիտության մեջ իմ ներդրումն ունենալու նպատակով ներգրավվել եմ ֆակուլտետի ՈՒԳԸ աշխատանքներում՝ ստանձնելով ընդհանուր հարցերի հանձնաժողովի պատասխանատուի պարտականությունները։
Պատրաստվում եմ ավարտական աշխատանքիս պաշտպանությանը:
Ավարտական աշխատանքիս թեման չափազանց պարտավորեցնող է և առանձնահատուկ. պրոֆեսոր, բ.գ.դ. Աննա Աբաջյանի ղեկավարությամբ կազմելու ենք «Գրաբարի դասագիրք տարրական դասարանների ուսուցիչների համար», որը դառնալու է իր տեսակի մեջ նորագյուտ Իրական (Ռեալական) դպրոցի՝ մեր ոսկեղենիկ գրաբարը հայ մանուկներին սովորեցնող ուսուցչի սեղանի գիրքը:
Նպատակս է արժանի լինել բանասերի վեհ կոչմանը:
Ոլորտով հետաքրքրված բոլոր դիմորդներին միանշանակ խորհուրդ եմ տալիս առանց երկմտելու ընդունվել ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ: Իմ կյանքի առանցքային կառույցի՝ ԵՊՀ-ի շնորհիվ, ձեռք բերելով մեծ փորձառություն և աշխատաշուկայում մրցունակ մասնագետ լինելու համար գիտելիքի առավելագույն պաշար, հասկացել եմ, որ երբեք չպետք է երկնչել, իսկ եթե նահանջել, ապա միայն ուժ հավաքելու և մեծ վճռականությամբ առաջ շարժվելու համար։
Կարինե Հովհաննիսյան